Լրահոս
Օրվա լրահոսը

1961-ին կառուցված Արցախի փողոցի թիվ 10 շենքի 8-րդ եւ 9-րդ շքամուտքերի

Փետրվար 21,2001 00:00

«Երեւի կգտնվի խղճով պատգամավոր» 1961-ին կառուցված Արցախի փողոցի թիվ 10 շենքի 8-րդ եւ 9-րդ շքամուտքերի բնակիչներն արդեն հինգ տարի է՝ բողոքում են։ Նրանք տարբեր դռներ թակելով իրենց վթարային շենքի վերանորոգման համար աջակցություն են աղերսում։ Սակայն իրենց բազում բողոք-դիմումներն արհամարհվում են։ Շենքի բնակիչները փաստում են, որ իրենց կյանքը վտանգված է։ Քանի որ 40-ամյա շենքի հիմնապատերից սկսած մինչեւ վերին հարկ ճաքեր են առաջացել։ Շենքի վթարային վիճակը 1997-ին նաեւ փաստել է Հայաստանի սեյսմիկ շինարարության եւ պաշտպանիչ շինությունների գիտահետազոտական ինստիտուտը։ Իր հետազննության հիման վրա, վերը նշված ինստիտուտի եզրակացության մեջ շեշտվել է, որ շենքի հիմքից մինչեւ տանիք առաջացել են տարբեր չափերի ճաքեր, որոնց պատճառով քարերը սկսել են տեղաշարժվել եւ շենքը սկսում է ձեռք բերել թեքություն։ Գրված է նաեւ, որ այդ շենքին անհապաղ անհրաժեշտ է երկաթբետոնե «շապիկներով» ամրացում։ Շենքի բնակիչները պատմեցին, որ իրենք նախ դիմել են Էրեբունու համայնքի նախկին թաղապետ Արարատ Խրիմյանին, որը իր նախընտրական շրջանում խոստացել էր 5 մլն դրամ տրամադրել շենքի հիմնովին վերանորոգման համար, բայց «…երբ հասավ իր պաշտոնին, խոստումը մոռացավ»,- ասացին բնակիչները։ Որից հետո նրանք դիմել են այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին եւ քաղաքապետ Վանո Սիրադեղյանին, որոնք էլ իրենց հերթին նամակը ուղարկել են Էրեբունիի թաղապետ Արարատ Խրիմյանին։ Այս անգամ թաղապետը պատճառաբանել է, որ պետությունը չի տվել համայնքին հասանելիք 60 մլն դրամ դոտացիան։ Սակայն մենք պարզեցինք, որ այն ժամանակ Էրեբունի համայնքը ստացել էր պետության կողմից տրվելիք 190 մլն դրամ դոտացիան։ Բնակիչները դեռ չեն հուսահատվում, նրանք գտնում են, որ դեռ կան «պաշտոնավոր խղճով մարդիկ»։ Իսկ մինչ որոնումները շարունակվում են, բնակիչների նորածին երեխաների անկողիններում գրեթե ամեն օր պատի ծեփի կտորներ են հայտնվում։ Վերին հարկի բնակիչների սենյակների եւ պահարանների դռները (շենքի ծռվածության պատճառով) չեն փակվում։ Նկուղում ջուր է հավաքվում։ Եվ եթե այսպես շարունակվի՝ 32 ընտանիք կմնա անօթեւան։ Եվ սա՝ լավագույն դեպքում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել