Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջին

Փետրվար 21,2001 00:00

Ի՞ՆՉ Է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԱՍՎԱԾԸ Վերջին շրջանում արտասահմանյան եւ ադրբեջանական մամուլում հայտնվեց ԵԱՀԿ համանախագահների առաջարկ-փաստաթուղթը «Ընդհանուր պետության» մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ընդհանուր պետությունը» եւ նրանով ի՞նչ կարգավիճակ է նախատեսված Ղարաբաղի համար։ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական եւ տարածքային կազմավորում հանրապետության տեսքով եւ կազմում է ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Կապերին նպաստելու եւ համատեղ գործողությունների կոորդինացման համար Բաքվում եւ Ստեփանակերտում ստեղծվում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցչություններ։ Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրականացմանը իր շահերին վերաբերող հարցերում։ Նման հարցերի շուրջ որոշումները կարող են ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Լեռնային Ղարաբաղի սահմանները կհամապատասխանեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններին։ Դրանց հնարավոր ճշտումները կամ փոփոխությունները կարող են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հատուկ փոխադարձ համաձայնությունների առարկա դառնալ։ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սահմանները երկկողմանիորեն բաց կլինեն երկուստեք՝ անզեն քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը վեճերի կարգավորման համար չեն օգտագործի ուժ կամ ուժ կիրառելու սպառնալիք։ Համատեղ հանձնաժողովի շրջանակներում անլուծելի վեճերի կամ տարաձայնությունների ծագման դեպքում կողմերը կարող են հարցնել ԵԱՀԿ գործող նախագահի խորհրդակցական կարծիքը, որը հաշվի կառնվի վերջնական որոշման ընդունման ժամանակ։ Լեռնային Ղարաբաղը կունենա իր Սահմանադրությունը՝ ընդունված հանրաքվեով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը վկայող փաստաթուղթ, կունենան Ադրբեջանի անձնագրեր՝ հատուկ «Լեռնային Ղարաբաղ» նշումով։ Միայն Լեռնային Ղարաբաղի կառավարությունը իրավունք կունենա այդպիսի անձնագրեր տրամադրել։ Լեռնային Ղարաբաղը կունենա կամավորական հիմունքներով կազմավորվող Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանության ուժեր։ Այդ ուժերը չեն կարող գործել Լեռնային Ղարաբաղից դուրս՝ առանց Ադրբեջանի կառավարության համաձայնության։ Հայոց լեզուն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնական պաշտոնական լեզուն, իսկ ադրբեջաներենը՝ երկրորդ պաշտոնական լեզուն։ Լաչինի միջանցքի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել հաղորդակցության ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղի կողմից Լաչինի միջանցքի օգտագործման մասին հարցը առանձին պայմանավորվածության առարկա կհանդիսանա, եթե Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի համաձայնությամբ Լաչինի շրջանի հատուկ ռեժիմին վերաբերող այլ որոշումներ չընդունվեն։ Լաչինի շրջանը պետք է մշտապես մնա ապառազմականացված գոտի։ Շուշի եւ Շահումյան քաղաքների վերաբերյալ Կողմերը համաձայնվում են, որ բոլոր ադրբեջանական փախստականները կկարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր Շուշի քաղաքում։ Նրանց անվտանգությունը կերաշխավորեն Լեռնային Ղարաբաղի համապատասխան իշխանությունները։ Նրանք կունենան Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ, այդ թվում՝ ստեղծել քաղաքական կուսակցություններ, մասնակցել բոլոր մակարդակների ընտրություններին. ընտրել, ընտրվել պետական եւ օրենսդիր մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ընդունվել պետական ծառայության, այդ թվում՝ իրավապահ մարմիններում։ Այդպիսի իրավունքներ կստանան նաեւ հայ փախստականները՝ վերադառնալով Շահումյան քաղաք։ Համաձայնագիր զինված հակամարտության դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս տեղակայված Հայաստանի ցանկացած ուժեր հետ են քաշվում այդ սահմաններից ներս։ Լեռնային Ղարաբաղի ուժերը հետ են քաշվում մինչեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) 1988թ. սահմանները, բացառությամբ Լաչինի շրջանի, մինչեւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել «Հաղորդակցության մասին» համաձայնագրի ընդունումը։ Այս դուրսբերման արդյունքում ազատված տարածքը կհանդիսանա բուֆերային գոտի եւ բաժանարար գոտի։ Ուժերի դուրսբերման ավարտից հետո բուֆերային գոտի ստեղծվում է ԼՂԻՄ 1988թ. սահմանների երկայնքով։ Լրացուցիչ պայմանավորվածության ձեռքբերման դեպքում այն կարող է նաեւ անցնել Լաչինի շրջանի սահմանների երկայնքով։ Բուֆերային գոտին մնում է չբնակեցված եւ ամբողջովին ապառազմականացվում է, բացառությամբ՝ ԵԱՀԿ խաղաղության պահպանմանն ուղղված գործողության էլեմենտների»։ 10.11.98 թ. Ներկայացրեց Մ. ԵՍԱՅԱՆ ԸԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, մեր հարցումին ի պատասխան, ասացին. «1998 թվականից մինչեւ այսօր փաստաթղթում որեւէ փոփոխություն չի եղել։ Հայաստանը եւ Ղարաբաղը ընդունել են փաստաթուղթը՝ որպես բանակցությունների վերսկսման համար հիմք, Ադրբեջանը չի ընդունել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել