Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ

Փետրվար 21,2001 00:00

ՎԿԱՅՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Մինչեւ վերջերս տպավորություն կար, որ Ազգային անվտանգության նախարարությունը հետախուզությանն եւ հակահետախուզությանն առնչվող տեղեկությունների մի հզոր բանկ է, որը, թերեւս, ԱԱ նախկին նախարար Ս.Սարգսյանի հզորության գլխավոր բաղադրիչն է։ Բայց 1999-ի «Հոկտեմբերի 27»-ի գործով 2000թ. մայիսի 16-ի նրա ցուցմունքներով այս տպավորությունը կարող է սասանվել։ Պարզվեց, որ ԱԱ նախարարությունն ու նրա ղեկավարը, համենայն դեպս, մինչեւ 99-ի հոկտեմբերի 27-ն այնքան էլ լավատեղյակ չեն եղել ոչ միայն երկրում տեղի ունեցող այն անցուդարձով, որը կարող էր օպերատիվ հետաքրքրություն ներկայացնել, ասենք «27»-ի մասով, այլեւ դեպքից հետո ԱԺ-ում ծավալված իրադարձությունների, պաշտոնյաների հեռախոսազրույցների եւ այլնի հանդեպ։ Սկսենք նրանից, որ Ս.Սարգսյանն իր իսկ ցուցմունքներով, մինչեւ 27-ի 23.30-ը չի էլ լսել Նաիրի Հունանյանի մասին, այն դեպքում, երբ, ըստ ԱԱՆ որոշ պաշտոնյաների, Ն.Հունանյանը մի քանի տարի այդ գերատեսչության ուշադրության կենտրոնում է եղել։ Պարզվում է նաեւ, որ ԱԺ-ում լինելով՝ նա Ալեքսան Հարությունյանին տեսել է հեռախոսով խոսելիս, բայց այդպես էլ չի իմացել, թե վերջինս ո՞ւմ հետ է խոսում։ Ցուցմունքից պարզվում է նաեւ, որ Ս.Սարգսյանը կատարելապես ոչինչ չգիտեր Ն.Հունանյան- Ա.Հարությունյան եւ Ն.Հունանյան-Ռ.Քոչարյան բանակցությունների բովանդակության մասին։ Լավ է, որ ԱԱ նախկին նախարարը գոնե տեղյակ է եղել, որ դրա նպատակը առանց զոհերի հանցագործության կանխումն էր։ Սակայն փաստ է, որ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած ողբերգությունից հետո, հատկապես ներքաղաքական հետագա զարգացումների իմաստով, էական նշանակություն ունեցան ԱԺ դահլիճից դուրս ծավալված իրադարձությունները։ Այս իմաստով առանձնապես հետաքրքիր է, թե ո՞վ էր եղել այն պաշտոնյան, որը դեպքից անմիջապես հետո դիմել էր ՌԴ իշխանություններին՝ ռուսական հայտնի «Ալֆա» գրոհային ջոկատին Հայաստան գործուղելու խնդրանքով։ Հարցադրումը, հավանաբար, ավելի քան կարեւոր է հատկապես այն պատճառով, որ նախագահի զինակիցներից մեկը, իբրեւ ահաբեկիչների ինքնագործունեության փաստարկ, մի առիթով պնդում էր. եթե նրանց թիկունքին իշխանությունները կանգնած լինեին, ապա վերջիններս պետք է նախեւառաջ փորձեին ահաբեկիչներին ոչնչացնել՝ հանցագործությունից անմիջապես հետո։ Իհարկե, մոսկովյան «Ալֆա» ջոկատի ժամանման հանգամանքը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Այսպես, ըստ ԱԱ նախկին նախարար Սերժ Սարգսյանի՝ 2000թ. մայիսի 16-ի ցուցմունքի, քանի որ ինքը հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտից Երեւան է հասել միայն ժամը 23.10-ին, ուստի սկզբնական պահին, կատարվածի մասին տեղեկանալով իր ենթականերից, որեւէ մեկին կոնկրետ հանձնարարական չի տվել, բայց հեռախոսակապով կարգադրել է իր տեղակալ Գոռ Հակոբյանին՝ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցառումները։ Ցուցմունքում նա չի մասնավորեցրել, թե այդ միջոցառումներն ինչի՞ն պետք է ուղղված լինեին, բայց փոխարենը հստակեցրել է՝ «Երբ եկա Երեւան, ՀՀ նախագահից իմացա, որ մոսկովյան «Ալֆա» ջոկատը հրավիրվել է անմիջապես օգնություն ցուցաբերելու համար»։ Քննիչի այն հարցադրմանը՝ ո՞ր պաշտոնատար անձի առաջադրանքով է բերվել հիշյալ ջոկատը եւ ի՞նչ նպատակով, այդպես էլ պատասխան չի եղել։ Իսկ հիշյալ ջոկատը, ըստ որոշ աղբյուրների, բաղկացած է եղել ավելի քան 50 հոգուց, այդ թվում՝ մասնագետներ, փորձագետներ, գրոհայիններ, որոնք հրամանի դեպքում, բնականաբար, գրոհելու էին դահլիճի վրա։ Ենթադրելի է, որ այդ դեպքում խոսել ահաբեկիչների կենդանի մնալու կամ հավելյալ զոհերից խուսափելու երաշխիքների մասին՝ դժվար էր լինելու։ Ի դեպ, ռուս մասնագետներն անգամ արդեն ձեռնամուխ են եղել գրոհի նախապատրաստական աշխատանքներին, բայց գտնվել է մեկը, որը կասեցրել է վտանգավոր գործընթացը։ Ըստ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ցուցմունքների, ԱԺ-ում գտնվել են «տաքգլուխներ», որոնք պնդել են, թե հարկավոր է գրոհել դահլիճի վրա։ Նույն Վ.Հովհաննիսյանի պնդմամբ, այդ գործողությունը կանխել են նախագահ Քոչարյանն ու առանձին պատգամավորներ։ Թե ովքեր են եղել «տաքգլուխները», Վ.Հովհաննիսյանի ցուցմունքից պարզ չէ։ Փոխարենը, ԱԺ-ում եղած ականատեսների վկայությամբ, «Ալֆային» «չեզոքացնելու» նախաձեռնությունը ոչ թե նախագահինը կամ ԱԱՆ ղեկավարությանն է եղել, այլ ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանինը։ ԱԱ նախկին նախարարի ցուցմունքներից պարզ է դառնում նաեւ, որ մինչեւ «27»-ը եւ դրանից հետո էլ ոչինչ չանելուց բացի նա պարբերաբար այցելել է ԱԺ նախագահի հանգստի սենյակ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել