ՀՀՇ-Ն՝ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ Օրերս ՀՀՇ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք հասկանում ենք վրացահայության, որպես տվյալ երկրում ազգային փոքրամասնության, ազգային ինքնության պահպանման, լեզվի, մշակույթի զարգացման, սոցիալական եւ այլ բնական խնդիրներն ու ձգտումները։ Գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել այդ խնդիրների նկատմամբ։ Բայց նաեւ համոզված ենք, որ դրանց իրականացման համար վստահելի հիմքեր են. – արդեն իսկ ձեւավորված հայ-վրացական միջպետական բարեկամական եւ քաղաքակիրթ հարաբերությունների եւ վստահության ամուր ձեւավորված ավանդույթը, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, – Վրաստանի զարգացման ճանապարհով երկրի սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրների արագ հաղթահարումը, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման սկսված գործընթացների խորացումը, – երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ համակեցության հարուստ անցյալը։ Տարածաշրջանային հակասությունների քաղաքական ճանապարհով լուծման, համագործակցության եւ անվտանգության համակարգերի ստեղծման փոխարեն Հայաստանի օրվա իշխանություններն անհեռանկար սառեցնում են եղած հակասությունները։ ՀՀՇ-ն դատապարտում է նույն այդ իշխանության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաեւ նրա քաղաքական հենարաններից մեկի՝ ՀՅԴ-ի կողմից վերջերս Ջավախքի հարցով հերթական անգամ հնչեցրած դրդիչ կոչերն ու ելույթները։ Հակասություններից պրկված տարածաշրջանում ամեն մի կայծ հղի է անկանխատեսելի հետեւանքներով, այդ դեպքում՝ առաջին հերթին Հայաստանի եւ Վրաստանի համար։ Մենք համոզված ենք, որ վրացահայությունը, ինչպես մինչ այժմ, այսուհետեւ եւս կպահպանի իմաստնությունը, տուրք չի տա գայթակղիչ որեւէ սադրանքի, չի դառնա արկածախնդրության գործիք։