Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ… ԳՐԵԼՈՒ ԵՆ

Փետրվար 20,2001 00:00

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ… ԳՐԵԼՈՒ ԵՆ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը նախորդ տարի էլ անզիջում համոզվածությամբ պնդում էր, որ դիմորդները պետք է նաեւ շարադրության քննություն հանձնեն։ Սակայն տեղի տալով հասարակական ճնշումներին ու բողոքներին, շարադրության առաջադրանքը միայն բանասիրության ֆակուտետ դիմածների համար նախատեսված թեստում տեղ գտավ։ Այս տարի այդ պահանջը ընդհանուր կլինի բոլորի համար. թե դպրոցի ավարտական, թե բուհի ընդունելության քննական թեստերում վերջին առաջադրանքը պիտի լինի շարադրություն գրելը։ Նախորդ տարի տրվում էր ոչ միայն շարադրության թեման, այլեւ այն բառերն ու բառակապակցությունները, որոնք գործածելով պիտի գրվեր շարադրություն՝ մեկ էջից ոչ պակաս ծավալով։ Իսկ չօգտագործված բառերի համար գնահատականից 0,1 միավոր հանվում էր։ Այս տարի ենթադրվում է, որ բառեր ու բառակապակցություններ այլեւս չեն տրվի, միայն թեման՝ թեեւ նախորդ տարբերակը ավելի էր ապահովագրում ծածկագրերից օգտվելուց, քանի որ նույնիսկ եթե թեմաները իմանում էին, տրվող բառերը անծանոթ էին լինում։ Ինչեւէ, առաջադրանքի պահանջները հստակ կլինեն, երբ քննատոմսի նմուշը հրապարակվի ԿԳՆ-ի պաշտոնաթերթում։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը «Առավոտում» խոստացել էր, որ փետրվարի կեսերին պատրաստ կլինի «Դիմորդ-2001» տեղեկագիրը։ Սակայն այն դեռ չի հրատարակվել։ Պարոն Ավետիսյանի հիմնավորմամբ, տեղեկագրի նյութերը հիմնականում պատրաստ են։ Միայն սպասում են, որ կառավարությունը հաստատի պետպատվերով ու վճարովի տեղերի թիվը։ Սակայն պաշտոնաթերթում դեռեւս չեն հրապարակվել թեստերի նմուշները՝ զրկելով հասարակությանն ու մասնագետներին դրանց մասին տեսակետ հայտնելու հնարավորությունից։ Փոխնախարարի հավաստմամբ, «Կրթության» առաջիկա համարներում դրանք կհրապարակվեն։ Այս դեպքում դժվար թե կարծիքների համար ժամանակ մնա։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել