ՀՕՄ-ը «պայթեցնողին»՝ 4 տարի Փետրվարի 14-ին եւ 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Վ. Լալայան, դատախազ՝ Գ. Աբրահամյան) լսեց ազատամարտիկ, Էջմիածնի բնակիչ, մեղադրյալ Հայկ Բաղդասարյանի գործը։ Նա մեղադրվում էր 2000թ. նոյեմբերի 8-ին «Հայ օգնության միություն» բարեգործական ընկերության գրասենյակում «ՌԳԴ-5» տիպի նռնակ պայթեցնելու համար։ Մեղադրանք էր առաջադրվել քրօրի 232 հոդվածով՝ ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար (մինչեւ 5 տարի ազատազրկում) եւ 96 հոդվածով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար (4-10 տարի ազատազրկում)։ Ըստ դատափորձագիտական եզրակացության, գրասենյակին հասցվել էր 2 մլն 830 հազար դրամի վնաս։ Ամբաստանյալը հաստատեց նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքը. – Իմ արարքը կարող էր սպեղանի դառնալ շատերին, այս գործողությամբ ցանկացել եմ հանրության ուշադրությունը հրավիրել ազատամարտում զոհվածների ընտանիքների ու հաշմվածների սոցիալ-տնտեսական հիմնահարցերին։ Հաշվի եմ առել այն, որ ոչ միայն զոհեր չլինեն (մարդկանց նախապես դուրս էի բերել ապահով տեղ եւ հարցրել՝ բոլորդ այստե՞ղ եք), այլեւ՝ վնասը քիչ լինի։ Ինչո՞ւ էր ամբաստանյալն ընտրել ՀՕՄ-ի գրասենյակը եւ ոչ մի այլ վայր. հարցին պատասխանեց, որ, իր կարծիքով, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն է կոչված նաեւ այդ գրասենյակը եւ ինքը այս հարցում ոչ մեկի հետ չի խորհրդակցել։ Հայկ Բաղդասարյանը զղջում էր (մի քանի անգամ նշեց) կատարվածի համար եւ, դատապարտելով իր իսկ արարքն, ասաց. – Արարքս ծայրահեղ միջոց էր ու թող ես վերջինը լինեմ նման ճանապարհով հարց բարձրացնելու տարբերակում։ Դատական նիստին մասնակցում էին Էջմիածնի կամավոր ջոկատի մարտիկներ եւ հրամանատար Հայկ Աբրահամյանը։ Նա հաստատեց, որ Հ. Բաղդասարյանը ՀՅԴ-ի ջոկատում մասնակցել է Հադրութի շրջանի Ցոր, Սարիշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Ի դեպ, այդ մասին էին նաեւ ՀՅԴ անդամներ Գյուլբենկյանի, Միրզախանյանի եւ 17 վիրավոր ազատամարտիկների անունից ներկայացրած գրությունները։ Դատապաշտպան Յ. Ավագյանի բերած այս միջնորդությունները ընդունվեցին եւ կցվեցին գործին։ Մինչ փետրվարի 16-ի դատավճռի արձակումը, հեռաձայնեցի ՀՕՄ-ի ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանին եւ հարցրի՝ արդյո՞ք մինչեւ վերջ ՀՕՄ-ը պահանջատեր է մնալու։ Տիկին Պետրոսյանը պատասխանեց, որ ավելորդ քաղաքական լարվածություն չստեղծելու նպատակով իրենք վնասի փոխհատուցում չեն պահանջել, անգամ քաղաքացիական հայց չեն ներկայացրել, սակայն ամեն ինչ օրենքով պետք է կատարվի։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ