Լրահոս
Օրվա լրահոսը

Գրագիտությունը ավելո՞րդ ծանրություն է

Փետրվար 20,2001 00:00

Գրագիտությունը ավելո՞րդ ծանրություն է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեմատիկայով հարցումներ անելու մտադրություն մինչեւ շաբաթ օրը չունեինք։ Սակայն մեր թերթում հայտնված նախագահի ձեռագիր մեկ նախադասությունը եւ այդ նախադասությունում հայտնված ուղղագրական սխալը ստիպեցին պատահական անցորդներից հետաքրքրվել, թե, առհասարակ, նախագահին գրագետ լինել պե՞տք է, եւ որքանով են նրանք գրագետ համարում մեր նախագահին։ Գրիգոր Ջանիկյան, գրող, հրապարակախոս- Ես տեղյակ չեմ նախագահի կրթությունից, բայց նրա վերջին տարիների գործունեությունը համարում եմ խորապես ազգային եւ հայրենասիրական։ Երբ Հայաստան էր եկել Յակով Զարուբյանը, նա հայերեն չգիտեր, բայց հայ ժողովրդի համար ահռելի մեծ հայրենասիրական գործեր արեց։ Ես շատ գոհ եմ մեր նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցից, բայց չգիտեմ՝ նա բարձրացրե՞ց Վարուժան Կարապետյանի հարցը Շիրակի մոտ, թե՞ ոչ։ Անահիտ Մանդալյան, տնտեսագետ- Մեր նախագահի գրագիտության աստիճանը շատ դժվար է որոշել։ Ինչ վերաբերում է նրա բանավոր կամ գրավոր խոսքին, չեմ կարծում, թե երկուսից մեկին նորմալ տիրապետում է։ Խոսելիս նոր, մոդայիկ բառեր է գործածում, իսկ գրելուց չեմ տեսել։ Սամվել Սմբատյան, ռեժիսոր- Հայերենը լավ չի։ Անգլերեն ավելի լավ խոսեց, քան հայերեն է խոսում։ Լյուբով Վիրաբյան, մանկավարժ- Ռոբերտ Քոչարյանը բավական աշխատել է իր լեզվի վրա. առաջ մինչեւ ռուսերենից թարգմանում էր հայերեն, լարված, ձգված միմիկայով էր խոսում։ Այսօր նա հաղթահարել է։ Ցանկացած նախագահ, եթե ես էլ ընտրվեմ, պետք է իմ թերությունների վրա աշխատեմ։ Սեդա Կարապետյան, բանասեր- Այս մի տարվա ընթացքում նախագահը կարողացավ բավականին հարթեցնել լեզուն, բայց դա չի նշանակում, թե նա արդեն տիրապետում է հայոց լեզվին. ոչ բանավոր, ոչ էլ, մանավանդ, գրավոր։ Թերթերից մեկում նրա ցուցմունքից տող էր սպրդել, այն էլ սխալներով։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել