Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Փետրվար 20,2001 00:00

Ակն ընդ ական, մտրակն… ընդ ատաման Երեկ մենք հանդիպեցինք «Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի գերագույն ատաման, գեներալլեյտենանտ Կարապետ Զադոյանի հետ։ «Առավոտում» (հունվարի 25) ՌԴ «Երկրամաս» թերթից արտատպվել էր «25 մտրակ Զադոյանին» լուրը, ըստ որի, հայտնվում էր, թե «ՀՀ քաղաքացի Կարեն Զադոյանը յուրահատուկ բիզնես էր դրել Կրասնոդարի մարզում՝ վաճառելով կազակների սպայական կոչումներ»։ Կազակների ատաման Կովալենկոն էլ «հրաման» էր արձակել, թե «սրիկա Զադոյանը պետք է բռնվի եւ պատժվի 25 մտրակով»։ Հրամանն, ըստ այդ տեղեկատվության, պետք է իրականացներ գերագույն ատամանի տեղակալ Համլետ Բաղդասարյանը։ Կարապետ Զադոյանը մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը Կրասնոդարի մարզում «6 տարի է, ինչ գոյություն չունի»։ Ատամանը հայտնեց, որ ինքը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված (21 հունիսի 1999թ.) կազմակերպության նախագահն է։ Ինչ վերաբերում է մեղադրանք պարունակող հայտարարությանը, թե սպայական կոչումներ է վաճառում, պրն Զադոյանը մեզ ներկայացրեց Մոսկվայի կազակական կորպուսի նախագահության որոշումը, ըստ որի, իրենք իրավունք ունեն մինչեւ փոխգնդապետի կոչումներ տալու։ – Ինչո՞ւ Մոսկվայից ուղարկված որոշումը պետք է դառնա Հայաստանում գրանցված կազմակերպության գործունեության հիմքը։ Մեր հարցին ի պատասխան, գերագույն ատամանը հայտնեց, որ ինքը հանդիսանում է Կազակական կորպուսի հրամանատարը (4 տարով ընտրված)։ Կ. Զադոյանը ասաց նաեւ, որ դիմել է «Երկրամաս» թերթին (երբ լուրն «Առավոտից» իմացել է), պահանջելով հերքում։ Որքան հասկացանք, կռիվը կշարունակվի հատկապես «Ինտերնետում»։ «Քանի որ թերթը չի իմանում ո՞վ է Զադոյանը, իրենից ի՞նչ է ներկայացնում» խոսքին նրբանկատորեն հակադարձեցինք. ո՞վ է Զադոյանը։ – Զադոյանը օրինական կադրային սպա է եղել, պաշտպանության նախարարության ղեկավարներից մեկը, ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից,- պատասխանեց նա։ Վերջինս հայտնեց, որ չհերքելու դեպքում ինքը դատի է տալու «Երկրամասին»։ – Իսկ 25 մտրակին դո՞ւք էլ եք մտադիր… մտրակով պատասխանել։ – 25 մտրա՞կ։ Նա իր պատիժն արդեն ստացել է. ուղեղը ճիշտ չի աշխատում։ Ես զարմանում եմ, որ «Երկրամասում» տպագրվում է վերոնշյալ ատամանի զրպարտությունը, մեկի, որն ատամանական շարքերից վռնդվել է (18.08.99թ., «հոգեւոր եւ քաղաքացիական հանցագործության» համար՝ եկեղեցու կողմից- Ռ. Մ.)։ – Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր հակափաստարկը կոչումներ վաճառելու մասին նրա հայտարարության։ – Եթե Զադոյանը այդպիսի, շատ կներեք, գրքույկներ է վաճառել, թող մի հատ գրքույկ բերեն եւ ասեն, պրն Զադոյան, սա քո վաճառած գրքույկն է եւ ինձ պատժեն կամ իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն։ Ես կարող եմ պատժվել այնտեղի օրենքներով, բայց ոչ՝ Կովալենկոյի տված հրամանի օրենքներով՝ մտրակներով։ Մեր զրույցի ավարտին զրուցակիցս իմիջիայլոց նշեց, որ ինքը ոչ թե Կարեն Զադոյանն է, ինչպես գրվել էր «Երկրամասում», այլ Կարապետը եւ իր մտահոգությունը հայտնեց հնարավոր Կարենների համար եւս։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել