ԵՐԳՉՈՒՀՈՒ «ՔԱՂԳՈՐԾՆ՝ ԸՍՏ ՀԱՑԻ» Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Մարկոսյանը, մշտական բնակություն հաստատելով Երեւանում, վարձակալել էր մի խանութ (Կասյան 5), զբաղվում էր առեւտրով։ Ծանոթանում է Ալիս Հեքիմբաշյանի հետ (նույն ինքը՝ երգչուհի, դերասան, դասախոս) եւ տեղեկանալով, որ «Ա. Հեքիմբաշյանը վարկեր է տրամադրում, ընդունել եմ նրա առաջարկը՝ 8 ամիս ժամկետով նրանից ստանալով 12 հազար դոլար վարկ»։ Դրա դիմաց Ա. Մարկոսյանը գրավ է դնում Արշակունյաց փողոցի 3 շենքի 11 հասցեում գտնվող իր 3 սենյականոց բնակարանը (Էրեբունու պետնոտարական գրասենյակում Անդրանիկի կինը եւս տալիս է իր համաձայնությունը առ այն՝ «որպեսզի իմ ամուսին Անդրանիկ Մովսեսի Մարկոսյանը գրավ դնի մեր համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերած բնակարանը»)։ Անդրանիկ Մարկոսյանը հետագայում, թե դատարանում, թե ՆԳ բաժնին ու թե դատախազությանն ուղղված իր բացատրություններում պնդում է, որ յուրաքանչյուր ամիս վճարել է 540 դոլար գումար (4,5%-ով)։ «Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո շարունակելով վճարել, 1997թ. ապրիլի 14-ին Ա. Հեքիմբաշյանից վերցրածս 12 հազար ԱՄՆ դոլարի դիմաց մինչեւ 1999թ. հուլիս նրան եմ վերադարձրել 16.157 ԱՄՆ դոլար»։ Խանութում, ի դեպ, պահվում էր հաշվեմատյան (ըստ գործով վկա խանութի աշխատակիցների), որտեղ յուրաքանչյուր ամիս գրվում էր ստացվող գումարի չափը, ստանալու ամսաթիվը եւ ստորագրությունը։ Օրերից մի օր հափշտակվում է այդ տետրը («գումարը հավաստող գրավոր ապացույցը իմ տիրապետությունից դուրս է»)։ Բնականաբար, հետեւում է սունդուկյանական պիեսներից մեկի հերոսի ինքնաժխտման համահունչ հեքիմբաշյանական երկխոսությունը. «Պարտ իս դուն»։ Կաթված է ստանում Ա. Մարկոսյանը, իսկ Հեքիմբաշյաններն էլ դիմում են Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ 16.300 ԱՄՆ դոլար գումարի պահանջով։ (Հետաքրքիր է, որ որոշ դատական փաստաթղթերում առկա սխալների մեջ աչքի զարնողը սա էր. «քաղգործն ըստ հացի»)։ Մարկոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Է. Աղաջանյանը վիճարկում է դատարանի ընդդատության հարցը, գտնելով, որ այն պետք է լսվի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Քանզի առկա էր նաեւ Կենտրոն թաղապետարանի այն գրությունը (22.06.2000թ.), ըստ որի «Արշակունյաց փողոցի 3 հասցեի շենքը գտնվում է Կենտրոն համայնքի վարչական տարածքում»։ Ա. Մարկոսյանը մինչ այդ դիմում է Երեւանի դատախազ Ա. Թամազյանին՝ խնդրելով քրգործ հարուցել եւ «պատասխանատվության ենթարկել անձնական փաստաթուղթ հանդիսացող ու շուրջ 15 հազար դոլար արժեք ներկայացնող տետրը հափշտակած անձանց» նկատմամբ եւ Էրեբունի, Նուբարաշեն համայնքների ՆԳ բաժին, միայն թե ավելացնելով. «Ա. Հեքիմբաշյանին ենթարկել պատասխանատվության ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելու համար»։ Կենտրոն դատարանն էլ այս տարվա հունվարի 12-ին քննեց Ալիս Հեքիմբաշյանի հայցն ընդդեմ Անդրանիկ Մարկոսյանի 14.600 դոլարի բռնագանձման եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, որին հետեւում է իրանահայ Ա. Մարկոսյանի հակընդդեմ հայցը Ա. Հեքիմբաշյանի դեմ, նաեւ՝ նոտարական գրասենյակի՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Ալիս Հեքիմբաշյանի հայցը բավարարվում է մասնակի (թեեւ չի երեւում, թե մասնակի է բավարարվել, այլ ամբողջովին է)՝ 14.600 դոլար գումարի բռնագանձման վճիռ կայացնելով բռնագանձումը տարածվում է Մարկոսյանների բնակարանի վրա։ Ինչ վերաբերում է գրավի պայմանագիրը չեղյալ համարելուն՝ Ա. Մարկոսյանի հայցը քննվում է դատարանում առանց Էրեբունու նոտարական գրասենյակի ներկայացուցչի մասնակցության։ Հետաքրքիր է, որ ըստ փոխադարձ կնքված «գույքի գրավի պայմանագրի», գրավ դրված գույքի արժեքի գնահատումը պետք է կատարվեր միմիայն կողմերի համաձայնությամբ, իսկ վաճառքի դեպքում «առանց պետարբիտրաժ կամ դատարան մտնելու»։ Հետեւաբար, դատարան մտնելու հարցը Ա. Հեքիմբաշյանի մոտ առաջացավ այն ժամանակ, երբ Իրանի քաղաքացին քրպատասխանատվության կանչելու խնդրագրերով սկսեց դիմել դատախազական մարմիններին… Ռ. Մ.