Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 2-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, Հնդկաստանի Գուջարատ նահանգի Ահմեդաբադ քաղաք մեկնած Սեյսմիկ պաշ

Փետրվար 20,2001 00:00

Հայ փրկարարների արկածները Հնդկաստանում Փետրվարի 2-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, Հնդկաստանի Գուջարատ նահանգի Ահմեդաբադ քաղաք մեկնած Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԱԾ) Արագ արձագանքման ուժերի կազմավորումը (ԱԱՈՒԿ) փետրվարի 17-ին վերադարձավ հայրենիք։ Ինչպես գիտենք, վերջիններս Հնդկաստան էին մեկնել երկրաշարժից տուժած բնակչությանը օգնելու համար։ Սեյսմոլոգներից, ինժեներ-գեոտեխնիկներից, երկու բժիշկ եւ մեկ հոգեբանից, այդ թվում՝ նաեւ Վանդա անունով շնից կազմված հայ փրկարարների 18 հոգիանոց համալիր ջոկատը, ՀՀ ՍՊԱԾ-ի պետ Սերգեյ Բալասանյանի խոսքերով՝ «հսկայական հերոսական աշխատանք կատարեց աղետի գոտում»։ Ինչպես տեղեկացվեցինք, փրկարար ջոկատը փրկարարական աշխատանքներ չի կատարել, իսկ բժիշկներն ու հոգեբանը ջոկատին են միացել սոսկ ջոկատի անվտանգությունն ապահովելու համար։ Ճիշտ է, թեեւ առիթ չի եղել, որպեսզի հոգեբանը կատարի իր «մասնագիտական» պարտականությունները, սակայն, ինչպես ՍՊԱԾ-ի ԱԱՈՒԿ-ի ղեկավար Սերգեյ Նազարեթյանն ասաց, նրա վրա (հոգեբանի- Հ. Մ.) ուրիշ կարեւոր ֆունկցիա էր դրված. «Բացի օգնություն ցույց տալուց, մենք հավաքել ենք հսկայական նյութեր։ Հոգեբանը տեսախցիկով նկարահանում էր քանդված շինությունները»։ (Ի դեպ, հոգեբանի դերը ստանձնել էր Սեյսմիկ պատպանության ազգային ծառայության բնակչության սեյսմիկ պաշտպանության վարչության պետ, կրթությամբ ոչ հոգեբան Ռուբեն Օհանջանյանը- Հ. Մ.)։ Տեղեկացանք, որ հայ ինժեներ-շինարարները զննել են մոտ 200 շենք եւ տվել համապատասխան եզրակացություններ։ Փրկարարական խումբը տեղի հրշեջ ծառայության հետ համատեղ մասնակցել է 14 կիսախարխուլ շենքերի ապամոնտաժմանը։ «Հայաստանի պարտքն էր անհապաղ օգնություն ցուցաբերել Հնդկաստանին։ Առաջինը հումանիտար օգնությունն էր, իսկ Հայաստանը այդ կարողությունն ունի։ Մեզ համար անչափ կարեւորը ոչ թե միայն աշխարհին ցույց տալն էր, որ Հայաստանը կարող է օգնություն ցույց տալ, այլեւ, որ հնարավորություն ունի մասնագիտական օգնություն ցուցաբերել նրանց»,- ասաց Ս. Բալասանյանը։ Այդ առումով նա անթաքույց հպարտությամբ նշեց, որ Հայաստանը բոլոր երկրներից միակն է՝ որպես փորձված երկիր, քանի որ ունեցել է Սպիտակի երկրաշարժ։ Նշենք, որ ջոկատը Հնդկաստան էր մեկնել կառավարության տրամադրած 14 մլն դրամով եւ 15 օր մասնակցել էր փրկարարական աշխատանքներին։ Տեղական իշխանությունների խնդրանքով հայ մասնագետները պատրաստել են նախնական հաշվետվություն՝ աղետի գոտու հետագա վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների մասին։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել