Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Պարույր Հայրիկյանին

Փետրվար 20,2001 00:00

Քի՞չ էր հոկտեմբերի 27-ը Բաց նամակ Պարույր Հայրիկյանին Վաղուց էի ուզում հայտնել իմ խոր հիասթափությունը քեզանից եւ որքան եմ ափսոսում այն զգացմունքների համար, որ Յուրան եւ ես ժամանակին ունեցել ենք քո նկատմամբ։ Որքան կեղծ է մարդու իրավունքների պաշտպանի քո կերպարը, որքան պաշտոնամոլ եւ ինքնասիրահարված մարդ ես դու։ Վերջին ասուլիսում արած քո արտահայտությունները մեր նահատակ առաջնորդների մասին՝ ոչ այլ ինչ է, քան հիշաչարություն այն բանի համար, որ ժամանակին չեն ընդունվել ո՛չ Կ. Դեմիրճյանի, ո՛չ էլ Վ. Սարգսյանի կողմից։ Դու Ն. Հունանյանի նման մի «օբիժնիկ» ես, որի արարքը, ժողովրդական լեզվով ասած, սիրտդ հովացրեց։ Չես կարողանում նույնիսկ թաքցնել ներքին հրճվանքդ եւ փորձում ես բացատրություն տալ մարդասպանների արարքին։ Սակայն իմացի՛ր, ովքեր այսօր նույնիսկ թեթեւակիորեն կփորձեն բացատրություն տալ այդ ստահակների արարքին, առավել քան դավաճան են։ Կնշանակի՝ նրանք ուզում են շարունակել այն չար ուժերի գործը, ովքեր կանգնած են դրանց հետեւում։ Դրանք սպանեցին ոչ միայն անձանց, այլեւ իշխող քաղաքական ուժը, որը իսկապես ժողովրդի մեծամասնության վերջին հույսն էր՝ սանձելու թալանչիներին, ուզում էր գնալ առավելագույնս օրինականության ճանապարհով, խոստանում էր տնտեսական վերելք, պետության հեղինակության բարձրացում ո՛չ թե հաճոյանալու, այլ արժանապատիվ ճանապարհով։ Եվ սա ոչ թե պետական հեղաշրջման փորձ էր, այլ պատվիրված քաղաքական սպանություն։ Դիտավորյալ սպանվեցին ոչ միայն առաջնորդները, այլեւ «պատահական գնդակները» գտան հատկապես նրանց համախոհներին, զինակիցներին, Դաշինքի մտավորական եւ նվիրյալ այն մարդկանց, որոնք առաջնորդների հետ ստանձնել էին իշխանության քաղաքական պատասխանատվությունը։ Ինչպե՞ս է, Պարույր, որ երբե՛ք չես հիշում մյուս նահատակներին, չես հարցնում, թե նրանց սպանությունը ինչպե՞ս պիտի հիմնավորի մարդկային այդ տականքը։ Օրինակ, դու ինչպե՞ս ես բացատրում Բախշյանին ստուգողական կրակոցով սպանելու փաստը՝ ելնելով Ն. Հունանյանի խզբզոցի քո՛ ուսումնասիրությունից։ Դո՛ւ, մարդու իրավունքների պաշտպանդ, որ ո՛չ մի օր չհետաքրքրվեցիր զոհվածների ընտանիքներով, չհարցրիր՝ մեր իրավունքները պաշտպանող ունե՞նք, թե՞ ոչ, ինչո՞ւ նման փութաջանությամբ վազեցիր պաշտպանելու մարդասպանների իրավունքները։ Դու եւ քո գործընկերը հայտարարում եք, թե մեկուսարանում նրանց վատ են պահում, բռնություն են կիրառում, հիվանդացել ու մենակությունից գժվում են, բայց բոլորս տեսանք նրանց պարարտ ձեռքերը։ Ավելին, պարզվեց՝ ԱԱ մեկուսարանը ձրի հիանալի կրթություն է տվել Ն. Հունանյանին, ինչպես ժամանակին քեզ։ Ինչո՞ւ որեւէ անգամ չհետաքրքրվեցիր գոնե Յուրայի ընտանիքով, որին ճանաչում էիր մոտիկից։ Իմացա՞ր, արդյոք, որ Յուրայից 19 օր հետո վշտից հանկարծամահ եղավ հայրս, որը, ինչպես խոստովանել էր քրոջս, պարզապես ամաչեց ապրել Յուրայից հետո, վշտին չդիմացավ նաեւ Յուրայի մայրը, ծանր ապրումներից վաղաժամ ծննդաբերեց աղջիկս, թոռնիկս ծնվեց բազմաթիվ պրոբլեմներով եւ ապրեց ընդամենը 50 օր։ Այսքանը դեռ միայն իմ ընտանիքում։ Հապա մյուս 7 ընտանիքնե՞րը, հապա որբացած ժողովո՞ւրդը, հապա հեղինակազրկված պետությո՞ւնը։ Քանի՞ տասնամյակ հետ ընկանք։ Եվ դու փորձում ես Նաիրիի հիվանդ մտքերի խոսնակը լինել։ Այսօր ժողովուրդը ավելի վատ վիճակում է եւ նման վերլուծություններ անողներ՝ որքան ասես։ Ի՞նչ ես հրահրում, ինչ է, քի՞չ էր քեզ համար հոկտեմբերի 27-ը։ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել