Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Փետրվար 20,2001 00:00

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՀԱՅԵՐԻՑ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ» Հարցազրույց «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ, ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ ԱԺ «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ, ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը խմբի այլ անդամների հետ առայժմ դուրս չի եկել ՀՀԿ-ից։ Մի տեսակ սպասողական վիճակ է։ Փարիզ մեկնելուց առաջ նախագահ Ռ. Քոչարյանը «Հայաստան» պատգամավորական խմբին հրավիրել էր զրույցի։ Ըստ ամենայնի, նախագահը ձգտել է ժամանակին «Միասնություն» խմբակցությունից հեռացած եւ առանձին խումբ կազմած երկրապահներին համոզել, որ «Միասնությունը» համատեղ ջանքերով քանդվի։ Թե ի՞նչ են պատասխանել երկրապահները, ոչ ոք հստակ չգիտի։ Սասուն Միքայելյանը նախագահի հետ հանդիպմանը մասնակցե՞լ է. «Ոչ, ես չեմ մասնակցել»։ Թե ինչո՞ւ չի մասնակցել, պրն Միքայելյանը չասաց, իսկ մեր հարցին՝ որքանո՞վ են հավաստի լուրերն այն մասին, որ նախագահը մտադիր է եւ փորձում է «Միասնությունը» քանդել, պրն Միքայելյանը պատասխանեց. «Որոշակի հարցերում պարզ երեւում է, որ դաշինքն այսօր տանում է հարմարվողական քաղաքականություն»։ Կոնկրետ ո՞ր հարցերում. «Կադրային հարցերում, ինչ-որ տեղ չի գնահատվում գործադիր մարմիններում արդարությունն ու ազնվությունը։ Սրանք ետին պլան են մղել եւ, ընդհանրապես, ոչ միայն «Միասնություն» դաշինքում, այլեւ հանրապետությունում տարվում է մի տեսակ անցյալի արժեքները չգնահատելու քաղաքականություն, որը բերում է հավատի մեծ անկման։ Դարեր ի վեր հավատն է պահել ժողովրդին, հիշենք 92-93 թթ., ի՞նչ վիճակում էր ժողովուրդը։ Բայց հավատը հաղթանակեց, եւ մենք կարողացանք ծանր վիճակից դուրս գալ։ Այդ հավատն այսօր չկա, կամ կամաց-կամաց ուզում են սպանել»։ Թերեւս, ժողովրդի հավատը գլխատվեց հենց հոկտեմբերի 27-ին։ Սկսված է դատավարությունը։ Կա՞ն սպասելիքներ, եւ արդյո՞ք դատավարության ընթացքում հնարավոր է լուրջ քաղաքական շարժում. «Հնարավոր է, ընթացքը ցույց կտա։ Այսօր ամբողջ հայ ժողովուրդն է սպասում դատավարության ընթացքին։ Եթե դատավարությունը սխալ ճանապարհով գնա, ժողովուրդը կարձագանքի»։ Պրն Միքայելյանը թեպետ ասաց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունից լուրջ սպասելիքներ չունի, բայց միաժամանակ հույս է փայփայում, որ «հայերը մի քիչ ուրիշ տեսակ ժողովուրդ են։ Ամեն ինչ սիրում են առաջինն անել։ Եվ չնայած աշխարհը սովոր է, որ քաղաքական սպանությունները սովորաբար չեն բացահայտվում, ես չեմ բացառում, որ «Հոկտեմբերի 27»-ի լիարժեք եւ արդար բացահայտմամբ եւս հայերն աշխարհում առաջինը կլինեն որպես քաղաքական սպանությունները բացահայտող ազգ։ Կարծում եմ, հայերն ուժ կգտնեն այդ բանն անել, քանի որ աշխարհում շատ բաներ առաջինը հայերից է դուրս գալիս»։ Ի դեպ, դատավարության մասին խոսելիս, Սասուն Միքայելյանը հարկ համարեց անդրադառնալ նախագահին առընթեր մի խնդրի՝ Պարույր Հայրիկյանի հայտնի ասուլիսին եւ դրանում հնչած մտքերին։ Պարոն Միքայելյանի պնդմամբ՝ Պարույր Հայրիկյանը փոխանակ մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերով զբաղվելու, իրեն իրավունք է վերապահում գնահատականներ տալ ժողովրդի անցյալին։ ԵԿՄ անդամը հարկ համարեց ասել հետեւյալը. «Ես ցանկանում եմ խորհուրդ տալ Հայրիկյանին, որ նա իր բարբաջանքներում հանգիստ թողնի մեր նահատակներին, եւ ընդհանրապես զբաղվի իր անմիջական պարտականություններով։ Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը, որը նույնպես անցյալում կոմունիստական գործիչ է եղել, արժանի գնահատական կտա Հայրիկյանին, թքելով նրա ներկայի վրա։ Գուցե այդ սառը ցնցուղը սթափեցնի իր մասին մեծ կարծիք ունեցող քաղաքական գործչին, եւ նա վերջապես կհասկանա, որ ինքը երկար տարիներ անկախության համար պայքարելով, անկախության տարիներին ոչ մի գնահատելի քայլ չի կատարել։ Եթե, իհարկե, չի համարում, որ ՀՀ նախագահի պաշտոնին անընդհատ եւ անհույս հավակնելը գնահատելի քայլ է։ Ինչեւէ, Հայրիկյան քաղաքական գործչի գնահատականը ոչ միայն ժողովուրդն է տվել (նրա ստացած առավելագույն քվեն 0,2 տոկոս էր), այլեւ իր իսկ հիմնադրած կուսակցությունը՝ չվստահելով նրան կուսակցության ղեկավարումը։ Քաղաքական ասպարեզում ամեն գնով մնալու համար Հայրիկյանը ստիպված է հաճախակի ասուլիսներով եւ հայտարարություններով փաստել իր գոյությունը։ Այս առումով ուշադրության արժանի է նրա այն հայտարարությունը, որ ինքը ոճրագործ, պետական հեղաշրջման փորձ իրականացնող Նաիրի Հունանյանի արտահայտած գաղափարների 95 տոկոսի հետ համամիտ է։ Անցյալի վերլուծություններ անելու փոխարեն՝ ճիշտ կլիներ Հայրիկյանը պարզաբաներ, թե Նաիրի Հունանյանի հատկապես ո՞ր գաղափարին է համամիտ ինքը՝ մեծն իրավապաշտպան Պարույր Հայրիկյանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել