Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԱՅՆ ՉԷ

Փետրվար 20,2001 00:00

 Թե՞ մոռացկոտության դրդապատճառներն այլ են եւ նա ուրիշ փաստարկ չունի, քան «Հոկտեմբերի 27»-ի մեղադրական եզրակացությունից քաղած տվյալները «հնարանք» պիտակավորելը։

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով խոսել է հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի մասին, բայց մի կարեւոր խնդրի այդպես էլ չի անդրադառնում։ Այդ հարցը երեկ ուղղեց նրան «Առավոտը». «Նախկինում Ձեր ղեկավարած գերատեսչությունը լիովին հնարավորություն ուներ կանխել այդ ոճրագործությունը, եթե հաշվի առնենք, որ Նաիրի Հունանյանը գտնվել էր ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում՝ Թուրքիա մեկնելու կապակցությամբ։ Բացի դրանից. ԱԱՆ-ի աշխատակիցներից գոնե 2-3-ի անունները կան քրեական գործում, որոնց նա հայտնել էր իր մտադրությունների եւ ծրագրերի մասին։ Այս առնչությամբ, այնուամենայնիվ, շարունակելո՞ւ եք պնդել, որ Ձեր միակ մեղքը Վազգեն Սարգսյանի առջեւ այն է, որ նա գնդակահարվել է, իսկ Դուք մնացել եք կենդանի»։

Հարցին պատասխանելուց առաջ Սերժ Սարգսյանը նախ սեփական նախաձեռնությամբ անդրադարձավ մեկ այլ խնդրի։ Թերեւս առիթը նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ հրապարակված հարցազրույցում մեր այն հարցադրումն էր, թե արդյոք քննարկման արժանի համարո՞ւմ է Սերժ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված վարկածը, որ կատարվածում շահագրգիռ անձինք կարող են լինել նաեւ Վազգեն Սարգսյանի շրջապատում։ «Դուք միշտ ինչ-որ բան հնարում եք, հետո դա միշտ տարածում եք։ Նաեւ այն, որ դուք ասում եք իբր թե ես ասել եմ, որ Վազգենին խփողները կարող է Վազգենի շրջապատից լինեն։ Ես այդպիսի բան չեմ ասել»։

Պաշտպանության նախարարը չլսելու տվեց այն թերթի անունը, որը տեղում եւեթ նշեցինք որպես մեր տեղեկատվության աղբյուր։ Այժմ բառացի մեջբերենք «Հայոց աշխարհի» 1999-ի դեկտեմբերի 11-ի համարում հրապարակված նրա հարցազրույցից. «Եթե նախաքննությունն ավարտվի եւ պարզվի, որ այս մարդկանց հետեւում որեւէ մեծ ուժեր չկան, կամ այնպիսի ուժեր են, որոնք մշտապես եղել են Վազգենի շուրջ, ապա, չեմ կարծում, որ կառույցն այստեղ մեծ մեղք է ունեցել»։

Հավելենք, որ 1999-ի դեկտեմբերի 13-ի ասուլիսում նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանին բազմաթիվ հարցեր էին տվել՝ փորձելով պարզել, թե արդյոք որեւէ հիմք կա՞ նման ենթադրության համար, գուցե իրեն տեղեկատվությո՞ւն էր փոխանցվել, որ Վազգեն Սարգսյանի շրջապատում դժգոհություններ կան եւ սպանության ծրագրեր։ Եվ Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ դա կարող է նախաքննական տասնյակից ավելի վարկածներից մեկը լինել։ Այսքանը, կարծում ենք, բավարար է ապացուցելու համար, թե իրականում ով է հետին թվով արված իր հորինվածքները փորձում տարածել։

Այժմ ներկայացնենք, թե ի վերջո, ինչ պատասխան ստացավ մեր հարցը։ «Հայտարարում եմ, որ Ձեր տեղեկությունները, ասածները հնարածներ են։ Մի քանի աշխատողների մոտ այդպիսի հայտարարություններ չեն եղել։ Գործի նյութերին լավ չեք ծանոթ։ Եթե գործի նյութերին ծանոթ եք՝ այնտեղ ազգային անվտանգության ոչ օպերատիվ ստորաբաժանման մեկի մասին է խոսքը։ Մնացածի մասին ձեր տեղեկությունները մտացածին են։ Եվ մի՛ շտապեք, սպասե՛ք։ Դատարանում այդ բոլոր հարցերը կլինեն»։

Այս ամենը ազդեցիկ ձայնով հայտարարելուց հետո Սերժ Սարգսյանը փորձեց հեռանալ։ Հակափաստարկերը չլսելու էր տալիս։ Մի պահ կանգ առավ, երբ նրան խնդրեցինք պատասխանել. ի վերջո, Միհրան Մովսիսյա՞նն է ճիշտ, երբ պնդում է, որ իրեն «Հոկտեմբերի 27»-ի գործով են կալանավորել, թե՞ Գագիկ Ջհանգիրյանը, երբ պնդում է, որ նրան կարգապահական կալանքի էր ենթարկել իր նախարարը։ «Այո, նա ենթարկվել է կարգապահական կալանքի»։ Սերժ Սարգսյանը նաեւ հաստատեց, որ դա իր միջամտությամբ է արվել, բայց հրաժարվեց բացահայտել, թե հատկապես ինչի համար էր կալանավորվել Միհրան Մովսիսյանը։

Այս ասելուց հետո նա դարձյալ էր փորձում հեռանալ եւ կտրուկ բացասաբար պատասխանեց մեր առաջարկին, որ հնարավորություն տրվի ներկայացնել հակափաստարկները։ Կամենում էինք ուշադրություն հրավիրել, որ մեղադրական եզրակացությունում մեջբերված են ԱԱՆ 2-րդ գլխավոր վարչության օպեր- լիազորներ Վահան Մանուկյանի եւ Կարեն Պարունակյանի ցուցմունքները (էջ 56), որոնցից առաջինը նշել է. «1998-ի աշնանը ստանալով օպերատիվ ինֆորմացիա, որ մեղադրյալ Ն. Հունանյանը ցանկություն եւ ծրագրեր ունի մեկնելու Թուրքիա՝ զեկուցել է ղեկավարությանը»։

Իսկ ԱԱՆ երկրորդ օպերը ցուցմունք է տվել, որ իր իրավասության շրջանակում զրուցել է Ն. Հունանյանի հետ եւ տվել համապատասխան հրահանգավորումներ։

Ի դեպ, 2000 թ. մայիսի 16-ի իր ցուցմունքում Սերժ Սարգսյանը պնդել էր, թե մինչեւ հոկտեմբերի 27-ը Նաիրի Հունանյանի մասին եւ նրան վերաբերող որեւէ լուր կամ զեկույց չէր լսել։

Ուստի, երբ ի վերջո, համաձայնեց լսել մեր հակափաստարկները, մեղադրական եզրակացությունից մեջբերեցինք միայն ԱԱՆ կառավարական կապի եւ տեղեկատվության վարչության աշխատակից, մայոր Մելքոն Եսայանին վերաբերող տեղեկությունը, որին Նաիրի Հունանյանը 1999-ի հոկտեմբերի 8-ին հայտնել էր զինված ԱԺ մուտք գործելու եւ նախատեսված սպանությունները կատարելու իր մտադրության մասին։

Նաեւ ԱԱՆ հատուկ ջոկատի մարտիկ Ղազար Սարգսյանի մասին էլ հիշատակեցինք, որի հետ 1999-ի ընթացքում մի քանի անգամ հանդիպել էին Հունանյանները, Էդիկ Գրիգորյանը, եւ Նաիրի Հունանյանը հայտարարել էր. «Երկրի ղեկավարներին «մորթել է պետք», եւ որ ինքը կռված տղաներից միություն է ստեղծում», առաջարկելով, որ ԱԱՆ հատուկ ջոկատի մարտիկը եւս մտնի այդ միության մեջ։ (Այդ կապակցությամբ, ի դեպ, Նաիրի Հունանյանը պատճառաբանել է, որ հանդիպումների ժամանակ արդեն ուրվագծվում էր հոկտեմբերի 27-ին տեղի ունենալիք գործողությունների ծրագիրը, եւ ինքը նպատակ ուներ Ղ. Սարգսյանին եւս ընդգրկել այդ գործում.- մեղադրական եզրակացություն, էջ 60)։

Սերժ Սարգսյանն, այսուհանդերձ, հայտարարեց. «Ձեր տվյալները սխալ են։ Հատուկ ջոկատի այդ մարտիկն այդպիսի բան չի ասել։ Մինչեւ վերջ, լա՜վ կծանոթանաք նյութերին եւ կտեսնեք։ Ինչ վերաբերում է կառավարական կապի վարչության մայորին, եթե նա իմացել է՝ չի հայտնել, ուրեմն համապատասխան պատիժը ստանալու է։ Ես դրանում չեմ կասկածում։ Եվ առաջիններից մեկը ես եմ լինելու, որ պիտի պնդեմ, այսինքն՝ զուտ բարոյական հարթության վրա, որովհետեւ ես այլ լծակներ չունեմ»։

Ըստ այդմ՝ ամենաշատն ԱԱՆ-ի «սլաքավարներն» են պատասխանատու համարվելու։ Բայց զարմացնում է մեկ այլ հանգամանք, թե ինչ թեթեւությամբ է Սերժ Սարգսյանը ժխտում եւ մտացածին անվանում գործի փաստական տվյալներից բխող հարցադրումները։ Գուցե ճշմարտությունից բոլորովին հեռո՞ւ չեն այն լուրերը, որ այս գործը կուղարկվի լրացուցիչ քննության եւ «կմաքրվեն» այն բոլոր ապացույցները եւ վկայությունները, որոնք առնչվում են ներկա իշխանություններին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728