Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԱՀԱՅ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑԸ

Փետրվար 17,2001 00:00

ԻՐԱՆԱՀԱՅ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑԸ Այս տարի լրանում է Իրանում հրատարակվող «Րաֆֆի» օրացույցի 60-ամյակը։ Այս օրացույցի հրատարակումը 1941թ. նշանավորվեց հատկապես նրանով, որ դրանից 6 տարի առաջ Իրանում փակվել էին հայկական բոլոր դպրոցները, արգելվել հայկական բոլոր հրատարակությունները։ «Րաֆֆի» օրացույցը փաստորեն առաջին փորձն էր, որն իրականացվեց իրանահայ մտավորական, ազգային, հասարակական եւ մշակութային գործիչ Տաճատ Պողոսյանի ջանքերով։ Օրացույցը տարեցտարի հետեւել է ոչ միայն տեղի հայ համայնքի, այլեւ Իրանի համար նշանակալից իրադարձություններին եւ հոբելյաններին։ 60-րդ տարեդարձի առթիվ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Նշան Ծ. վարդապետ Թոփուզյանը հրատարակչական կազմին շնորհավորելով՝ գրում է. «Օրացույցի այժմեականությունը ինքզինք ավելի գեղեցիկ ձեւով է փաստում, երբ թերթում ենք վերջին 60 տարիների ազգային, կրթական ու մշակութային կյանքի պատմության ստույգ եւ վավերական տվյալներով սյունակները եւ պատմական տեղեկությունները»։ Իսկ Հայ կանանց միության վարչությունը «Րաֆֆի» օրացույցը այն հազվագյուտ հրատարակություններից է համարում, որ «նախապես ապահովագրել է իր սպառումը եւ հաջողել ժողովրդականություն շահել»։ 2001-ին լրանում է նաեւ օրացույցի նախաձեռնող, հրապարակագիր եւ վաստակավոր ուսուցիչ Տաճատ Պողոսյանի մահվան 20-ամյակը։ Վերջինիս շնորհակալ գործը շարունակում է որդին՝ Մարտիկ Պողոսյանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել