Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒՇԱՑԵԼ Է, Ո՞ւՄ ՄԵՂՔՈՎ

Փետրվար 17,2001 00:00

ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒՇԱՑԵԼ Է, Ո՞ւՄ ՄԵՂՔՈՎ Արաբկիր համայնքի Փափազյան փողոցում գտնվող կիսակառույց շուկայի տեղահանմանը «Առավոտն» արդեն անդրադարձել է։ Շուկայում առեւտուր անողների մեծ մասը երկրապահների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ էին։ Օրերս նրանց բողոքարկման արդյունքում քաղաքապետարանը որոշում է կայացրել քննարկել շուկայի քանդման հարցը։ Նշենք, որ շուկան արդեն մի քանի տարի է՝ գտնվում է Երկրապահների միության ենթակայության տակ։ Շուրջ 2 ամիս առաջ միությունը շուկան վերակառուցելու եվրոստանդարտներին համապատասխան նախագիծ է ներկայացրել Արաբկիրի թաղապետարան եւ քաղաքապետարան, որի արձագանքը չի ստացել։ Երեկ ԵԿՄ-ի նախագահ Հովհաննես Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ «որոշ հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել՝ կապված իրենց ներկայացրած նախագծի ուշացման հետ։ Պարզվում է, որ թաղապետարան ներկայացված նախագիծը մեզ անհասկանալի պատճառներով միայն մեկ ու կես ամիս հետո է մակագրվել եւ ուղարկվել քաղաքապետարան։ Այնտեղ նույնիսկ տեղյակ չեն եղել, որ մենք նպատակ ունենք մեր ուժերով վերանորոգել շուկան»,- ասաց պրն Հարությունյանը։ Վերջերս նույնիսկ Արաբկիրի թաղապետ Ֆելիքս Յայլոյանը նրանց առաջարկել է նոր պայմանագիր կնքել ոչ թե քաղաքապետարանի, այլ թաղապետարանի հետ։ «Նման մոտեցումը ունի պարզ պատճառ. եթե մենք պայմանագիր կնքեինք թաղապետարանի հետ (ինչից հրաժարվեցինք), շուկայից ստացված եկամուտները կվերահսկվեին եւ կբաշխվեին հասցեատերերին՝ անձամբ թաղապետի կողմից»։ Ֆելիքս Յայլոյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց. «ԵԿՄ-ի առաջարկած նախագիծը երբեւէ իմ կողմից չի ուշացվել։ Նրանց հայտի տակ ես անձամբ եմ մակագրել, որ որեւէ առարկություն չունեմ շուկայի վերակառուցման աշխատանքները սկսելու համար եւ ուղարկել եմ քաղաքապետարան, որտեղից որեւէ պատասխան մինչեւ օրս չեմ ստացել»։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել