ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ «ՎՏԱՐԱՆԴԻ ԵՐԿԻՐ» Կանխատեսում է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը Դասական իմաստով «վտարանդի երկիր» (րՑՐՈվՈ-ՌջչՏռ) է համարվում այն պետությունը, որի դեմ կիրառվում են պատժամիջոցներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով: Այդպիսի պետություններ են, օրինակ, Իրաքը եւ Լիբիան: Բազմաթիվ այլ երկրների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են գործադրվում տարբեր մակարդակներով: Ասենք, Կուբայի դեմ այդպիսի քաղաքականություն է վարում ԱՄՆ-ը Բելառուսի դեմ՝ Եվրոպայի խորհուրդը: Կուբան եւ Բելառուսը, հետեւաբար, նույնպես մոտ են «վտարանդի երկրի» կարգավիճակին, թեեւ պաշտոնապես այդպիսիք չեն համարվում: Հայաստանի դեմ պատժամիջոցները կիրառվելու են սկզբից Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ մակարդակով: Դա կլինի մոտավորապես այս տարվա վերջին, որովհետեւ հենց այդ ժամանակ պարզ կդառնա, որ, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում, մենք չենք կատարում ԵԽ ընդունվելուց մեր վրա վերցրած պարտավորությունները: Իսկ 1-2 տարում գործը կհասնի ՄԱԿ-ին, որը հիշյալ քաղաքացիական խնդիրներին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին կավելացնի նաեւ այն մեղադրանքը, թե իբր մենք «ագրեսոր» ենք: Ինչպիսի գործոններ են դեր խաղալու այդ, խիստ անցանկալի, գործընթացում. 1. Ղարաբաղի խնդիրը դառնալու է մեր թուլության հիմնական աղբյուրը: Արդեն բազմիցս ասվել է, որ Քոչարյանի ստորագրած Ստամբուլյան խարտիան միանշանակ սահմանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ասեմ նաեւ, որ ՄԱԿ-ի «Հազարամյակի հռչակագիրն» ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքը միայն գաղութատիրությունից ազատագրված ժողովուրդների համար: Ադրբեջանը երբեք չէր դասվում մետրոպոլիաների շարքում: Բացի այդ, փաստորեն իջեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը Ալիեւ-Քոչարյան հանդիպումների մակարդակի, Քոչարյանը ղարաբաղյան հիմնահարցը դարձրեց մեր եւ Ադրբեջանի տարածքային վեճ, որը կարող է ավարտվել կամ տարածքները զիջելով, կամ էլ «ագրեսոր» ճանաչվելով: 2. Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգի իսպառ բացակայության պայմաններում մեր բարձրագույն պաշտոնյաները գրեթե ամեն շաբաթ հանդես են գալիս իրար հակասող հայտարարություններով՝ Ռուսաստանի համար մի բան է ասվում, Արեւմուտքի համար՝ այլ բան, ներքին օգտագործման նպատակով մի բան է հայտարարվում, արտաքին աշխարհի համար ստորագրվում են տրամագծորեն հակառակ փաստաթղթեր։ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում դիրքորոշման հակասականությունը շատ լավ նկարագրված էր ձեր թերթում՝ «Նախագահը թաղել է Հայ Դատը» հոդվածում: Տեղի սղությունը հաշվի առնելով բերեմ եւս մեկ օրինակ։ Փարիզյան իր բազմաթիվ այցելություններից մեկի ժամանակ Քոչարյանը, ցույց տալով իր արեւմտամետությունը, հայտարարում է, որ Հայաստանում երկրորդ ռուսաստանյան հենակետ այլեւս չի տեղադրվելու։ Քիչ անց, «Ռոյթըրին» տված իր հարցազրույցում, իրեն նույնպիսի խանդավառ ռուսամետ դրսեւորելով, նա դեմ է արտահայտվում տարածաշրջան ՆԱՏՕ172ի մուտքին։ 3. Մեր այսօրվա իշխանավորների մտավոր մակարդակը եւ գավառական հակումներն արտահայտվում են նրանում, որ նրանց թվում է, թե կարելի է միջազգային հանրության առջեւ պարտավորություններ վերցնել՝ ներքուստ համոզված լինելով, որ դրանք երբեք չես կատարելու: Այդ իշխանավորների մոտ պատրանք կա, որ, մասնավորապես, Եվրոպայի խորհրդին կարելի է խաբել, աչքներին թոզ փչել, թաքցնել, որ մեզանում քաղկալանավորներ կան, որ ազատազրկման վայրերում մարդկանց են խոշտանգում, որ ոչ մի հանրային հեռուստատեսություն, ըստ էության, չի ստեղծվել, որ մնացած պահանջվող օրենքները չեն ընդունվում եւ այլն: Այդպիսի խաղերը վատ են վերջանալու, եւ դա մենք կզգանք, կրկնում եմ, արդեն այս տարվա ընթացքում: Վկա՝ ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչների ակտիվացումը Հայաստանում մարդու իրավունքների խախտման հարցերում։ 4. Վերջին 3 տարվա բազմաթիվ «դիվանագիտական հաջողությունների» շարքում ներկայիս իշխանությունները նշում են, որ իրենք դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Իրաքի, Լիբիայի եւ Կուբայի հետ, իսկ անցյալ տարի Իրաքում եւ Կուբայում բացվել են Հայաստանի դեսպանատներ, ընդ որում նախարար Օսկանյանը հայտարարել է, որ այս տարի մեկնելու է Իրաք պաշտոնական այցով: Խորացել է ռազմատեխնիկական համագործակցությունը Բելառուսի հետ: Այսինքն, Հայաստանը վերջին տարիներին իր հարաբերություններում շեշտը դնում է հենց այն պետությունների վրա, որոնք աշխարհի հետ լուրջ խնդիրներ ունեն եւ համարվում են «վտարված երկրներ»: Իհարկե, Ադրբեջանը, Թուրքմենստանը կամ Չինաստանը մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից մեզանից ոչնչով լավը չեն: Բայց նախ՝ նրանք հարուստ բնական ռեսուրսներ ունեն, եւ հետո՝ նրանք չեն թաքցնում իրենց ասիականությունը: Իսկ Հայաստանը, այդ պաշարները չունենալով, հավակնում է «մաքուր» եվրոպական երկիր լինելու: Ուստի, բացի ժողովրդավարությունից եւ ազատ շուկայից, մենք այլ ճանապարհ չունենք: