Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք հարցնել Սերժ Սարգսյանին. գիտի՞, թե՞ ոչ» (7.02.2001թ., «Առավոտ») հրապարակման մեջ մենք անդ

Փետրվար 17,2001 00:00

Հոսպիտալի բժիշկները արդարություն են փնտրում «Ուզում ենք հարցնել Սերժ Սարգսյանին. գիտի՞, թե՞ ոչ» (7.02.2001թ., «Առավոտ») հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում ստեղծված իրավիճակին, երբ միաժամանակ գործազուրկի կարգավիճակում հայտնվեցին հանրապետությունում հայտնի բժիշկներ՝ կապված նոր պետի նշանակման հետ։ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Էռնա Հայրիյան) բժիշկները արդարություն են փնտրում։ Նրանք գտնում են, որ հիմնավորված չեն այն հրամանները, ըստ որի իրենց «ազատել» են աշխատանքից (կադրերի տրամադրության տակ թողել), ազատել են աշխատանքից, երբ նրանց ազատելու հարցը հասունացած չի եղել, երբ նրանք չեն ունեցել որեւէ նկատողություն եւ կարգապահական որեւէ տույժ, երբ նրանք չեն ներկայացվել ծառայողական անհամապատասխանության (եւ ոչ մի անգամ)։ Կատարվել է չլսված ու չտեսնված խախտում. բժիշկ- սպաներին (շեշտեմ մեկ անգամ եւս՝ ոչ պատահական հիմնարկում աշխատող) տեղյակ չի պահվել իրենց նկատմամբ որոշումների մասին. թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերին համապատասխան։ Հրապարակվել է մի խայտառակ հրաման, ընդ որում մի ցուցակով, որով տեղեկանում ենք, որ 8-9 սպա ազատվում են զբաղեցրած պաշտոններից (փաստորեն գլխատվում է կենտրոնական կլինկական հոսպիտալի բուժսպասարկումը)։ Վարչության նորանշանակ պետը՝ պրն Աղայանը, մեզ հայտնեց, որ ոչ մի պապենական քեն չի ունեցել բժիշկների հանդեպ, ավելին, չի ճանաչել նրանց։ Բնականաբար, հարց է ծագում. մեկուկես ամիս աշխատելով եւ չճանաչելով նրանց, ինչպե՞ս որոշեց, որ նրանք՝ հիմնադիրները, արժանի չեն իրենց զբաղեցրած պաշտոնին։ Երկու ամիս է, ինչ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալում, մասնավորապես ֆիզիոթերապեւտիկ բաժնում չի կատարվում որեւէ բուժական աշխատանք վիրավոր զինվորների ապաքինման ուղղությամբ։ Ըստ ՀՀ զինվորական կարգապահական կանոնադրության՝ չպետք է ոտնահարել զինծառայողների (զինվորից մինչեւ գեներալ) իրավունքները, չպետք է ոտնահարել նրանց արժանապատվությունը, չի թույլատրվում անհիմն տույժեր տալ։ Խստագույնս պատիժ է սպառնում այն հրամանատարներին, որոնք անհիմն քայլեր են կատարում իրենց ենթակաների նկատմամբ։ Իսկ ի՞նչ է դեկտեմբերի 15-ին արձակած հրամանը… Եվ վերջապես, հարցերի հարցը մնում է այս. ինչպե՞ս է լինում, որ երկու տարի առաջ զորացրվածը նշանակվում է բուժծառայության պետ։ ՆԳ համակարգից, հավանաբար, ներմուծելով կադրեր՝ խնդիր կար «կարգի բերել» բուժծառայությունը ՊՆ ԿԿԶ հոսպիտալում։ Սակայն ինչ էլ ձեռնարկվի, բանակին հարկավոր է նախեւառաջ իրավական մաքրություն։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել