ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԵՌԻ ՏԱԿ Հետգրության փոխարեն Խորհրդակցական սենյակ մտնելով, դատավոր Սուրեն Ալեքսանյանն ու երկու կին ատենակալները պարտավոր են պահպանել այն կարգը, որը նախատեսված է քրդատօրենսգրքով։ Նրանք չպետք է օգտվեն կապի միջոցներից եւ, որ ամենագլխավորն է, դուրս չպիտի գան այդ սենյակից մինչեւ դատավճռի կայացումը։ Ասել է թե, կմնան իրենք իրենց հետ, այն ապացույցների, որոնցով մեղադրանք էր առաջադրվել 16 անձանց նկատմամբ, որոնք Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակիցներ էին, պաշտպանության բանակի սպաներ՝ պարգեւատրված պետության բարձրագույն պարգեւներով։ Ստեփանակերտցիների կարծիքով, ներքաղաքական կայունությունը կփոխվի երկու դեպքում. երբ պատժաչափ տրվի նրանց, մասնավորապես Սամվել Բաբայանին եւ, երկրորդ, երբ դատապարտված նախկին նախարարը պահվի Արցախի համակենտրոնացման ճամբար հիշեցնող մեկուսարաններից որեւէ մեկում (կա 2 մեկուսարան եւ Շուշիի բերդը։ Զարմանալի զուգադիպությամբ՝ բերդի նոր նշանակված պետը մասնակցեց վերջին դատական նիստին)։ Կկարողանա՞ դատարանը վեր կանգնել այն ցուցմունք-ապացույցներից, որոնք ձեռք են բերվել կտտանքների, մարդկային արժանապատվությունը տրորելու հաշվին։ Վախենում եմ՝ ոչ, քանզի նշմարելի էր հակումը նախաքննությամբ ձեռք բերվածի նկատմամբ (այդ դեպքում կարելի էր պարզապես վճիռ կայացնել նախաքննությունից հետո, դատաքննության բեռի տակ չհայտնվելու համար)։ Փաստաբան Ժուդեքս Շաքարյանը իր պաշտպանական ճառում բերեց հետեւյալ օրինակը, երբ Վարդան Թաշճյանին՝ որպես Սամվել Բաբայանի կողմնակցի, բերման են ենթարկում՝ կազմելով վարչական իրավախախտման մասին արձանագրություն հետեւյալ բովանդակությամբ՝ «մարտի 22-ին ԼՂՀ նախագահի վրա կատարած մահափորձի կապակցությամբ ԱԱ վարչություն հրավիրման պահին նա չի ենթարկվել վարչության աշխատողների օրինական պահանջներին… ենթարկվել է 15 օրվա կալանքի»։ Պրն Շաքարյանը հայտնեց, որ այդ դրվագի մասին դատաքննության ժամանակ երբ հարց տրվեց Վ. Թաշճյանին, նա պատասխանեց, որ իհարկե, որեւէ դիմադրություն ցույց չի տվել, «բայց քանի որ քննիչն ասել է, որ իրեն բերման ենթարկելն ու ազատությունից զրկելը պետք է օրինականացնել, ինքն էլ համաձայնել է ստորագրել վարչական իրավախախտման մասին ըստ էության կեղծ արձանագրությունը»։ Նա ասաց նաեւ, որ 8 անգամ հարցաքննելով առաջին 4-ի ընթացքում՝ մարտի 22-ին, 24-ին, 27-ին, ապրիլի 2-ին, տեռակտի, Սամվել Բաբայանի առնչության մասին ոչինչ չի հայտնել, հերքել է տեռակտի հետ որեւէ կապը… Ապրիլի 3-ին հոգեներգործուն ներարկումների ազդեցության տակ (ի դեպ, այդ ժամանակ ԱԱՆ-ում էին պահվում Սամվելն ու Վարդանը) Սամվել Բաբայանը «ինքնախոստովանական» ցուցմունքներ է տալիս եւ նույն օրն էլ Վարդանը Սամվելի նկատմամբ, դարձյալ հոգեներգործուն ներարկումների ազդեցության տակ՝ մեղադրող ցուցմունք է տալիս։ Ժ. Շաքարյանը դրանք համարեց «կորզված ցուցմունքներ» եւ, հետաքրքիր է, դատարանը կգնա՞ ռիսկի՝ դրանք ապացույց չգնահատելով։ «Ես գրում եմ տեքստը եւ զգում, որ քաղաքական թեմաներով զրույցի ժամանակ ասված խոսքերը ես կապել եմ այդ զրույցի հետ։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ եմ գրել իմ ցուցմունքում, բայց ինչու, թող ասեն ուրիշները. դա համարում եմ արտաքին ազդեցություն»,- ասել էր Վարդանը դատարանում։ Եվ փոխանակ մեղադրողները ապօրինաբար ձեռք բերված այս ապացույցների մասին խոսեին, նրանցից Վ. Ավագյանը իր ռեպլիկի իրավունքից օգտվելով ուղիղ իմաստով ասմունքում էր. «Ես խույս եմ տալիս իզուր վառվելուց։ Ես խույս եմ տալիս պղտորվելուց։ Ես խույս եմ տալիս ամաչելուց»։ Ափսոս, որ Ղարաբաղի Գրողների միությունից որեւէ մեկը ներկա չէր, թե չէ հաստատ բաց չէր թողնի սույն դատավարական գլուխգործոցը։ Դավիթ Ղուլյանին տեսնենք ինչպես «օգտագործեցին»՝ 10 անգամ հարցաքննելով (ի դեպ, քննիչները գինեսյան քանակ են ապահովել հարցաքննությունների ժանրում եւս)։ Բերման են ենթարկել որպես վկա։ Նա ժխտում է իր մասնակցությունը տեռակտին։ Ժխտում է եւ որեւէ մեկի մասնակցությունը։ Հետեւում են «կարուսելային» ցուցմունքները։ Այն հարմարեցվել էր, օրինակ, Խաչատուր Պետրոսյանի ցուցմունքների հետ, երբ մեկը, ասենք, պնդել էր, թե տեռակտի մասին իրեն ասվել է մարտի 13-ին, մյուսն այդ նույնը՝ փետրվարի 20-ին… Կամ, պատկերացնո՞ւմ եք, 10 տարի կողք կողքի կռված տղաներից՝ Սասունի ցուցմունքը, երբ ասել էր՝ «վախեցել է Սամվելից, դրա համար էլ…»։ «Ճշմարտությունը ծամծմվում, բայց չի մեռնում»,- շեշտում էր Վ. Ավագյանը։ Եվ զարմանում, որ բռնությունների մասին իրենց չեն դիմել (գոնե մամուլում տպագրվածից ամաչեր)։ «Ծունկս մինչեւ հիմա չի ծալվում»,- Սամվելն էր ասում, Սասունը ինքնուրույն չի շարժվում։ Ուրեմն, ի՞նչ ապացույցներ էին ձեռք բերվածը, ուրեմն ինչո՞ւ ենք խայտառակում ինքներս մեզ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ