Բնակչությունը գնահատում է տնտեսական իրավիճակը Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացավ հերթական կլոր սեղանը, որի թեման էր՝ «Բնակչության վերաբերմունքը Հայաստանում ընթացող տնտեսական բարեփոխումների նկատմամբ»։ 2000-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնի» նախաձեռնությամբ «Հայկական սոցիոլոգիական ընկերության» մասնագետների ուժերով անցկացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզաբանել բնակչության վերաբերմունքը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումների նկատմամբ։ Ընկերության նախագահ Գեւորգ Պողոսյանի տեղեկություններով, հարցման է ենթարկվել 300 մարդ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Արարատից, որոնք ընդգրկում են բնակչության տարիքասեռային-սոցիալական տարբեր խմբեր ու կրթական մակարդակներ։ ՀՍԸ-ի տված «Ի՞նչ սկզբունքային ձեռքբերումներ են եղել Հայաստանում անկախության այս տարիներին» հարցին, հարցվողների 47,3%-ը նշել է բանակի կայացումը եւ 43%-ը՝ արցախյան պատերազմում տարած հաղթանակը։ Բնականաբար, այս ձեռքբերումներին հասել ենք ի հաշիվ հասարակական-տնտեսական մյուս ոլորտների զարգացման եւ վերաարտադրման։ Եվ զարմանալի չէ, որ հարցվողների մեծամասնությունը՝ 68,3%, գոհ չէ առկա կացությունից։ Հարցվողների եւս 37%-ը որպես ձեռքբերում է նշել քաղաքական ոլորտից Ցեղասպանության ճանաչումը մի շարք երկրների կողմից, ու նաեւ` 21%-ը` Հայաստանի անդամակցումը Եվրախորհրդին։ Ու թեեւ հարցվողների հիմնական մասը երկրի տնտեսության եւ ներքաղաքական կյանքի զարգացումներից այնքան էլ գոհ չէ, բայց նրանց 16%-ը ձեռքբերում է համարել անցումը շուկայական տնտեսությանը, իսկ 6%-ը՝ դեմոկրատական ինստիտուտների ձեւավորման փաստը։ Փոխարենը՝ հարցվողները բազմաթիվ թերացումներ են տեսնում հետխորհրդային Հայաստանի հասարակական-տնտեսական կյանքում։ «Ի՞նչ սկզբունքային բացթողումներ եղան Հայաստանի անկախացման տարիներին» հարցին տրվել են հետեւյալ պատասխանները՝ բնակչության համատարած աղքատացում (75,7%), մեծ չափերի հասնող արտագաղթ (66,7%), գործարանների հախուռն ապապետականացում (43,7%), աղմուկ հանած սպանությունների ոչ լրիվ բացահայտում (42%), ամենաթողության մթնոլորտի ստեղծում (41,3%)։ Շատ հետաքրքիր էր այն փաստը, որ հաջորդ՝ «Վերջին երեք ամիսների ընթացքում ի՞նչ դրական, բացասական իրադարձություններ են եղել Հայաստանում» հարցին ի պատասխան գրեթե ոչ մի նոր կարծիք չի հնչել։ Տնտեսական ոլորտում որպես առաջնային, հարցման ենթարկվածները առանձնացրել են հետեւյալ հիմնախնդիրները՝ արդյունաբերության վերականգնում (58%), նոր արտադրությունների գործարկում (27,7%), խոշոր ներդրումների ապահովում (11,3%)։ Քաղաքական ոլորտում առաջնային են դիտվել հիմնական խնդիրները՝ ներքաղաքական իրավիճակի կայունացումը (48,7%), ղարաբաղյան հարցի կարգավորումը (24,3%), անմիջական հարեւանների հետ փոխհարաբերությունների կարգավորումը (16%)։ Սոցիալական ոլորտում առաջնային են համարվել գործազրկության կտրուկ նվազեցումը (55,3%), աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների ժամանակին վճարումը (23,3%), ծայրահեղ սոցիալական շերտավորման հաղթահարումը (23,3%), մեծ չափերի արտահոսքի կանխումը (13,3%)։ 300 հարցման ենթարկվածների 52,7%-ը կարծում է, որ կաշառակերության դեմ պայքարը բարեփոխումներին արդյունավետ ընթացք տալու ուղղություններից լավագույնն է։ Այդ ուղղությունների մեջ օրենսդրական դաշտի կատարելագործումը նշել են 24,3%-ը, վարկերի տրամադրումը՝ 11,7%-ը։ Հետաքրքիր տվյալ էր նաեւ այն, որ տնտեսական լրատվության հիմնական աղբյուրը 80,3%-ի համար հեռուստատեսությունն է, 12%-ի համար ռադիոն, նոր մամուլը՝ 5,3%։ Ընդ որում, տնտեսական լուրեր ստանալու ճանապարհին հարցվողները նախընտրում են ՀԱՀ-ը (73%), ապա «Պրոմեթեւսը» (45%), «Ար»-ը (22,4%), «Արմենիան» (18,4%)։ Հաջորդ ԶԼՄ-ն ռադիոն է, որին ապավինում են 12%-ը։ Իսկ թերթերի միջոցով տնտեսական լուրեր են ստանում միայն 5,3%-ը։ Ընդ որում տնտեսական ոլորտից տրվող լրատվության առումով հարցվողները նախապատվությունը տվել են հետեւյալ հերթականությամբ՝ «Ազգ» (2,4%), «Առավոտ» (1,3%), «Իրավունք» (1,3%), «ՀՀ» (0,6%)։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ