«ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԱՖԻԱՆ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է Կարծում են որոշ էներգետիկներ Որոշ էներգետիկներ, որոնք չհամաձայնեցին հրապարակել իրենց անունները, համարում են, թե բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցումը գրեթե տապալված է։ Կառավարության կողմից 2000թ. հոկտեմբերի 19-ին հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը չի կատարվել, իսկ մասնավորեցման մրցութային հանձնաժողովը, փաստորեն, անտարբեր կեցվածք է ընդունել (կամ խուսափում է) ռազմավարական նշանակության այդ խնդրի հանդեպ։ Դրա վառ ապացույցն է այն, որ մրցութային հանձնաժողովը վերջին մեկ ամսվա ընթացքում ոչ մի նիստ գրեթե չի գումարել, չնայած այդ հանձնաժողովը պետք է օր ու գիշեր աշխատեր՝ հանրապետությունը փաստի առջեւ չկանգնեցնելու համար։ Նույն էներգետիկների պնդմամբ, Հայաստանը ամեն ամիս ցանցերի կողմից էլեկտրաէներգիայի գողությունից կրելով 4-5 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ չի ստանում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների այդքան սպասված օժանդակությունը՝ ավելի քան 100 մլն դոլարի չափով, այն դեպքում, երբ նախորդ տարվա վերջին Ազգային ժողովին խոստումներ տալով՝ ՀՀ կառավարությունը ծախսեց երկրի վերջին հոգապահուստը՝ հատուկ հաշվի գումարները։ Փորձեցինք կապվել ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի հետ, որը ղեկավարում է բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման հանձնաժողովը, ճշտելու համար ինչ վիճակում է մասնավորեցման գործընթացը եւ ինչու չի կատարվում, կամ ինչ պատճառներով է ձգձգվում կառավարության կողմից հաստատված ժամանակացույցի իրագործումը։ Այդպես էլ չհաջողվեց կապվել ո՛չ էներգետիկայի նախարարի եւ ո՛չ էլ փոխնախարար Ա. Գալստյանի հետ։ Նախարարության լրատվական ծառայության աշխատակցին էլ չէր հաջողվել նրանցից ճշտել այդ հարցերի պատասխանները։ Իհարկե, այդ մասնավորեցման հարցը քաղաքական խնդիր է (կողմնորոշում ճշտելու եւ այլն), սակայն ստեղծված իրավիճակը շատերը գնահատում են իբրեւ վտանգ՝ Հայաստանի անկախությանը եւ անվտանգությանը։ Եվ այս իրավիճակը ձեռնտու է դառնում այն մարդկանց, ում գրպանն են հոսում էլեկտրաէներգիայի «կորուստները»։ Մնում է միայն ենթադրել, թե ովքեր են այդ մարդիկ։ Այսինքն, մասնավորեցման գործընթացն ու մրցութային հանձնաժողովը «հրաշալի» է ղեկավարում էներգետիկայի նախարարը։ Եվ, օրինակ, եթե արդեն 12.02.2001թ., ըստ ժամանակացույցի, պետք է մրցութային վերջնական փաստաթղթերն առաքվեին մրցույթի մասնակիցներին, ապա ե՛ւ սա, ե՛ւ սրան նախորդող բազում կետեր չեն կատարվել։ Իսկ ըստ այդ նույն ժամանակացույցի, արդեն 03.03.2001թ. ՀՀ կառավարության եւ մրցույթի հաղթողների միջեւ բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրերը պետք է կնքված լինեն։ ԱԺ էներգետիկայի հանձնաժողովի անդամ Սեյրան Ավագյանը երեկ այս կապակցությամբ՝ համաձայնելով, որ ժամանակացույցը չի կատարվել, միայն ասաց, որ երկրորդ տարբերակն է մշակվում իրավախորհրդատուների կողմից եւ երկուշաբթի երեկոյան տենդերային հանձնաժողովի նիստ է լինելու։ Ակնհայտ է, որ քողարկված այս անգործության եւ խուսափողականության հետեւանքների մեղքը մի օր ջարդվելու է բոլորիս գլխին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ