Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՄԱԿՐԵԼԻ ԴԱՐՁԱՎ

Փետրվար 17,2001 00:00

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՄԱԿՐԵԼԻ ԴԱՐՁԱՎ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Առավոտին» հայտնեց, որ որեւէ փոփոխման չի ենթարկվել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ իրենց որոշումը։ «Ասեմ, որ մտահոգ ենք ընտրություններից,- խոստովանեց նա։- Խնդիրը ոչ թե այն է, թե ով կընտրվի այս անգամ, այլ, որ որոշակիորեն զգալի է դառնում, թե խորհրդարանում անձնային մոտեցումներն ավելի են կարեւորվում, քան քաղաքական մոտեցումները»։ Հիշեցրինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բավական լոյալ մոտեցումը, թե 3-ից որ մեկն էլ ընտրվի՝ մեկ է, «Միասնությունից» է։ Մեր հարցին, թե ինչու նույնանման սկզբունքով չեք առաջնորդվում նաեւ Դուք, պրն Սահակյանը պատասխանեց. «Իմ տեսակետն այն է, որ «Միասնությունը» մինչեւ վերջ պիտի սատար կանգնի իր առաջադրած թեկնածուին, եւ այդ ոգով էլ կմասնակցենք ընտրություններին»։ Այսուհանդերձ, գուցե չարժե այդչափ սրել ու քաղաքականացնել հարցը. այս պարագայում մի թեկնածուի պարտությունը չի դիտարկվի որպես ամբողջ «Միասնության» ձախողում եւ վարկանիշի արտահայտություն, մեր այս դիտարկումներին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա այդպես է։ Պարզապես խորհրդարանը զերծ չէ նաեւ լոբբինգային մոտեցումներից։ Եվ դա երեւի թե նաեւ դրա արդյունքն է։ Վահրամ Բաղդասարյանն ինքն էլ այն գործիչներից է, որը հնարավորություն ունի համակրելի դառնալ այս խնդրում։ Մինչդեռ գտնում եմ, որ ԱԺ-ն պիտի գնա քաղաքական լուծումների ճանապարհով»։ «Միասնություն» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իրենց թեկնածուի քարոզչությունը տանում են, բանակցում տարբեր խմբերի եւ խմբակցությունների հետ։ Այսուհանդերձ, նա դժվարացավ պատասխանել, թե արդյոք այս անգամ կընտրվի՞ Գագիկ Մինասյանը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել