Լրահոս
Օրվա լրահոսը

Այն պահին, երբ տեղի էր ունենում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը,

Փետրվար 17,2001 00:00

«Հայրիկյանը Քոչարյանի խոսափողն է» Այն պահին, երբ տեղի էր ունենում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ իբրեւ թե իմիջիայլոց, հոկտեմբերի 27-ի զոհերի՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին լուտանքի խոսքեր էր արտասանում։ Պատգամավոր Էմմա Խուդաբաշյանին, «Միասնություն» դաշինքի պատգամավորներին, ինչպես նաեւ ՀԿԿ ներկայացուցիչներին անչափ վրդովեցրել էր օմբուդսմեն դառնալու երազանքը փայփայող Հայրիկյանի պահվածքը։ Տիկին Խուդաբաշյանը նախ իր մի քանի նկատառումները ներկայացրեց «Հոկտեմբերի 27»-ի գործի առաջին դատական նիստից։ «Տպավորությունն այն էր, որ մենք ունենք հզոր պետություն, այնպիսին, որ մարդասպաններին, պետական հեղաշրջման փորձ կատարողներին լավ խնամել էր, կերցրել-խմցրել էր, սրանք էլ մարտականորեն էին տրամադրված։ Նաիրին նույն այլանդակն էր եւ նույն ագրեսիվը, ինչպես հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում։ Միայն ավտոմատն էր պակասում։ Դատական նիստը նորմալ անցավ։ Բայց հենց նիստի օրը կայացած Պարույր Հայրիկյանի ասուլիսը ճնշում էր դատարանի վրա։ Հայրիկյանը միտումնավոր էր ընտրել հենց առաջին նիստի օրը։ Հայրիկյանը իրավունք չունի Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մասին որեւէ բառ արտասանել։ Ինքը 98-ից Կարեն Դեմիրճյանին հայհոյելով ման էր գալիս, որովհետեւ շատ լավ գիտակցում է, որ նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանը ժողովրդի 80%-ի վստահության քվեն է ստացել։ Հայրիկյանը ոչ թե Դեմիրճյանին է անպատվում, այլ հայ ժողովրդին»։ Տիկին Խուդաբաշյանին հատկապես զայրացրել էր, որ քրիստոնեական կեղծ երեսպաշտությամբ քողարկված Հայրիկյանը անաստված բան է անում. «Ինչպե՞ս կարելի է զոհվածների, նահատակների մասին այդպես խոսել եւ հենց նրանց սպանողներին դատելու օրը»։ Ասուլիսում Հայրիկյանը պնդում էր, որ Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի ետեւում այլ ուժեր կանգնած չեն։ Ինչո՞ւ է Հայրիկյանը հենց դատավարության օրը կրկին հարկ համարում պնդել, թե «27-ը» կազմակերպիչներ չուներ։ Է. Խուդաբաշյանի կարծիքով. «Հայրիկյանը նախագահ Ռ. Քոչարյանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եթե նա խոսում է, նշանակում է Ռոբերտ Քոչարյանն է խոսում։ Ուրեմն պետք է Ռ. Քոչարյանը թույլ չտա, որ Պ. Հայրիկյանը այսուհանդերձ նահատակների հասցեին որեւէ բան ասի։ Ինչքան ասաց, մենք էդքան Ռոբերտ Քոչարյանին ենք ասելու, ոչ թե Պարույր Հայրիկյանին։ Ինչքան Հայրիկյանը վատ բաներ ասի Կարեն Դեմիրճյանի եւ մյուս նահատակների մասին, մենք էլ ասելու ենք, որ դրանք Ռոբերտ Քոչարյանն է ասում, որովհետեւ մենք գտնում ենք, որ Հայրիկյանը Քոչարյանի խոսափողն է»։ Հիշելով 98 թվականի նախագահական ընտրությունները, Է. Խուդաբաշյանը ասաց, որ ժողովուրդն իր վստահության քվեն տվել է Դեմիրճյանին. «Հարգելի Պարույր Հայրիկյան, դու էլ լավ գիտես, թե 98-ին ժողովուրդն ում ձայն տվեց։ Քո մեջ չար նախանձն է խոսում, որովհետեւ Դեմիրճյանին 80% ձայն էին տվել, իսկ քեզ՝ 0% ձայն էլ չէին տվել։ Դու ընդամենը 0 տոկոսանոց մարդ ես։ Դեմիրճյանի դեմ խոսելով՝ դու անպատվում ես հայ ժողովրդին, իսկ հայ ժողովուրդը դրա ապտակը քեզ կտա»։ 98-ի ընտրություններից հետո, երբ պարզ էր, որ արդյունքները կեղծված են ներկայացվել եւ Դեմիրճյանի կողմնակիցները (տիկին Խուդաբաշյանը վերհիշեց, որ նաեւ՝ Հմայակ Հովհաննիսյանը) պահանջում էին ժողովրդին ոտքի հանել եւ տեր կանգնել ընտրությունների իրական արդյունքին, «Կարեն Դեմիրճյանը գլուխն առավ ափերի մեջ եւ ասաց. «Ես ժողովրդի մի մազը իմ կյանքից թանկ եմ գնահատում, ես չեմ թողնի իմ ժողովրդի գլխից մի մազ պակասի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել