Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Փետրվար 17,2001 00:00

ՎԿԱՅՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ «Հոկտեմբերի 27»-ի գործով հիմնական վկաների շարքում են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Նախ, ինչպես պաշտոնական աղբյուրներն են գնահատում, Ռ.Քոչարյանի դերակատարումը ահաբեկիչների հանձնվելու ու պատանդներին ազատ արձակելու գործում վճռորոշ է եղել։ Բացի այդ, երկրի նախագահն անմիջական եւ առանձին բանակցություն էր վարել Նաիրի Հունանյանի հետ։ Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանին, ապա նրա գլխավորած գերատեսչությունն ամենաքիչը անկարող էր գտնվել ժամանակին ֆիքսել եւ կանխել նախապատրաստվող ահաբեկչությունը։ «27»-ի գործի լրիվ բացահայտման համար կարեւոր է լինելու ճշտել, թե ինչպե՞ս է պատահել, որ ԱԱՆ-ին ահաբեկչության նախապատրաստման մասին ոչինչ հայտնի չի եղել, առավել եւս, որ Ն.Հունանյանը եղել է վերջինիս տեսադաշտում՝ այդ կառույցի հետ համագործակցելու իմաստով։ Եվ վերջապես, ողբերգությունից հետո հանրությունն ու քաղաքական որոշակի շրջանակներ կատարվածի պատասխանատվությունը դնում են հենց այս երկու պաշտոնյաների վրա։ Առայժմ անդրադառնանք նախագահ Քոչարյանի՝ 2000-ի մայիսի 15-ին տված միակ ցուցմունքին։ Դրա ամենահետաքրքիր հատվածն, իհարկե, այն է, թե նախագահն ի՞նչ բովանդակության խոսակցություն է ունեցել Ն.Հունանյանի հետ։ Հիշեցնենք, որ ոճրագործությունից հետո երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Ռ.Քոչարյանի եւ Ն.Հունանյանի առանձնազրույցի ընթացքում նախագահը որոշակի երաշխիքներ է տվել Ն.Հունանյանին, որոնք մեկնաբանվում էին իբրեւ վերջինիս գոտեպնդելու եւ «չծակվելու» ակնարկ։ Իր տված ցուցմունքում Ռ.Քոչարյանը տեղեկացրել է մասնավորապես այն մասին, թե Ն.Հունանյանն իրեն ասել է, որ, բացի Վ.Սարգսյանից, մյուս զոհերը պատահական կրակոցների արդյունք են։ Հետո նա ներկայացրել է իր պահանջները՝ ապահովել իրենց անվտանգությունը, իրենց նկատմամբ բռնություններ չգործադրել, բաց դատավարություն անցկացնել, իրենց պաշտպաններ տրամադրել, ուղիղ եթերով հանդես գալու հնարավորություն տրամադրել, որպեսզի ինքը ժողովրդին բացատրի, թե ինչու է դիմել այդ քայլին, ԱԱՆ մեկուսարան տեղափոխել առանց զինաթափման։ «Ես նրան բացատրեցի,-ցուցմունք է տալիս վկա Քոչարյանը,- որ իրենց նկատմամբ բռնություն չի գործադրվի, ընթացքում նա հարցրեց, թե իրոք մեր հանրապետությունում մահապատիժ չի կիրառվում։ Ինչպես հասկացա, նա արդեն այդ առթիվ կոնսուլտացիա էր արել դահլիճում պատգամավորների ու, կարծեմ, նաեւ Գ.Գրիգորյանի (ԱԱ փոխնախարար-Ն.Մ.) հետ։ Ես նրան բացատրեցի, որ, քանզի մենք ուզում ենք մտնել Եվրախորհուրդ, այն մեր հանրապետությունում չի կիրառվում։ Ուղիղ եթերով հանդես գալու պահանջը կտրականապես մերժեցի եւ կանգնեցինք երկկողմանի նախապես գրված տեքստով հաղորդավարի միջոցով հայտարարությամբ հանդես գալու տարբերակի վրա։ Իր տեքստում նա մի ամբողջ պարբերություն գրել էր Վ.Սարգսյանի վերաբերյալ, որը ես պահանջեցի հանել, նա որոշ տարակուսանքից հետո համաձայնվեց։ Ա.Հարությունյանը խմբագրեց տեքստերը, դրանք ընթերցվեցին ու դրանով մեր բանակցությունները ավարտվեց, որից հետո նրան տարան դահլիճ, որին հետեւեց զենքերի հանձնման պրոցեսը»: Սրանք են նախագահի պարզաբանումները։ ՄԻ կողմ թողնենք, որ համաշխարհային պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ ահաբեկչի հետ բանակցություններ է վարում երկրի առաջին դեմքը։ Ռ.Քոչարյանի ցումունքների այս մի հատվածը միայն տարաբնույթ մեկնաբանությունների համար պարարտ հող է ստեղծում եւ տասնյակ նոր հարցեր առաջադրում։ Նախ, ինչո՞ւ հենց Ռ.Քոչարյանի շահերից ելնելով՝ նրան կասկած տակ չառնելու ու ալիբին ապահովելու համար հրահանգ չի եղել գաղտնալսել այդ առանձնազրույցը։ Ըստ Ռ.Քոչարյանի, Ն.Հունանյանը բանակցությունների արդյունքում հրաժարվել էր իր մի քանի՝ մասնավորապես ուղիղ եթերով ժողովրդին դիմելու պահանջից։ Ի՞նչն էր նրան ստիպել, առավել եւս, որ, գոնե դահլիճում, իրադրության տերն ինքն էր։ Երբ փախչելու կամ պատասխանատվությունից ազատվելու պահանջ չէր ներկայացրել եւ համաձայնել էր հանձնվել։ Չէ՞ որ այդ պարագայում, նրան մնում էր միայն ժողովրդին դիմելու եւ նրանից օժանդակություն կամ արդարացում հայցելու պահանջ ներկայացնելը։ Ինչո՞ւ նա, այնուամենայնիվ, չէր պնդել իր այդ պահանջը, եթե պնդում էր, որ այդ քայլին դիմել է հանուն ժողովրդի։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ իր գործն արել էր, հնարավոր պատվիրատուները բավարարված էին եւ իրականում ոճրագործության «գեղարվեստական մասն» ապահովելու խնդիր առանձնապես չուներ։ Կամ, ինչո՞ւ էր Ն.Հունանյանը «որոշ տարակուսանքից հետո համաձայնվել» ժողովրդին ուղղված իր տեքստից հանել Վ.Սարգսյանին վերաբերող մի ամբողջ պարբերություն, առավել եւս, երբ խոստովանել էր նրա՝ իբր միակ թիրախ լինելու եւ նպատակաուղղված սպանության մասին։ Չէ, որ այսօր Ն.Հունանյանի պաշտպանության մարտավարության առանցքը, հավանաբար, հենց Վ.Սարգսյանի եւ Կ.Դեմիրճյանի գործունեության քննադատությունն է լինելու, ինչպես արդեն ակնարկել է։ Բացառվա՞ծ է, որ այդ պահանջներն ի սկզբանե ձեւական են եղել եւ դրանցից հրաժարվելն առանձնապես մեծ կորուստ նա չի համարել, մանավանդ, որ նախագահը հարգել էր ահաբեկչի պահանջն ու անձամբ ներկայանալով որոշակի երաշխիքներ էր տվել։ Արդյունքում Ն.Հունանյանի հետ բանակցելու եւ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ Ռ.Քոչարյանի գործողությունները գնահատվեցին իբրեւ հերոսություն։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել