ՆԵՐԿԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՏՈՒՆ ՉՈՒՆԵՆ Բայց նախկին նախարարները տներ ունեն աշխարհի այլ քաղաքներում Ակնհայտ էր, որ Փարիզում տուն ունեցող կառավարության անդամի վերաբերյալ տեղեկությունն ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանին փոխանցող նրան ուղղակի հարվածի տակ էր դրել։ Խորեն Սարգսյանն այժմ ասաց, որ եթե նախապես իմանար, որ այդ դեպքը վերաբերում է քաղցկեղով հիվանդ երեխայի համար տուն վարձելուն. «Ես այդքան բարոյականություն ունեմ այդ մասին մամուլում չհայտարարելու համար։ Ամեն մի հիվանդի համար ես ցավում եմ»։ Սակայն շրջանցելով այդ մասնավոր դեպքը, Խորեն Սարգսյանն անդրադարձավ տարբեր տարիներին մեր կառավարությանը մաս կազմած անձանց հետագա ճակատագրին։ «Հերթով նշենք,- առաջարկեց նա։- Եվ առաջինը սկսենք Եսայի Ստեփանյանից։ Կառավարության անդա՞մ էր։ Որտե՞ղ է հիմա։ Արտասահմանո՞ւմ չի։ Տուն չունի՞։ Երկրորդը, որտե՞ղ է Գագիկ Շահբազյանը։ Ամերիկայո՞ւմ չի»։ Ընդմիջեցինք Խորեն Սարգսյանին, նշելով, որ նախկին գյուղնախարարն ու դեսպանը կարծես մտադիր է վերադառնալ Հայաստան. «Ո՞վ է ասում։ Հայաստանը որ լավանա՝ բոլորն էլ կվերադառնան։ Բայց տուն առե՞լ է, կա՞։ Շարունակենք։ Այսօր Մոսկվան էլ է մեզ համար Փարիզ։ Եվ մամուլում հրապարակվեց ու չհերքվեց, որ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը բնակարան է գնել Մոսկվայում։ Որտե՞ղ է Գառնիկ Նանագուլյանը։ Կանադայո՞ւմ չէ։ Տուն չունի՞։ Ինչպես նաեւ Սեպուհ Թաշճյանը, Ժիրայր Լիպարիտյանը»։ Նկատեցինք, որ վերջին օրինակներն անհաջող են, քանի որ երկուսն էլ ԱՄՆ քաղաքացիներ էին եւ ուղղակի վերադարձան իրենց երկիրը։ «Կարո՞ղ է դատարկ գրպաններով վերադարձան,- վրդովվեց պրն Սարգսյանը։- Իսկ այս կառավարությունից քանի՞սը կգնան։ Ո՞վ է երաշխավորել, որ չեն գնա»։ Իրոք որ, ո՞վ պիտի արգելի, ասենք, Զավեն Գեւորգյանին Մոսկվա վերադառնալ, ուր ապրում էր մինչեւ ինքը կամ մեկ ուրիշը ենթադրեց, թե Հայաստանում լավ նախարար կաշխատի։ «Սա է մեր իրավիճակը՝ Աշոտ Սաֆարյանին ուզում են կալանավորել, որ չհեռանա Հայաստանից»,- Խորեն Սարգսյանի այս դիտարկմանն, ի դեպ, հետեւեց մեր զրույցին ներկա նրա կուսակից ընկերոջ՝ Նորիկ Պետրոսյանի հուշարարությունը. «Ասա, բա Վանո Սիրադեղյանը որտե՞ղ է»։ Սակայն պրն Սարգսյանն անդրդվելի մնաց. «Նրան ճանապարհեցին իշխանությունները։ Վանո Սիրադեղյանը Հայաստանից չէր գնա։ Վանո Սիրադեղյանը պատրաստ էր մնալ եւ դատարանում ցուցմունք տալ։ Նրան հեռացրին, որ ցուցմունք չտա։ Սա Սարգսյան Խորենի կարծիքն է»։ Հայաստանից հեռացած վերոթվարկյալ նախարարներին միավորում է մի հատկանիշ. նրանք բոլորն էլ կուսակցական գործիչներ չէին եւ առանձնապես չէին ցցվում։ Սա էլ մեր առանձնահատկություններից է՝ մինչ կուսակցություններն իրար կոկորդ են գզում՝ փոխադարձ մեղադրանքներ ուղղելով հանցավոր եւ ծախու լինելու մեջ, նոմենկլատուրային գորշ զանգվածը սուս ու փուս լուծում է իր հարցերը եւ հարկ եղած դեպքում լիքը ճամպրուկներով հեռանում երկրից։ Սակայն Խորեն Սարգսյանը վերապահումներով ընդունեց մեր այս դիտարկումը. «Ճիշտ է, ընդհանուր առմամբ համաձայն եմ։ Բայց պետք է ավելացնեմ՝ որ կուսակցությունը կառավարող էր այդ պահին՝ այդ նախարարները դրա անդամն էին»։ Այստեղ մեր զրույցին էլի միջամտեց Նորիկ Պետրոսյանը. «Նրանք բոլորը ՀՀՇ-ական քաղաքականության կարկառուն դեմքերն էին»։ «Մի րոպե է՜,- ընդհատեց Խորեն Սարգսյանը։- ՀՀՇ-ական եթե ասում ես՝ պիտի հիշես, որ Գագիկ Շահբազյանը Կոմկուսի անդամ էր, հետո դարձավ ՀՀՇ-ի անդամ, հետո էլ դարձավ Հանրապետական կուսակցության անդամ»։ «Բայց Կոմկուսի ժամանակ նա այդ բանը չէր կարող անել,- հպարտորեն ազդարարեց Նորիկ Պետրոսյանը։- Կոմկուսի ժամանակ ոչ մի նախարար հետո արտասահման չէր գնում։ Փառք Աստծո, բոլորը գիտեն՝ նրանք, ովքեր Հայաստանից բացակայել, գնացել, բիզնեսով կամ չգիտեմ ինչով են զբաղվել՝ այդ ակնթարթից արդեն դադարել են կոմունիստ լինելուց»։ Այստեղ արդեն ստիպված եղանք հիշեցնել, որ կոմունիստական առաջնորդներն էլ պաշտոնավարելուց հետո մեծ մասամբ հեռանում էին երկրից՝ նախընտրելով Մոսկվան կամ սովետական անծայրածիր երկրի որեւէ այլ գողտրիկ անկյուն։ Այնպես որ՝ վատագույն ավանդույթները շարունակվում են։ Եվ հիմա արդեն Խորեն Սարգսյանը խոստովանեց. «Նման մարդիկ կառավարության մեջ հենց այնպես չեն հայտնվում։ Գումար տալիս՝ մտնում են եւ հեռանում մեծ գումարներ տալով»։ Բայց այս անգամ այլեւս օրինակներ ու գումարի որոշակի չափեր չնշեց։ Գուցե՝ առայժմ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ