«Մենք ֆեմինիստներ չենք» Ասում է կանանց ակումբի նախագահը Երեկ լրացավ «Էսպերանսա» (ինչը թարգմանաբար նշանակում է հույս) կանանց ակումբի ծննդյան առաջին տարելիցը։ «Էսպերանսան» նման չէ հանրապետությունում գործող բազմաթիվ ու բազմաբնույթ կանանց կազմակերպություններին ու միավորումներին, որոնցում հավաքվածների մեջ երիտասարդների թիվը շատ փոքր տոկոս է կազմում, քանզի երիտասարդ կանանց շատ ավելի քիչ է հետաքրքրում տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ԱԺ-ում իրենց ներկայացուցիչներն ունենալու խնդիրը, քան 40-50-ն անց կանանց։ Փոխարենը՝ «Էսպերանսան», որում հավաքված են հիմնականում երիտասարդ կամ ծայրահեղ դեպքում իրենց դեռ երիտասարդ զգացող կանայք, իր ծրագրերի ու խնդիրների դաշտում ընդգրկում է ժամանակակից հայ կնոջը հուզող շատ ոլորտներ։ «Էսպերանսա» կանանց ակումբի նախագահ Քնարիկ Բաղդասարյանի կարծիքով, իրենց աշխատանքներից ամենակարեւորը, թերեւս, «Մայրերի դպրոցն է», որտեղ լավագույն մասնագետները՝ գինեկոլոգ, մանկաբույժ, հոգեբան, օգնում են երիտասարդ կնոջն իր համար ամենանշանակալից էտապին՝ մայրությանը պատրաստվելուն։ Հղի կանայք «մայրիկների դպրոցում» ստանում են այդ շրջանում իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս սնվել, ինչպե՞ս պատրաստվել ծննդաբերությանը, ինչպե՞ս խնամել նորածնին, ո՞նց դուրս գալ հետծննդյան դեպրեսիայից եւ այլն։ Ակումբի խնդիրը, սակայն, միայն երիտասարդ մայրիկները չեն։ Այստեղ հատուկ դասընթացներ կան աստղաբանությամբ հետաքրքրվող կանանց համար, որոնց ընթացքում հատուկ մշակված մեթոդով կանանց խորհուրդներ եւ ուղղություններ են տրվում, ինչպես ընտանեկան հարաբերությունների, այնպես էլ անձնական կյանքը կարգավորելու համար։ «Էսպերանսան» ունի եւս մի դասընթաց, որը կոչվում է վալիալոգիա՝ առողջագիտություն, այսինքն՝ առողջ եւ ճիշտ սննդի միջոցով օրգանիզմի գործունեության կարգավորում։ Ի դեպ, այսօր «Էսպերանսան» իր ակումբի անդամների համար անց է կացնում առողջագիտական ճաշկերույթ, որի ընթացքում մինչ այդ տեսականորեն սովորածը պրակտիկ դրսեւորում կգտնի։ Ակումբի հետ համագործակցում են իրենց ասպարեզում ճանաչված այլ մասնագետներ եւս՝ կոսմետոլոգներ, բնագետներ եւ այլք։ Այսօր ակումբի մշտական անդամների թիվն անցնում է 30-ից։ Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ակումբը բացելու է շեյփինգի եւ աերոբիկայի խմբեր, որոնցում կընդգրկվեն կանայք՝ առանց տարիքային սահմանափակումների, դեռ ավելին՝ տարեց կանանց համար կգործի հատուկ ծրագրով մշակված վարժությունների խումբ։ Տիկին Քնարիկը պատրաստվում է մոտ ապագայում ընդգրկել նաեւ ինքնապաշտպանության դասընթացներ. «Մենք ցանկանում եք ընդգրկել երիտասարդ հայ կանանց հուզող բոլոր ոլորտները։ Նոր-նոր ենք ոտքի կանգնել, հազիվ մեկ տարեկան ենք, բայց արդեն կայացած ակումբ ենք։ Ամենակարեւորը՝ մենք ֆեմինիստներ չենք, հակառակը. մենք անում ենք ամեն ինչ՝ հայ կնոջը ընտանիքում իր դերն ու տեղը ցույց տալու համար, որ նա իր մեջ ուժ գտնի ընտանիքի գլխին եկած բոլոր փորձություններին դիմակայելու՝ ամուսնու հետ եւ ոչ թե ամբողջ օրը ամուսնուն նեղի, թե փող բեր կամ արի գնանք Ամերիկա»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ