ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՄԻՋՈՑԸ Ցողիկ Վարդանյանը 1992 թվականից աշխատում էր ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոնի կենսաթոշակների նշանակման բաժնում։ Վարդանյանը «Առավոտին» ուղարկած դիմում-բողոքում գրում է, որ 2000թ. նոյեմբերի կեսերին կենտրոնի նորանշանակ տնօրեն Անժելա Հարությունյանը կենսաթոշակների նշանակման բաժնի բոլոր աշխատակիցներից պահանջել է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Աշխատակիցների կասկածները ցրելու համար տիկին Հարությունյանը նրանց հանգստացրել է, ասելով՝ նրանց թշնամին չէ, որ աշխատանքից ազատի, որ դիմումը ձեւական բնույթ է կրում եւ այն ընդամենը անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխությունների համար։ «Այնուհետեւ մենք աշխատանքից ազատվելու դիմում գրեցինք՝ չմտածելով, որ մեր տնօրենը դա հիմք ընդունելով մեզ պետք է ազատի աշխատանքից»,- պատմում է Ց. Վարդանյանը։ Արդարությունը վերականգնելու համար տիկին Վարդանյանը դիմում է ՀՀ կենսաթոշակային ապահովագրության պետական հիմնադրամի փոխնախագահ Տ. Կիրակոսյանին։ Վերջինս տնօրենի քայլը հիմնավորում է՝ ասելով, որ նա բաժնի աշխատանքներից դժգոհ է եղել, այդ իսկ պատճառով պահանջել է դիմում գրել։ Նույն պատասխանը տվեց նաեւ Արաբկիրի տարածքային կենտրոնի տնօրեն Անժելա Հարությունյանը, երբ փորձեցինք որոշ տեղեկություններ ճշտել։ Ըստ Ա. Հարությունյանի, Ց. Վարդանյանը աշխատանքից ոչ թե անօրինական, այլ իր ձեռքով գրած դիմումի համաձայն է ազատվել. «Ց. Վարդանյանը անընդհատ կարգապահական խախտումներ է թույլ տվել՝ մշտապես ուշանալով աշխատանքից։ Նա մինչեւ օրս ընդմիջումներով է աշխատել եւ անընդհատ ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ է եղել։ Եթե հաշվարկենք, 1992 թվականից առայսօր միայն երկու տարի տասը ամիս է կանոնավոր աշխատանքի հաճախել եւ այդ տարիների ընթացքում հասցրել է ստանալ կարգապահական տույժ»,- տեղեկացրեց հիմնադրամի Արաբկիրի կենտրոնի տնօրենը եւ ավելացրեց, որ բաժնի պետի հետ նույնպես հաճախակի հակասությունների մեջ է եղել, հակաճառել է եւ չի ենթարկվել նրան։ Ինչ վերաբերում է Ց. Վարդանյանին աշխատանքից ազատելուն, տիկին Հարությունյանը հայտնեց, որ դա մտածված չի եղել, իսկ աշխատողների կողմից դիմում գրելու հանգամանքը կապված է եղել կառուցվածքային փոփոխությունների հետ։ Նրանց աշխատանքից ազատելու մյուս պատճառն էլ աշխատողների թվաքանակի շատ լինելն է, ըստ որի տեղի են ունեցել կրճատումներ, նոր աշխատողներ չեն ընդունել։ Ցողիկ Վարդանյանը, սակայն, հակառակը պնդեց։ Վերջինիս տեղեկությունների համաձայն, նա հիմնադրամում կանոնավոր աշխատանքի է հաճախել, ոչ թե 2 տարի 10 ամիս, ինչպես տնօրենն է նշում, այլ 3 տարի 10 ամիս։ Ց. Վարդանյանը գրավոր կարգապահական տույժ ստացել է 1993թ., որը արդեն իրավաբանական ուժը կորցրել է։ Նա բաժնի պետի հետ ոչ միայն վիճաբանությունների մեջ չի մտել, հակաճառել, այլեւ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել։ Ինչ վերաբերում է աշխատողների ինքնակամ դիմում գրելուն, ըստ տիկին Վարդանյանի, դա կատարվել է խաբեությամբ։ Ց. Վարդանյանի պնդմամբ, Ա. Հարությունյանը, կրճատելով որոշ աշխատողների, աշխատանքի է ընդունել իր ազգական-բարեկամներին՝ հարազատ եղբորը, քրոջ աղջկան, ընկերուհուն եւ էլի ինչ-որ բարեկամների։ Իսկ իր աշխատանքային տեղը այժմ զբաղեցնում է տնօրենի մեկ այլ ընկերուհին։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ