Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրավիատան»՝ Հայաստանի այցետոմս Լիբանանում

Փետրվար 16,2001 00:00

«Տրավիատան»՝ Հայաստանի այցետոմս Լիբանանում «Լիբանանի «Կազինո» թատրոնում լիբանանցիները վայելած էին լիրիկական ռեպերտուարի ամենահանրածանոթ եւ ամենափառավոր ստեղծագործություններից մեկը՝ Վերդիի «Տրավիատան» (ի դեպ, այս տարի լրանում է հռչակավոր կոմպոզիտորի մահվան 100-ամյակը)»,- գրում է լիբանանյան «L8217orient le Tour» թերթը (9.02.01)։ «Տրավիատայով» Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը բացումն արեց Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված արտերկրներում կազմակերպվող միջոցառումների։ Փետրվարի 8-ին, 9-ին եւ 10-ին Բեյրութի լավագույն դահլիճներից մեկում՝ «Քազինո տուլիբանում» ելույթ ունեցավ ակադեմիական թատրոնի կոլեկտիվը։ Գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի տեղակալ Հրաչ Գրիգորյանը եւ տնօրեն Կամո Հովհաննիսյանը հավաստիացրին, որ շատ գոհ են իրենց ելույթներից, ընդունելությունից եւ ապա ջերմ արձագանքներից, որոնք հավաքել ու ձայնագրել էին եւ շատ շուտով կստանան։ Միայն ներկայացման առաջին օրը դահլիճում թափուր տեղեր էին նկատվում, երկրորդ եւ երրորդ օրերը 1000 հոգիանոց դահլիճը լեփ-լեցուն էր։ Հայ հանդիսատեսի թիվը մեծ չի եղել (գուցե տոմսի բարձր արժեքի պատճառով), բայց իրենց ներկայությամբ օրն ավելի խորհրդավոր են դարձրել Լիբանանի պրեզիդենտի տիկինը, 10-ից ավելի երկրների դեսպաններ։ Ընդ որում ներկայացման վերջում Իտալիայի դեսպանը ծաղկեփունջ է ընծայել Գեղամ Գրիգորյանին եւ հիացմունքի խոսքեր ասել։ Եվ, ընդհանրապես, «Տրավիատայից» գոհ էին մնացել կարծես բոլորը։ Տրավիատայի դերում հանդես եկան Հասմիկ Հացագործյանը (2 օր) եւ Անահիտ Մխիթարյանը (1 օր)։ Ցավոք, օտար հանդիսատեսը մինչեւ վերջ չվայելեց աշխարհահռչակ Գեղամ Գրիգորյանի կատարմամբ Ալֆրեդոյի պարտիան, քանի որ ներկայացման կեսից երգիչն իրեն վատ էր զգացել: Նրան փոխարինել էր, այդ եւ մյուս 2 օրը, մեր թատրոնի մյուս տենոր Ռուբեն Նուրիջանյանը։ Մշակութային այս ակցիան հնարավոր դարձավ եւ ի կատար ածվեց այն բանից հետո, երբ երկու երկրների միջեւ կնքվեց միջպետական համաձայնագիր եւ որից հետո ղեկավարները պարտավորվեցին աջակցել եւ ֆինանսավորել սույն ձեռնարկումը։ Մեր կառավարությունը հոգաց ճանապարհածախսը եւ տրամադրեց 37.500 դոլար, իսկ Լիբանանի վարչապետը՝ մուտքի վիզաների հարցը լուծեց։ Մնացած բոլոր ծախսերը իր վրա էր վերցրել լիբանանյան մի կազմակերպություն։ Շատ է օգնել այնտեղ Հայաստանի դեսպան Արման Նավասարդյանը, երբ այստեղից այնտեղից գտնում էր, լրացնում այն դեկորացիաների պակասը, որ չէին տարել Բեյրութ՝ հնաոճ աթոռներ, բազմոց եւ այլն: Կամո Հովհաննիսյանի խոսքերով, Լիբանանի հայ համայնքը շատ գոհ էր մնացել, նույնիսկ անակնկալի եկել: Եվ զարմանալի չէ, քանի որ նրանց մինչ այդ հյուրընկալում էին անհայտ, կասկածելի ընդունակությունների տեր «արվեստագետներ»… Վերջին օրը Հայաստանի դեսպանը կազմակերպել էր ընդունելություն թատրոնի խմբի համար, որին ներկա էին նաեւ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ։ Վերջիններս ցանկություն հայտնեցին կրկին օպերայի եւ բալետի մեր անձնակազմին այնտեղ հյուրընկալելու եւ խոստացան այսուհետ բոլոր կազմակերպչական գործերը հոգալ։ «Սա մեծ հաղթանակ էր կոլեկտիվի բարոյական մթնոլորտի համար,- ասաց պրն Հովհաննիսյանը,- եւ մենք 2 բան շահեցինք այս հյուրախաղերով, նախ՝ պետք էր օտարի աչքը, օտարի գնահատականը, երկրորդ՝ հայրենիքի ծանր, սուղ պայմաններում մարդիկ ընկճվել էին ու հուսահատվել, եւ սա կարծես թույլ տվեց նրանց ինքնահաստատվել…»։ ԼԻԼԻԹ ԲԵԿՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել