Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր

Փետրվար 16,2001 00:00

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ Պարույր Հայրիկյանի հաճախակի ասուլիսները արդեն նոր երեւույթ չեն, ինչպես ԱԻՄ-ի այն սովորույթը, որ մտքով անցած յուրաքանչյուր քայլ գովազդում են առ աշխարհ։ Երեկվա ասուլիսով Պ. Հայրիկյանը հայտարարեց, թե այս տարի լրանում է «Փետրվարյան ապստամբության, ավելի ստույգ՝ բոլշեւիկյան լծից հայ ժողովրդի ազատագրման 80-ամյակը», եւ փետրվարի 18-ին ԱԻՄ-ականները կայցելեն ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի եւ Գառնիում Փետրվարյան ապստամբության հերոսների շիրիմներին։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին խոսելիս նա հիշեց մամուլի հրապարակումներից մեկը. «Անպատասխանատու արտահայտություն կա իմ վերաբերյալ, իբրեւ թե Հայրիկյանը պատրաստ է գնդակահարել Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին։ Պիտի հիշեցնեմ, որ առաջին օրվանից դեմ լինելով Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքականությանը, հոկտեմբերի 27-ը առաջին պահից մենք խստորեն դատապարտել ենք։ … Ես երբեք չեմ ասել, որ որեւէ մեկին պետք է գնդակահարել։ Ինչ վերաբերում է սպանելուն, այո՛, Կարեն Դեմիրճյանը 1988թ. համալսարանում հանդիպման ժամանակ ասում էր՝ «Հայրիկյանին սպանելն էլ քիչ է, որովհետեւ նա պայքարում է անկախության համար»։ Բայց այսօր, քանի դեռ գոնե դատը չի կայացել, այդ մարդկանց որքան կարելի է՝ պետք է փորձել հանգիստ թողնել։ Ի վերջո, ե՛ւ Կարեն Դեմիրճյանին, ե՛ւ Վազգեն Սարգսյանին ես շատ բարձր եմ գնահատում մեկ այլ տեսակետից, որի մասին չեմ խոսել. մեկը՝ կոմունիստական կարկառուն գործիչ էր, մյուսը՝ մոլորյալ կոմսոմոլ, բայց այդ երկուսն էլ իրենց մեջ ուժ գտան թքելու իրենց կեղտոտ անցյալի վրա»։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին հնչած մի հարցի առիթով Հայրիկյանը հիշեց Քենեդու եւ Իսահակ Ռաբինի սպանությունները. «Մենք տվյալ դեպքում գործ ունենք Իսահակ Ռաբինի սպանության տարբերակի հետ, որտեղ սպանողը հայտնի է եւ գործը հենց սկզբից բացահայտված է»։ Հայրիկյանը շեշտեց, թե ինքը այն տեսակետին չէ, որ Նաիրի Հունանյանի եւ մյուսների ետեւում այլ ուժեր կանգնած չեն. «Այդ տեսակետին են իրավապահ մարմինները, այդ տեսակետին է առողջ բանականությունը»։ Երկու եզրակացության կարելի է հանգել վերը ասվածից. կա՛մ Պ. Հայրիկյանը իր նշած առողջ բանականության կրողներից չէ, կա՛մ իրավապահ մարմիններից մեկն է, կա՛մ էլ այն տեսակետին է, որ ոչ ոք չկա կանգնած Ն. Հունանյանի եւ մյուսների հետեւում։ «Առավոտի» հարցին, թե Պ. Հայրիկյանը ընթերցե՞լ է «Հոկտեմբերի 27»-ի գործը, ծանոթ լինելո՞վ է հանգել այդ տեսակետին, ասաց. «Ոչ, ես ինձ իրավունք չեմ վերապահել ծանոթանալ «Հոկտեմբերի 27»-ի նյութերին, որովհետեւ իմ կողմից որեւէ միջամտություն կնշանակեր բռնություն։ Դուք բոլորդ էլ հիշում եք Նաիրի Հունանյանի ուղարկած փաստաթղթերը, որոնցում ինքը քաղաքական բավական զարմանալի խոր վերլուծության է ենթարկել իրադարձությունները, ես հանրության սեփականությունը չդարձրի, որովհետեւ դրանք ավարտվում էին ահաբեկչության հիմնավորմամբ։ Ում դեմ էլ դա լինի՝ ինձ համար անընդունելի է։ Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը. այն բռնաճնշումներին, որոնց ենթարկվել էին Նաիրի Հունանյանը եւ մյուսները, ինչո՞ւ պիտի, օրինակ, թաքցնեին այդ հանցագործությանը դրդող մարդկանց։ Պարզ տրամաբանությամբ՝ հանուն ինչի՞։ Ընդհակառակը, եթե ինչ-որ մեկը նրանց այդ գործին դրդել էր ու խաբել էր, նրանց հիմա մերկացնելու ժամանակն էր՝ մանավանդ բռնաճնշումների պայմաններում»։ Պ. Հայրիկյանի կարծիքով քննիչները ամիսներ շարունակ վատ են աշխատել՝ «սկզբում անմեղ մարդկանց են կալանավորել, առավել պարզ է, որ պառլամենտը իրեն շատ վատ դրսեւորեց, չուզեց անգամ լսել իրենց անմեղ գործընկերոջը, նրան բանտ ուղարկեց։ Հիմա էլ էդ նույն պառլամենտականները խումբ են կազմել, որ պիտի վերահսկեն։ Ես էդ թեթեւսոլիկություններին մասնակից դառնալ ինձ թույլ չեմ տա։ Վերահսկողության համար կա դատախազություն եւ հասարակական կարծիք։ … Էդ ի՞նչ նոր ֆունկցիա ես Սահմանադրությամբ քեզ վերագրել, պատգամավո՛ր։ Անկախ դատարանի գործունեությունը պիտի վերահսկե՞ս»։ Ամրագրենք Հայրիկյանի եւս մի խոսք. «Գործի նրբերանգների մասին վերջնական կարծիք կտա դատարանը, եւ ես կհավատամ դատարանին, ներողություն՝ կընդունեմ դատարանի որոշումը ի գիտություն, որ սա է մեր պետական պաշտոնական որոշումը»։ Պ. Հայրիկյանի այս համարվողականությունը վերջին շրջանում ավելի է նկատելի դարձել։ Զարմանալի է, որ նախկին քաղբանտարկյալը, ներկա իրավապաշտպանը հավատում է մեր դատարանին եւ պատրաստ է հավատալու կամ կանխավ ընդունելու նրա որոշումը՝ ինչ էլ դա լինի։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել