Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքում են մայրաքաղաքի դպրոցների տնօրենները

Փետրվար 16,2001 00:00

«ՄԵԶ ԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿ Է ՊԵՏՔ» Բողոքում են մայրաքաղաքի դպրոցների տնօրենները Վերջին մի քանի ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը հասցրեց երեք պետ փոխել։ Բնականաբար, կրթության փխրուն բնագավառի վրա ղեկավարների փոփոխության նման տեմպերը չեն կարող լավ ազդեցություն թողնել։ Սա մեր՝ կողքից դիտողի կարծիքն է, հիմնված զուտ պատկերացումների եւ տրամաբանության վրա։ Սակայն, ավելի ճիշտ գնահատական այդ երեւույթին կարող են տալ նրանք, ովքեր գործնականում են զգում այդ փոփոխությունը։ Խոսքը մայրաքաղաքի դպրոցների տնօրենների մասին է։ Եվ այսպես, նրանք պատասխանում են «Առավոտի» հետեւյալ հարցին. «Կրթության վարչության պետերի այս սրընթաց փոփոխությունները որեւէ կերպ անդրադառնո՞ւմ են Ձեր կամ Ձեր դպրոցի վրա»։ Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 դպրոցի տնօրեն Լեւոն Մալխասյանը կարծում էր, որ սա շատ բարդ, բայց միեւնույն ժամանակ լավ հարց է. «Մարդուն, հասարակությանը զարգացման, աճի համար կայունություն է հարկավոր։ Ե՛վ դպրոցները չունեն այդ կայուն վիճակը, ե՛ւ իրենք՝ վարչության պետերը։ Վերջիններս չեն հասցնում իրենց ձեռագիրը թողնել, իրենց գործն անել, ցույց տալ, թե ինչի են ընդունակ, ինչ գործ են ուզում անել, երբ աշխատանքից ազատվում են։ Չնայած կարծում եմ, որ այս վերջին պետը, որը նախկինում դպրոցի տնօրեն է եղել, լավ կհասկանա մեր վիճակն ու խնդիրները։ Դա նույնն է, ինչպես ճակատամարտում կռված, մարտը վարող սպան։ Եվ ոչ թե թիկունքում իր ծառայությունը մատուցած, բայց ճակատամարտերին չմասնակցած թիկունքային սպան»։ Այս որակումներից հետո պրն Մալխասյանը որոշեց խոսել ընդհանուր կրթական պրոբլեմներից, նշելով. «Բոլորս պետք է աշխատենք (նա նկատի ուներ ոչ միայն կրթության համակարգի աշխատակիցներին, այլեւ՝ լրագրողներին- Մ. Բ.), կրթությունը, դպրոցը լավ պահպանենք։ Այս համակարգը շատ զգայուն օրգանիզմ է եւ պետք է շատ մեղմ ու զգույշ վերաբերվել նրան։ Հացից հետո ժողովրդի համար ամենակարեւորը կրթությունն է։ Բոլորի, ողջ հասարակության աշխատանքով պիտի բարձր մակարդակով պահենք մեր դպրոցները»։ Թիվ 156 դպրոցի տնօրեն Պողոս Հակոբյանը վստահ էր, որ կրթության վարչության պետերի այսքան արագ փոփոխությունն անպայմանորեն անդրադառնում է դպրոցի վրա. «Անկասկած, ամենքս էլ զգում ենք դրա ազդեցությունը։ Չենք հասցնում ծանոթանալ նոր պետի, նրա ծրագրերի, նրա մտահղացումների հետ, երբ գալիս է մյուսը՝ իր ծրագրերով, մտքերով, նոր գործելաոճով»։ Գրեթե նույն կարծիքն արտահայտեց թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը. «Իհարկե, այդքան հաճախակի փոփոխություններն ազդում են մեզ վրա։ Բայց, կարծում եմ, այդ անդրադարձն ավելի շատ մեր՝ տնօրեններիս վրա է զգացվում, քան դպրոցի բնականոն աշխատանքի, դասապրոցեսի ընթացքի վրա։ Մենք ենք, որ պիտի հարմարվենք նոր պետի դիրքին, կարգուկանոնին, ծրագրերին։ Մինչեւ հարմարվում ենք նոր պետի հետ աշխատելուն, գալիս է հաջորդը։ Պատկերացրեք, եթե դպրոցում այդքան հաճախ տնօրեն փոփոխեին, ինչպիսի խառնաշփոթ կառաջանար»։ Իսկ թիվ 128 դպրոցի տնօրեն Եվա Խաչատրյանը դեռ չէր հասցրել զգալ այդ անդրադարձը, քանի որ՝ «Ես նոր տնօրեն եմ, ընդամենը մեկ ամիս աշխատել եմ նախկին պետի՝ Ափիկյանի հետ եւ հիմա մի քանի շաբաթ է նոր պետի՝ Վաթյանի հետ եմ աշխատում։ Բայց վստահ եմ, որ ավելի հին, երկար աշխատանքային ստաժով տնօրեններն այդ փոփոխությունների հետեւանքները զգացած կլինեն»։ Թիվ 151 դպրոցի տնօրենը, չնայած մեծ ցանկությանը, չկարողացավ պատասխանել մեր հարցին, քանի որ այդ պահին դպրոցը, որը կրում է մեծ բանաստեղծ Ռուբեն Սեւակի անունը, նշում էր նրա ծննդյան տարելիցը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել