Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքա՜ն լավ կլիներ, եթե Երեւանը Մոսկվայի չափ մեծ քաղաք լիներ: Այդ դեպքում կվաճառվեին բոլոր թերթերը, ի

Փետրվար 16,2001 00:00

Հայկական համակրանքի մասին Որքա՜ն լավ կլիներ, եթե Երեւանը Մոսկվայի չափ մեծ քաղաք լիներ: Այդ դեպքում կվաճառվեին բոլոր թերթերը, իսկ երիտասարդությունը մի փոքր ավելի կարդացած կլիներ: Մոսկվայում ճանապարհի վրա մեկ ժամից քիչ չի ծախսվում: Այդ պատճառով ամեն տեսակի տրանսպորտում տեսնում ես կլանված կարդացող մարդկանց, նույնիսկ «խուժանները», որոնց նայելիս կյանքում չես հավատա, որ նրանք երբեւիցե որեւէ գիրք են մոտիկից տեսել, նրանք էլ են գիրք կամ թերթ կարդում: Սակայն Մոսկովյան մետրոպոլիտենն էլ իր թերություններն ունի՝ այն այնքան մեծ է, որ վերջերս այնտեղ մի հայ կորել էր: Երկար որոնումներից հետո նա զգացել է, որ արդեն մոտ է հոգեկան խանգարման եւ մի ռուսի 25 ռուբլի տալով խնդրել է, որ իրեն այդ անիծյալ տեղից դուրս հանի: Իմիջիայլոց նկատենք, որ Հայաստանում նման ծառայության համար երբեք փող չէին վերցնի: Մոսկովյան մետրոպոլիտենն իրոք շատ մեծ է, սակայն մոլորվելն այնտեղ դժվար է, քանի որ ամենուրեք ցուցանակներ կան, որոնց վրա գրված է, թե այդ ճանապարհը ուր է տանում, որ փողոց, որ թանգարան: Ինչպես նաեւ՝ փողոցներում՝ ամեն շենքի վրա նշված է փողոցի անվանումը եւ շենքի համարը: Մինչդեռ Երեւանում, Աստված չանի, եթե անծանոթ տեղ գնալիս լինես, երբեք չես իմանա՝ որ փողոցում ես գտնվում եւ որ համարի շենքն ես մտնում: Էլ չասեմ, որ ցանկացած շենք մտնելու համար հարկավոր է կոդ իմանալ: Հասարակական տրանսպորտը (բոլոր տեսակի) գործում է անխափան: Երթուղայինները, ինչպես մեզ մոտ, երկու անգամ թանկ արժեն: Սակայն վարորդին համոզել կանգառից դուրս մեքենան կանգնեցնել՝ շատ դժվար է: Ի տարբերություն Երեւանի, որտեղ նույնիսկ տրամվայներն են կանգնում, եթե խնդրում ես: Բնակարանները Մոսկվայում, բնականաբար, շատ թանկ են, նույնիսկ կենտրոնից հեռու գտնվող շրջաններում: Հայերի բնակարանները դրսից կարելի է ճանաչել՝ փողոցի մի կողմից մյուսը ձգվող լվացքով: Բնակարանում քեֆ-ուրախությունը կարող է միայն մինչեւ երեկոյան ժամը 11-ը տեւել, հակառակ դեպքում հարեւանները զանգահարում են ոստիկանություն: Ռուս ժողովուրդը չի աղմկում սահմանված ժամից հետո՝ հարեւաններին չխանգարելու համար, հայերը վախենում են քաղմաս ընկնելուց: Եթե որեւէ հայի գործերը լավ են դասավորվում, նա աշխատում է լռել իր՝ հայ լինելու մասին, քանի որ Մոսկվայում դա մեծ թերություն է: Քաղաքի կենտրոնում կա մի սրճարան, որը կոչվում է «Կաֆետուն», հենց այդպես, ռուսական տառերով գրված է ցուցանակի վրա: Դա ամենաթանկ սրճարաններից մեկն է, որտեղ ոչ մի հայկական ճաշատեսակ չկա եւ որի հաճախորդները շատ-շատ են: Կան նաեւ այնպիսի սրճարաններ, որ հայերն են «աշխատացնում»: Այստեղ առաջարկվում են հայկական բոլոր ճաշատեսակները, եւ այնքա՜ն հուզիչ է լսել, ինչպես են ռուսները խաշ պատվիրում: Քաղաքի կենտրոնական մասերում իրար ետեւից շարված են նաեւ թուրքերի «օբյեկտները»: Մոսկվայում կան նաեւ հայկական եկեղեցիներ: Փորձեցինք մտնել վերջերս վերանորոգված Ամենափրկիչ եկեղեցի: Իրոք շքեղ է: Սակայն տեղացի 100-150-ամյա տատիկները վերջին բառերով անպատվեցին մեզ, քանի որ մենք անդրավարտիքով էինք, գլուխներս՝ չծածկած եւ խաչակնքվում էինք ոչ թե աջից՝ ձախ, այլ՝ ձախից՝ աջ: Մտանք նաեւ այս եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարան եւ «Օրգազմ» կոչվող կոկտեյլ փորձեցինք: Իրավ, հասկացանք՝ օրգազմը ինչ է, երբ մեզ ներկայացվեց հաշիվը: Ծանոթացանք նաեւ ՄԱՀ-ի՝ ԱՊՀ երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալներին, որտեղ Հայաստանի մասին, բացի նրանից, որ բնակչությունը պատրաստվում է «վենետկա» նկարվել, գրված է, որ հայերը ցեղասպանության «մանիակ» են: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել