ԱՆԼԵԳԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ Նկարում պատկերված «NAN» մանկական սնունդը մաքսանենգ ճանապարհով Վրաստանից մտել է Հայաստան եւ հայտնվել «SAS» սուպերմարկետում։ Թերեւս միայն տուփի վրա գրված վրացերեն տառերը բավական են համոզվելու համար, որ «Նեսթլե» ֆիրման այն արտադրել է հենց Վրաստանի համար։ Համեմատության համար նշենք, որ «Նեսթլե» ֆիրմայից օրինական ճանապարհով Հայաստան ներկրվող մանկական սննդի տուփերի վրա հայատառ գրառումներ են արված։ Այս իրավիճակը սպասելի էր։ Երբ հարկային դաշտում արված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մանկական սննդի (նաեւ դեղորայքի) վրա եւս ավելացված արժեքի հարկ դրվեց, մամուլը, մասնավորապես՝ «Առավոտը», կանխատեսեց, որ դրա հետեւանքով Վրաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ մանկական սնունդ (նաեւ դեղորայք) կմտնի։ (Հիշեցնենք, որ Վրաստանը մանկական սննդի եւ դեղորայքի նկատմամբ ավելացված արժեքի հարկը մի քանի ամիս կիրառելուց հետո հանեց այն եւ ներկայումս մանկական սնունդն ու դեղորայքը Վրաստանում ազատված են ԱԱՀ-ից)։ Այն ժամանակ ՀՀ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը չհամաձայնեց մեր կանխատեսումների հետ եւ շեշտեց, որ կուժեղացնեն մաքսային ծառայությունների աշխատանքը։ Ավելին, պարոն Մանուկյանն ակնարկեց, թե խոսելը հեշտ է, պետք է իրեղեն ապացույց ներկայացնել։ Թեպետ մաքսանենգություն հայտնաբերելը բոլորովին էլ լրագրողի աշխատանքը չէ, այդուհանդերձ հասարակությանն ենք (նաեւ պետեկամուտների նախարարին) ներկայացնում մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան մտած մանկական սնունդը։ Մի դիտարկում եւս. երբ կանխատեսում էին մանկական սննդի (նաեւ դեղորայքի) անլեգալ ճանապարհով Վրաստանից Հայաստան ներկրման հնարավորությունների մասին՝ ենթադրում էինք, որ այն կհայտնվի փողոցային առեւտրով զբաղվողների, լավագույն դեպքում՝ տոնավաճառների (ի դեպ, «Փեթակ» եւ «Սուրմալու» տոնավաճառներում եւս վաճառվում է Վրաստանից բերված մանկական սնունդ) առեւտրականների ձեռքում, բայց չէինք կարող երեւակայել, որ այն կարող է առոք-փառոք տեղ գրավել «SAS» սուպերմարկետում։ Հիշեցնենք, որ այս խանութը պատկանում է (ոչ ուղղակիորեն) ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանին։ Ի դեպ, Հայաստանը՝ լինելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ, պարտավոր է հետեւել 2001թ. հունվարի 22-ի որոշմանը, որտեղ ասված է. «Ճանաչել յուրաքանչյուր մարդու ապահով եւ սննդարար մթերքի ձեռքբերման հնարավորության իրավունքը, որը համապատասխանում է յուրաքանչյուր մարդու բավարար սնունդ ստանալու եւ սովից ազատ լինելու հիմնարար իրավունքին։ Ամեն ջանք պետք է գործադրվի այս իրավունքի ամբողջական իրականացմանը հասնելու համար եւ պետք է հասարակության բոլոր սեկտորներին համագործակցելու կոչ անել մանուկների եւ փոքր երեխաների սնունդը բավարարելու համար»։ Մեր ձեռքի տակ է «Նեսթլե» ֆիրմայի Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Վան Դեր Լուի նամակը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս կետը պետք է ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարին՝ կապված վերջերս հաստատված մանկական կերի ներկրման հարկման հետ, որը էապես վատացնում է մանուկների սնման վիճակը։ Առողջապահության նախարարը նման բան չի կարող թույլատրել»։ Բայց, ինչպես ասում են՝ եղածն եղած է եւ մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան մտած մանկական սնունդն անարգելք վաճառվում է, եւ դա չի հուզում ոչ միայն առողջապահության նախարարին, այլ նույնիսկ պետեկամուտների նախարարին։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ