Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համոզված

Փետրվար 16,2001 00:00

«Մեր փրկությունը ներսում պետք է փնտրել եւ ոչ դրսում» Համոզված է հայկական դիմադրության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ, «Դարձ» պարբերականի խմբագիր Մուշեղ Լալայանը։ Պրն Լալայանի կարծիքով, Ալիեւի եւ Քոչարյանի՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նախապատրաստվող պայմանագրի ստորագրումը խիստ մտահոգիչ է, քանզի կարող է իրականություն դառնալ, եթե հայ հասարակության կողմից լուրջ դիմակայություն չլինի։ «Պայմանագրի ստորագրումով՝ Ղարաբաղը Ադրբեջանի հետ կկազմի մեկ ընդհանուր պետություն, իսկ ազատված տարածքները, բացառությամբ ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցքի, կտրվեն Ադրբեջանին»։ Ըստ պրն Լալայանի. «Հայաստանի հիմնական դիմադրության օղակները հոկտեմբերի 27-ից եւ մարտի 22-ից հետո փլուզվեցին, հետեւողականորեն տրոհվեց հայոց զինվորական ուժը, երկրապահները թե այստեղ եւ թե Լեռնային Ղարաբաղում մասնատվեցին, եւ այդ գործընթացը շարունակվում է։ Արեւմուտքը մեզ ստիպում է արագացնել փաստաթղթի ստորագրումը, իսկ Ռուսաստանն այս պարագայում աջակցողի դեր չի ստանձնում, ինչը վերջերս Հայաստանի որդեգրած արեւմտամետ քաղաքականության արդյունք է։ Այս դեպքում՝ նախագահը ունի երկու տարբերակ. կամ պետք է Հայաստանում վերջապես ձեւավորվի հակազդող քաղաքական դաշտ (ինչը ներկայումս չկա) եւ կշիռ ունենա դրսի համար։ Տվյալ դեպքում առնվազն տարօրինակ է ՀՅ Դաշնակցության դիրքորոշումը։ Կամ էլ նախագահը պետք է ունենա ժողովրդի հզոր աջակցությունը (որը նույնպես բացակայում է) եւ օգտագործի այն՝ հակադրվելու համար արտաքին թելադրանքներին»։ – Ազդեցիկ քաղաքական դաշտի եւ ժողովրդի աջակցության բացակայության դեպքում ի՞նչ պետք է անի նախագահը։ – Եթե նախագահը չունենա դիմադրության որեւէ հնար, նա պետք է ապահովի իշխանության սահուն եւ գրագետ փոխանցում նրանց, ովքեր այս տարիներին գրեթե մասնակցություն չեն ունեցել բանակցային ընթացքին։ Այդպիսով մենք կկարողանանք ժամանակ շահել եւ արտաքին թելադրանքներին դիմակայելու նոր ուղիներ փնտրել։ – Իբրեւ Հանրապետական կուսակցության խորհրդի նախկին անդամ, ինչպե՞ս եք գնահատում կուսակցության տրոհման գործընթացը։ – Նախ՝ անբնական շահախնդիր հիմունքներով ձեւավորված դաշինքները երբեւէ երկար կյանք չեն ունենում։ Ապա՝ երբ որեւէ քաղաքական ուժ իր գաղափարախոսությունից չի բխեցնում գործունեությունը, հեռանկար չունի։ Վերջին տարիներին, ունենալով իրական լծակներ կառավարությունում, խորհրդարանում, Հանրապետական կուսակցությունը ոչինչ չարեց իր որդեգրած գաղափարախոսությունը հասարակության գիտակցության մեջ արմատավորելու համար։ Կուսակցության տրոհումը այս իմաստով օրինաչափ է։ Եվ այս տեմպերով Հանրապետական կուսակցությունը մոտ ապագայում կվերածվի շարքային կազմակերպության։ – Ըստ ձեզ, Ա. Բազեյանը եւ նրա համախոհները ի՞նչ կձեռնարկեն հիմա, երբ դուրս են եկել հանրապետական կուսակցությունից, եւ ինչպե՞ս եք գնահատում նրա հասցեին վերջերս հաճախակի հնչող քննադատությունները։ – Ինչ էլ որ ձեռնարկեն, ցանկալի կլիներ, որ նրանք վերստին քաղաքական դաշտ մտնեին նախկին սխալներից դասեր առած եւ առավել գաղափարական եւ բարոյական կազմով։ Իսկ ինչ վերաբերում է քննադատություններին, դրանք միտումնավոր սեւացումներ են, որ կատարվում են նրանց կողմից, ովքեր պառակտեցին մեր զինուժը, ովքեր մեզ համար սարքեցին դատավարություններ, որով բթացրին արտաքին վտանգի հանդեպ ունեցած մեր զգոնությունը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել