Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առաջնայինը արտաքին ուժերն են»

Փետրվար 16,2001 00:00

«Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների վերաբերյալ գտնում է նախկին նախարար Վահան Շիրխանյանը, որը քիչ հավանական է համարում կազմակերպիչների բացահայտումը։

– Դուք «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերին ծանո՞թ եք։

– Ո՛չ։

– Այսինքն, այս գործի մասին Ձեր դատողությունները եւս ենթադրությունների եւ վերլուծությունների մակարդակո՞վ են։

– Միա՛յն։ Ոչ մի մանրամասնի տեղյակ չեմ։ Ենթադրություններ են միայն։

– Ըստ Ձեր ենթադրությունների՝ պետական հեղաշրջման այդ փորձի կազմակերպիչները ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերն են։

– Կարծում եմ, երկուսն էլ կան, բայց արտաքինն ավելի շատ։ Առաջնայինը արտաքին ուժերն են։

– Վերջերս հատկապես շրջանառվում է այս ահաբեկչությունը Թուրքիայի հետ կապելու վարկածը։ Այն Ձեզ մո՞տ է թվում իրականությանը։

– Չեմ ուզում ծավալվել, բայց, իհարկե, կան հիմքեր նման ենթադրություններ անելու համար։ Կան հիմքեր նաեւ այլ երկրների վերաբերյալ ենթադրություններ անելու համար։ Բայց որ «Հոկտեմբերի 27»-ից հետո Հայաստանում ստեղծված վիճակը ձեռնտու էր որոշակի երկրների՝ միանշանակ է։

– Վարկածներից մեկն էլ առաջ էր քաշում Աշոտ Մանուչարյանը, որ կատարվածը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի քայքայիչ գործունեության հետեւանքն էր։ Այս վարկածին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Կարծում եմ, որ այս ոճիրը ձեռնտու էր այն երկրին, որին ձեռնտու է Հայաստանը տեսնել դեինդուստրիալիզացված, հետամնաց ագրարային, որեւէ առաջընթացի ներուժից զուրկ (այսինքն՝ գիտության իմաստով) երկիր։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Հեշտ է արդեն եզրակացնել։ Այդպես էլ գնում է։

– Համոզվա՞ծ եք, որ Հայաստանը մնալու է այս թույլ վիճակում։ Եվ որքա՞ն ժամանակ։

– Հայաստանն այսօր դարձել է մի երկիր, որտեղ արդյունաբերական արտադրանքն ընդհանուր համախառն ներքին արդյունքում կազմում է ընդամենը 25-26%։ Ընդ որում, այդ 26%-ի մեջ հիմնական մասը՝ շուրջ 70-80%-ը կազմում է ծխախոտը, սննդի վերամշակումը, ադամանդների վերամշակումը։ Արդեն որեւէ տեխնոլոգիական զարգացում սպասել չի կարելի։

– Խնդրեմ մեկնաբանեք եւս մի վարկած, որը շրջանառության մեջ դրեց Սերժ Սարգսյանը։ Այն է, թե կատարվածում շահագրգիռ անձինք կարող են լինել նաեւ Վազգեն Սարգսյանի շրջապատում։ Արդյոք քննարկման արժանի՞ եք համարում այդ վարկածը։

– Անհեթեթ եմ համարում, անհիմն ու անտրամաբանական։ Կարծում եմ, ինչ-որ էմոցիաների տակ ասված խոսք է դա։

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ գործը նման շրջադարձ ունենա. «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած գործընթացների՝ հանրահայտ ցուցակի, ՊՆ-ում հավաքի եւ այլնի համար պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվեք մասնավորապես Դուք։ Մանավանդ, որ իշխանական օղակներում նման քրեական հետապնդում սկսելու ցանկություն կա վաղուց։

– Ինձ նման բան հայտնի չէ։ Դեռեւս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այդ մասին շատ է խոսվել։ Եվ կարծում եմ, որ հիմա ավելորդ է անդրադառնալ դրան։ Եթե ապացուցվի, որ հեղաշրջման փորձ է արվել, ապա դա հենց «Հոկտեմբերի 27»-ն է եւ ոչ թե դրանից հետո տեղի ունեցածը։

Հարցազրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728