Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Փետրվար 16,2001 00:00

«ԴԱՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ՝ ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությանը դրսում հետեւող Արամ Սարգսյանն իր դրսում եւ ոչ թե դատարանի դահլիճում լինելը բացատրեց նրանով, որ չի կարող նստել մի դահլիճում, որտեղ գտնվում է իր եղբորը սպանողը։ Պարոն Սարգսյանն ասաց, որ ինքն իրեն ասիացի է համարում եւ չի կարող հանգիստ նայել մարդասպաններին։ Արամ Սարգսյանի կողքին էին ՀՀԿ-ից դուրս եկած ԵԿՄ անդամներ Ալբերտ Բազեյանը, Սմբատ Այվազյանը, Ղուկաս Ուլիխանյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունից ամիսներ առաջ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի հավատում նախաքննությունը ղեկավարող մարմնին եւ ասաց, որ ինքը «27»-ի գործով բազմաթիվ փաստարկներ ունի, որոնք կներկայացնի հարմար պահի։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ե՞րբ է հարմար պահը։ Արդեն սկսվել է դատավարությունը, Վազգեն Սարգսյանի եղբայրը չի՞ պատրաստվում ներկայացնել իր ունեցած փաստարկները. «Ասել եմ՝ ունեմ լուրջ կասկածներ «Հոկտեմբերի 27»-ի գործով։ Այսօրվա դրությամբ բավարարված եմ փաստաբանների աշխատանքով։ Պրոֆեսիոնալ մարդիկ են։ Իմ փաստարկները ես ներկայացրել եմ նրանց։ Նրանք այդ փաստարկներով հետաքրքրվել են, ավելի ամրապնդել, եւ կարծում եմ, դա իր պտուղները կտա»։ Արամ Սարգսյանը չուզեց ասել, թե դրանք ինչ փաստարկներ են։ Բայց ասաց, որ առանց «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման՝ երկիրն ապագա չունի. «Քանի չեն բացահայտվել «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները, վախի եւ կասկածամտության մթնոլորտը տիրելու է մեր հանրապետությունում»։ Որքանո՞վ է ռեալ Արամ Սարգսյանի կողմից նոր քաղաքական ուժի ստեղծումը։ Պրն Սարգսյանի ասելով՝ նոր միավորի ստեղծումը ինքնանպատակ չի կարող լինել, պետք է դրա պահանջը լինի եւ եթե լինի, Արամ Սարգսյանը կստեղծի այդ ուժը։ Ի՞նչ հարաբերությունների մեջ է Արամ Սարգսյանը ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանի հետ եւ պարոն Սարգսյանը հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունը ՀԺԿ-ի հետ. «Իսկ ինչո՞ւ՝ ոչ»։ Ա. Սարգսյանի ասելով՝ իր եւ Ստ. Դեմիրճյանի հարաբերություններն ավելի շատ մարդկային են, ավելի քիչ՝ քաղաքական. «Ես չեմ համարում, որ իրավունք ունեմ մտնել ՀԺԿ-ի գործունեության մեջ։ Նորմալ մարդկային հարաբերություններ ունենք, շփվում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով, իրականում մեր միակ խնդիրն այժմ արդարության հաստատումն է»։ ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրենք ուզեն-չուզեն, մարդիկ հավաքվելու են դատարանի մոտ եւ բոլորի պահանջն է գործի ամբողջական բացահայտումը. «Դատարանը պետք է զգա՝ ինչ է պահանջում ժողովուրդը, եւ դատարանում արդար քննություն իրականացնի»։ Թեպետ դրսում հավաքվածները դատարանից արդար վճիռ էին պահանջում, բայց ոչ ոք, այդ թվում նաեւ՝ պարոն Բազեյանը, չէր հավատում, որ մեր դատական համակարգը ի զորու է արդարադատություն իրականացնել։ Բայց նաեւ գտնում է, որ «այն, ինչ չկարողացավ բացահայտել նախաքննական մարմինը դատարանում, հրապարակային քննության ժամանակ որոշակի հարցեր կբացահայտվեն»։ Ա. Բազեյանը չուզեց իր առաջիկա քաղաքական ծրագրերից խոսել, ասելով, որ այսօր իրենց առաջիկա քաղաքական ծրագիրը. «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքին հետեւելն է եւ պահանջելը գործի ամբողջական բացահայտում եւ արդարադատության իրականացում»։ Նախորդ օրը «Սոցուժերի» եւ մի շարք այլ ուժերի նախաձեռնությամբ հրավիրած կլոր սեղանի ժամանակ Կոմկուսի ներկայացուցիչ Խորեն Սարգսյանն ասաց, որ քանի դեռ իշխանության ղեկին է Ռոբերտ Քոչարյանը, «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվի։ Ալբերտ Բազեյանը ե՞ւս այդպես է մտածում։ Ոչ, պրն Բազեյանը չուզեց «միանշանակ հայտարարություն անել։ Ես միշտ ասել եմ, որ իրատես մարդ եմ, մինչեւ կոնկրետ փաստարկված չլինի, ես չեմ կարող որեւէ վարկածի ուղղակիորեն հետեւել կամ ընդունել որպես հիմք»։ Ա. Բազեյանը չժխտեց Բորիս Նազարյանի հրաժարականի եւ «27»-ի գործով դատավարության միջեւ հնարավոր կապի առկայությունը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել