Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունը սկսված է։ Վազգեն Սարգսյանի փողոցում մարդիկ հավաքվել էին վաղ

Փետրվար 16,2001 00:00

«ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ» «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունը սկսված է։ Վազգեն Սարգսյանի փողոցում մարդիկ հավաքվել էին վաղ առավոտից։ Դատարանի դահլիճ մտնողներին վեց անցագրային կետերում ստուգում էին։ Դահլիճ մտնելուց առաջ մետաղորսիչ սարքով ստուգում էին բոլորին։ Առաջին նիստը տեւեց մոտ երկու ժամ, բայց այդքանն էլ բավական էր, որ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատները կրկին վերապրեին իրենց վիշտը։ Դատական նիստի սկզբից 20 րոպե անց Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանն իրեն վատ զգաց եւ որդու՝ Սամվել Դեմիրճյանի ուղեկցությամբ դուրս եկավ դահլիճից։ Ավելի ուշ զոհվածների հարազատներից շատերը խոստովանեցին, որ իրենց համար ծանր էր մարդասպանների հետ նույն դահլիճում գտնվելը։ Դահլիճում լարված իրավիճակ էր։ Երբ դատարանի դահլիճ բերվեց Նաիրի Հունանյանը, ներկաների միջից հնչեցին. «Պատիժ վիժվածքներին», «Մահ մարդասպաններին», «Կախաղան դրան» եւ այլ կոչեր։ Գործով մեղադրվող ոստիկաններից ոչ մեկը չուզեց Նաիրի Հունանյանի հետ նույն ճաղավանդակում նստել, ասելով, թե իրենք չեն ցանկանում մարդասպանի հետ նույն աթոռին նստել։ ՆԳՆ պահպանության միավորման օպերատիվ գնդի միլիցիոներ Արմեն Գասպարյանը միջնորդություն ներկայացրեց։ Նա պահանջեց իրեն ազատ արձակել եւ գործից անջատել իրեն պաշտոնեական անվստահության համար առաջադրված մեղադրանքի մասը։ Դատարանը մերժեց միջնորդությունը։ Դատավոր Ուզունյանն ասաց, որ խափանման միջոցը ճիշտ է ընտրված։ Արմեն Գասպարյանն էլ իր հերթին հացադուլ հայտարարեց։ Դատական նիստին ներկաներից շատերը պահանջում էին մարդասպանին հանձնել ժողովրդի դատաստանին։ Դատավոր Սամվել Ուզունյանը դատական նիստը սկսեց օրենքով սահմանված կարգով։ Դատարանի դահլիճում պարզվեց, որ 13-րդ ամբաստանյալ Միսակ Մկրտչյանը, որը ստորագրություն էր տվել քաղաքից չբացակայելու մասին, դատարան չէր ներկայացել։ Հիշեցնեմ, որ վերջինս նախաքննության ընթացքում կալանքից ազատ էր արձակվել հիվանդության պատճառով։ Նույնիսկ փաստաբանը չգիտեր, թե ինչու Մ. Մկրտչյանը չի ներկայացել դատարան։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն իրեն հանգիստ էր պահում, երեւում էր, որ նա առանձնապես ճնշված չէ։ Մի պահ դատավորը ստիպված էր պահանջել, որ ամբաստանյալն իրեն կարգին պահի։ Ի դեպ, ամբաստանյալ Կարեն Հունանյանն իրեն առանձնապես հոգեկան խանգարում ստացածի պես չէր պահում։ Հիշեցնեմ, որ ըստ Կ. Հունանյանի փաստաբան եւ նախագահին կից մարդասիրական հանձնաժողովի անդամ Վ. Հարությունյանի՝ Կ. Հունանյանը հոգեկան խանգարում է ստացել։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին ամբաստանյալ Նաիրի Հունանյանը բացարկ հայտարարեց, ինչը դատարանը մերժեց։ Հունանյանն ասաց, որ ինքը մեղադրական եզրակացությանը չի ծանոթացել, որովհետեւ այն իրեն տրվել է օրենքի խախտմամբ։ Հունանյանի այս միջնորդությունը դատարանը անհիմն համարեց։ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների փաստաբաններ Ջանոյանները միջնորդեցին հետաձգել դատական նիստը, քանի որ բացակայում էին մեկ ամբաստանյալը, երկու դատապաշտպանները, եւ ամբաստանյալ Ն. Հունանյանն էլ ծանոթ չէր մեղադրական եզրակացությանը։ Նիստն ընդմիջվեց մինչեւ փետրվարի 22-ը։ Նիստի ավարտից հետո գործով տուժող ճանաչված, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը (ՀԺԿ) իր տպավորությունները ներկայացրեց։ Պարոն Բարսեղյանը նշեց, որ դատավարությանը շատ լավ նախապատրաստվել էին. «Ն. Հունանյանն իր ձեռքին ուներ ծածկաթերթիկներ, որոնցով կարողանում էր իր առարկությունները ներկայացնել։ Տպավորությունն այնպիսին էր, որ ոճրագործությանը նպաստած ուժերը գործում էին նաեւ դատարանի դահլիճում եւ Հունանյանի ակնհայտ ակտիվությունը, նրա հարձակողական ոճը հենց դրա մասին են խոսում»։ Դատարանի դահլիճում գտնվողները նկատել էին, որ Ն. Հունանյանը բոլորովին հյուծվածի եւ խոշտանգվածի տեսք չուներ։ Ուրեմն ինչո՞ւ էր նախագահին կից մարդասիրական հանձնաժողովը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, ամիսներ շարունակ պնդում, թե Ն. Հունանյանը մեկուսարանում խոշտանգումների է ենթարկվում եւ հյուծվում է։ Ա. Բարսեղյանը գտնում է, որ «լիարժեք դատաքննություն անցկացնելու պայմաններում Ն. Հունանյանը պարզապես ստիպված կլինի խոսել։ Կան շատ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է հանցագործներից կորզել այն, ինչ իրականում կա։ Բայց այսօրվա դատական մարմինները դա չեն անում, որովհետեւ, ես ուզում եմ կրկին շեշտել, ավելի հզոր ուժեր կան դրանց հետեւում կանգնած, որոնք արգելում են իրականությունը ջրի երես հանել»։ «ՀԺԿ-ն փորձելու է առաջին հերթին իր փաստաբանների միջոցով դատավարությունը ճիշտ ուղիով տանել։ Իսկ եթե տեսնենք, որ այնպես չի գնում, ապա այստեղ իր խոսքը կասի ժողովուրդը։ Ժողովուրդը միանշանակ պահանջում է գործի լիարժեք բացահայտում եւ մարդասպաններին մահապատիժ։ Եթե ոչ, ապա ժողովուրդը գիտի, թե ով է «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուն եւ ժողովուրդն իր ձեռքով դատաստանը կտեսնի։ Թող չթվա, թե կհաջողվի կոծկել այս հրեշավոր հանցագործությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել