Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՖՈՆԴԸ ՍՊԱՌՎԵԼ Է։ ԿԼՑՎԻ՞…

Փետրվար 15,2001 00:00

ՖՈՆԴԸ ՍՊԱՌՎԵԼ Է։ ԿԼՑՎԻ՞… 2001 թվականի մայիսի 7-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այն սովորաբար տեղի է ունենում տարին մեկ անգամ, որտեղ ՀՀՀ-ի գործադիր տնօրենը հաշվետվություն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդին։ Նիստի ընթացքում քննարկվում են առաջիկա եւ հեռանկարային ծրագրերը, առաջարկություններ արվում, փորձում ստեղծել բարենպաստ պայմաններ՝ աշխատանքներն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հանրային կապերի բաժնի վարիչ Տիգրան Պասկեւիչյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստի օրերին է հանձնվելու «Հանրապետության նախագահ մրցանակը», որի հեղինակն է Շվեյցարիայի «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը։ «Հանրապետության նախագահ մրցանակը» տրվելու է հինգ բնագավառների՝ գիտություն (տեխնիկական եւ բնական), առողջապահություն (ինֆորմացիոն տեխնոլոգիաներ), գրականություն, արվեստ ու մարդկային եւ հասարակական արժեքների զարգացում։ Համապատասխան այս հինգ բնագավառների՝ առաջարկվող աշխատանքները կընդունվեն մինչեւ մարտի վերջը։ Այնուհետեւ հանձնաժողովն ընտրելու է յուրաքանչյուր բնագավառից լավագույն մեկին։ Մրցանակը՝ 5000-ական ամերիկյան դոլար։ Տիգրան Պասկեւիչյանի հավաստմամբ, ՀՀՀ-ն սերտ բարիդրացիական կապերի մեջ է բոլոր բարերարների հետ։ Դեռեւս 1997 թվականին Վաչե Մանուկյանը կես միլիոն դոլար փոխանցեց եւ բացեց «Վաչե Մանուկյան» ֆոնդը։ Վերջինս իր հովանավորության տակ վերցրեց մշակութային եւ կրթական ինստիտուտները։ Պետական կարգավիճակ ունեցող ստեղծագործական խմբերին՝ Հայաստանի ազգային կամերային նվագախմբին, Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբին, Ճենտերեճյան դուետին, Գյումրիի պարի անսամբլին, Հայաստանի 5 թատրոններին, Ղարաբաղի դրամատիկական թատրոնին, ճանաչված մշակութային գործիչներին՝ թվով 720 հոգու, ամսական 6-ից 10 հազար դրամ նպաստ էր վճարվում։ Այն շարունակվեց մինչեւ 2000 թվականը՝ ֆոնդի սպառումը։ Սակայն այսօր փորձ է կատարվում վերականգնել այս նախաձեռնությունը՝ դարձյալ «Վաչե Մանուկյան» ֆոնդի հովանավորությամբ։ Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել