Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉԻ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

Փետրվար 15,2001 00:00

ՉԻ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Իրավական տեսակետից այսպիսի գնահատականի արժանացավ թիվ 66 դպրոցի երրորդ դասարանցի աշակերտների որոշ ծնողների դժգոհությունը հարուցած երեւույթը։ Երեխաները պարտադրված են միանգամից երկու օտար լեզու սովորել՝ ֆրանսերեն եւ անգլերեն։ Խմբագրություն դիմած ծնողների հավաստմամբ՝ երեխաները նման ծանրաբեռնվածությանը չեն դիմանում, խառնում են իրար երկու լեզուները եւ ի վիճակի չեն դրանք միաժամանակ յուրացնել։ Ծնողների պնդմամբ, դպրոցի տնօրենը դիմել է այդ որոշմանը, որպեսզի ֆրանսերեն դասավանդող իր ուսուցիչներն անգործ չմնան։ Այս վերջին փաստարկը դպրոցի տնօրեն Վարդուհի Գրիգորյանը չժխտեց։ Բոլորը ցանկանում են անգլերեն սովորել, «բա մեր ֆրանսերենի մանկավարժներին ի՞նչ անենք»։ Սակայն տիկին Գրիգորյանը զարմացավ, որ ծնողները բողոքում են, քանի որ, ըստ իրեն՝ երկու օտար լեզու սովորեցնելու համար ծնողները «շնորհակալություն են անընդհատ հայտնում եւ շատ գոհ են»։ Այս դպրոցը 51 տարի, որպես օտար լեզու, ֆրանսերեն է դասավանդել։ Ծնողների կարծիքը հաշվի առնելով՝ վերջին տասներկու տարին նաեւ անգլերեն են ուսուցանում։ Սովորաբար դասարանը կիսվում է երկու խմբի եւ, ըստ ցանկության, մի խմբում անգլերեն են դասավանդում, մյուսում՝ ֆրանսերեն։ Բայց դպրոցի չորս երրորդ դասարաններում էլ երեխաների թիվը չի գերազանցում քսանհինգը, այսինքն դասարանը կիսելու իրավունք չունեն։ Ու քանի որ բոլորն էլ ցանկացել են անգլերեն սովորել, դպրոցի մանկխորհրդի որոշմամբ, դպրոցական պարտադիր ժամաքանակի հաշվին նաեւ ֆրանսերենի ուսուցում են մտցրել։ Դպրոցական պարտադիր ժամաքանակի տնօրինման իրավունքը դպրոցինն է։ ԿԳՆ-ի կրթական բարեփոխումների կենտրոնի փոխտնօրեն Սարիբեկ Հակոբյանի պարզաբանմամբ՝ դպրոցին թույլատրվում է միայն մեկ օտար լեզու (ռուսերենից բացի) ուսուցանել, սակայն դպրոցը կարող է այդ պարտադիր ժամաքանակի հաշվին ավելացնել ցանկացած առարկայի դասաժամերը։ Եվ եթե ծնողներն ու երեխաները չեն դժգոհում, կարող են նաեւ այդ դասաժամերի հաշվին ֆրանսերեն դասավանդել, թեեւ քննություն կամ ստուգարք երեխան կհանձնի միայն մեկ օտար լեզվից։ Այսպիսով, հարցը պիտի կարգավորվի ծնողների ցանկությամբ եւ մանկխորհրդի որոշմամբ։ Պարտադրելու իրավունք դպրոցը չունի, երեխաներին գերծանրաբեռնել չի թույլատրվում։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել