ԴԱՏԱԽԱԶՆԵ՞ՐՆ ԵՆ ՍՈՎԱԾ, ԹԵ՞ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԱԺ 2001թ. առաջին նիստում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց 30%-ով բարձրացնել դատախազների աշխատավարձերը։ Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, որ պրն Դալլաքյանն առաջարկեր ոչ թե դատախազների աշխատավարձերը բարձրացնել, այլ դատավորների աշխատավարձերը ցածրացնել։ Մոտ երեք տարի առաջ՝ 1998թ. ապրիլի 1-ից, իբր թե բազային թոշակի 30%-ի չափով ավելացվեցին թոշակները։ Իրականում կառավարությունը այդ որոշումով լրիվ չփոխհատուցեց նախորդ տարիների արժեզրկման պատճառով պակասեցված ռեալ թոշակները։ Անցյալ՝ 2000թ. հուլիսի 1-ից, 500-700 դրամով պակասեցվեցին մեկ անձին հասնող նպաստների չափերը։ Դրանով չբավարարվելով, 2001թ. նորից պակասեցվելու են նպաստների քանակներն ու չափերը, որովհետեւ 2001թ. բյուջեում նպաստների համար նախատեսված է մոտ 3 մլրդ դրամ պակաս, քան անցած՝ 2000թ. էր նախատեսված։ Ինչո՞ւ «ազգային ջոջերը» պետք է բարձր աշխատավարձ ստանան, եթե նրանց ղեկավարելու շնորհքի պակասության պատճառով երկրում շատացել են անտեր շների կարգավիճակում գտնվող քաղաքացիները։ Իսկ ում ինքնասիրությունը թույլ չի տալիս աղբարկղերում ուտելիք փնտրել կամ ողորմություն խնդրել՝ նրանք ինքնասպան են լինում՝ թողնելով հետմահու գրություն, որ թոշակն ու նպաստը չեն բավարարել ապրելու համար։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ