100 ՕՐՍ ՉՈՔԵՑ ԴՈՒՌՍ 2000-ի նոյեմբերից Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը փոխվեց։ «Անխորտակելի» Լորիս Ճգնավորյանն, ի վերջո հեռացավ՝ դաշտը թողնելով նոր սերնդին։ Արդեն 100 օր է ՀՖՆ-ի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է։ Այս առթիվ երեկ մամուլի ասուլիս էին կազմակերպել ՀՖՆ-ի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը եւ ՀՖՆ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Նախատեսվում էր, որ ասուլիսին պիտի ներկա լինեին նաեւ ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանն ու ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը, բայց… ավա՜ղ։ Նիկա Բաբայանը որեւէ տարօրինակ բան չէր տեսնում Լորիս Ճգնավորյանի հեռանալու մեջ. «Իմ կարծիքով, այս փոփոխությունը տրամաբանական էր։ Ինձ թվում է՝ մաեստրո Ճգնավորյանը իր առաքելությունն արդեն կատարել էր ու պարզապես հոգնել էր»։ Չցանկանալով հեռացածի մասին վատ խոսք ասել, պրն Բաբայանը հայտարարեց, որ Ճգնավորյանից իրենք լավ ժառանգություն են ստացել՝ «դիսցիպլինայով նվագախումբ, պահպանված շենք, նորմալ աշխատակազմ»։ Մի մաեստրոյից սահուն անցում կատարելով մյուսին, պրն Բաբայանն ասաց. «Էդուարդ Թոփչյանի հետ մե՜ծ հույսեր ենք կապում, նա մեծ տաղանդ եւ առաջընթացի մեծ տեղ ունի։ Հուսով ենք, որ շատ շուտով Է. Թոփչյանի գլխավորությամբ ՀՖՆ-ն կմտնի միջազգային ասպարեզ»։ Պրն Բաբայանը վստահեցրեց, որ երբեւէ որեւէ խոսակցություն, որեւէ պրոբլեմ ՀՖՆ-ն ՀԲԸՄ-ի հետ չի ունեցել։ Նման խոսակցություններ, ըստ պրն Բաբայանի, տարածում են «նրանք, ովքեր կուզեին, որ այդպես լիներ։ Ֆիլհարմոնիկը ՀԲԸՄ-ի կարեւոր մշակութային ծրագրերից է։ Նրանք ՀՖՆ-ն համարում են իրենց միսիաներից մեկը»։ Լորիս Ճգնավորյանի՝ նվագախումբը ղեկավարելու տարիներին կատարած ֆինանսական չարաշահումների մասին լուրերին վերաբերող հարցին ՀՖՆ գլխավոր տնօրենը պատասխանեց. «Վստահաբար որոշ խախտումներ եղել են, բայց չեմ կարծում, թե դա չարամտորեն արված է։ Կարծում եմ՝ դա տեխնիկական անկարգություն է եւ օրենքը չիմանալու հետեւանք։ Մենք պրն Ճգնավորյանի հետ այսօր էլ որոշ չպարզված, ճշտելու կարիք ունեցող ֆինանսական խնդիրներ ունենք»։ Նիկա Բաբայանը տեղեկացրեց նաեւ, որ հուլիսին տեղի կունենա բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ոչ միայն ներկայիս նվագախմբի կազմը, այլեւ ցանկացած երաժիշտ, ով գտնում է, թե բավարար տաղանդ եւ վարպետություն ունի ՀՖՆ-ում աշխատելու համար։ Մրցույթն ունենալու է շատ հեղինակավոր ժյուրի, որի կազմում հիմնականում ընդգրկվելու են ոչ հայաստանցի մասնագետներ՝ մրցույթի օբյեկտիվությունը կատարելապես ապահովելու համար։ Պրն Բաբայանն ասաց նաեւ, որ շատ շուտով ՀՖՆ-ում լիարժեք գործող արհմիություն կստեղծվի։ Հիշեցնեմ, որ արհմիություն ստեղծելու ցանկություն հայտնած 7 երաժիշտ Լ. Ճգնավորյանի օրոք վտարվել էին նվագախմբից։ ՀՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, խոսելով նվագախմբի համերգային քաղաքականության մասին, ասաց, որ արվելու է ամեն ինչ համերգներն ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա դնելու համար. «Եթե մենակատարը լավը չէ՝ համերգի մի մասը փչացած է, եթե դիրիժորը լավը չէ՝ փչացած է ողջ համերգը»։ Քաղաքականության գլխավոր ուղղություններից է նաեւ հանրապետության եւ դրսի բոլոր հնարավոր կարող ուժերի հետ համագործակցելը. «Արդեն ՀՖՆ-ի հետ ելույթ են ունեցել շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ, շուտով համերգներով հանդես կգան նաեւ մեր անվանի, մեծ, վաղուց ճանաչված կատարողները, մարդիկ, որոնք երկար տարիներ ֆիլհարմոնիկի հետ չէին նվագում, իսկ, եթե նրանք չէին նվագում, չգիտեմ՝ ո՞վ պիտի նվագի»։ Պրն Թոփչյանը նաեւ ասաց, որ ամեն ինչ պիտի անի, որպեսզի ՀՖՆ-ի հետ համերգներ տան աշխարհաճանաչ լավագույն դիրիժորները, որոնք երբեք Հայաստանում չեն եղել. «Բայց ես նրանց հետ անձնական կոնտակտներ ունեմ ու պիտի փորձեմ նրանց բերել, դա մեր նվագախմբի համար շատ օգտակար կլինի, նաեւ Հայաստանի իմիջի համար մեծ բան կլինի»։ Սպասվող ծրագրերից է նաեւ Բեթհովենի փառատոնը. «Շատերը հիմա ասում են՝ դե՜, Բեթհովե՜ն, Մոցա՜րտ, հասկացանք էլի՜, մի քիչ էլ նոր բան նվագեք։ Ես դրան դեմ եմ, համոզված եմ, որ դեռ ոչ մեկը չի հասկացել Բեթհովեն ու Մոցարտ։ Իմ քաղաքականությունում նաեւ էդ կա, որ չձգտենք անպայման նոր ու էքստրավագանտ գործերի, որոնք ոչ մեկն այդպես էլ չի հասկանում»։ Պրն Թոփչյանը շեշտը դնում էր նաեւ Հայաստանի կոմպոզիտորների նոր գործերի վրա. «Հիմա Հայաստանում ոչ ոք սիմֆոնիկ երաժշտություն չի գրում, որովհետեւ գիտեն, որ չի կատարվելու, եւ ուզում են, որ գրեն ու իմանան, որ կատարվելու է։ Գլուխգործոցները ստեղծվում են էն ժամանակ, երբ կոմպոզիտորները գրում են։ Մենք կատարելու ենք ե՛ւ հին, ե՛ւ նոր լավագույն ստեղծագործություններ, որոնք չեն կատարվել կամ քիչ են կատարվել։ Եթե 50 ստեղծագործություն գրվի, մեջը կլինեն թույլ, միջակ գործեր, 10%-ը կլինի լավ, 3%-ը՝ հանճարեղ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Լրիվ պատկերացնում եմ, թե ինչ վրդովմունք պիտի առաջացնի նրբաճաշակ Է. Թոփչյանի մոտ «ռաբիս»-ից փոխառնված այս վերնագիրս։ Սրանով ես մեկ անգամ եւս հաստատում եմ մաեստրոյի մոտ առաջացած այն տպավորությունը, որ մեր լրագրողները լավ երաժշտագետներ ու երաժշտական քննադատներ չեն։