ՆԵՐՔԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ ԼՂՀ պետմեղադրողն իր խոսքը լեռան առվակի էր նմանեցնում Երեկ ԼՂՀ Գերագույն դատարանում ավարտվեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատական վիճաբանությունների փուլը։ Առավոտյան ժ. 10.05-ից շարունակվեց Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ժուդեքս Շաքարյանի նախորդ օրը կիսատ մնացած պաշտպանական ճառը։ Այնտեղ, ի դեպ, շոշափվել էր եւ մյուս ամբաստանյալների ցուցմունքների հակասականությունը Ս. Բաբայանի մեղադրանքի համատեքստում։ Ամբաստանյալներից Վարդան Թաշճյանին ակնհայտորեն դուր չեկավ Ժ. Շաքարյանի ասածը, թե «Թաշճյանին զոհաբերելով փորձել էին հիմնավորել իրենց մեղադրանքը, զոհաբերել Սամվել Բաբայանին» եւ կամ. «Վարդանը դատարանում պարտաճանաչ աշակերտի նման մեղադրանքը կրկնեց», եւ նա տեղից «բո՜» բղավեց, իսկ դատավորը զգուշացրեց, թե պաշտպանը մեղադրում է մեկ ուրիշ ամբաստանյալի… Ժ. Շաքարյանն ասաց, որ ինքը պետք է շոշափի բոլոր ամբաստանյալների ցուցմունքները, որպեսզի տա գնահատականներ։ Եվ կան ցուցմունքներ, որոնք տրվել են ոչ կամովին, դեղերի ներգործության տակ։ Ի դեպ, երբ ռեպլիկի կարգով խոսք վերցրեց պետական մեղադրող Վ. Ավագյանը եւ զարմացած հարցրեց, թե բռնությունների հետ կապված, իրենք՝ ամբաստանյալներն ինչո՞ւ չեն դիմել դատախազությանը, տեղի տվեցին նախ Լեւոն Միրզոյանի նյարդերը, ապա՝ Սամվել Բաբայանի։ Լեւոնը ցույց տվեց ճակատի սպին, ասելով. «Էն ա, շռամը մնացել ա», իսկ Սամվելն ասաց՝ «10 ամիս է, ինչ էշի տեղ եք դրել բոլորին եւ լեկցիա եք կարդում»։ Մինչ այդ խրոխտ էր մեղադրողի խոսքը, եւ նա պաթետիկ ոճով ասում էր. «Իմ ելույթը նման է լեռան առվակի եւ ջրի, որ չի պղտորվում» եւ հորդորում էր մեզ, որ այն «մտքի քարություն չհամարեք»: Ապա փոխվեց, մեղմացավ։ Օգնության հասած դատավոր Ալեքսանյանը հորդորեց. – Բարդություն մի ստեղծեք։ Տեղից խոսեց եւ Սասունը։ Նա ասաց, որ ի վիճակի չի եղել որեւէ բան ասելու եւ քննիչի գրածի տակ ստորագրել է… Մեղադրողը դիմեց փաստաբաններին. «Ո՞ւր է խղճի դատարանը», եւ հանդիմանեց, որ, մեղմ ասած, նրանք պրոֆեսիոնալ մոտեցում ցույց չեն տվել… Ժուդեքս Շաքարյանը միջնորդեց, քրօրի մի քանի հոդվածներով անպարտ ճանաչել Սամվել Բաբայանին, իսկ քրօրի 268, 232 պրիմ, 90-ի 2-րդ մասերով գործն ուղարկել լրացուցիչ քննության եւ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը փոխել ստորագրությամբ։ Պաշտպանը միջնորդում էր նաեւ քրգործ հարուցել նախաքննական մարմնի նկատմամբ։ «Ես պահանջում եմ Ս. Բաբայանի կենսագրությունը չկեղտոտել»,- շարունակեց Ժ. Շաքարյանը։ Փաստաբանը ուշադրություն հրավիրեց Դավիթ Ղուլյանի, Խաչատուր Պետրոսյանի տված ցուցմունքների վրա, որոնք, ըստ նրա, «անուղղակի ապացույցներ էին»։ «Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ մեղադրող ցուցմունքներ տային Սամվելի մտերիմները՝ Սասունը, Էրիկը, Վարդանը»,- հարցրեց պաշտպանը եւ պատասխանեց անմիջապես. «Նրանց ցուցմունքներով կարժեւորվեր մեղադրանքը»։ Հետաքրքիր է, որ Ս. Բաբայանի դեմ ցուցմունք տվողները առերեսում չեն ունեցել նրա հետ։ Փաստաբան Ժ. Շաքարյանը մի ուշագրավ փաստարկ էլ հիշատակեց (ճիշտ եւ ճիշտ նման հոկտեմբերի 27-ի մասին նախապես իմանալուն). ազգային անվտանգության աշխատակից Ռազմիկ Շահրամանյանը «ականջի պոչով» Սասունից լսել էր. «Գիդըմ են պրեզիդենտ խփելը հեշտ է»։ Այսինքն, ԱԱ աշխատակիցը գիտեր «պրեզիդենտին թակելու մասին»։ Հիշենք նաեւ վկա Ռուդիկ Հյուսունցի դատարանում ասածը. «Մավրիկ Արարատովիչ, մենք հանդիպել ենք, ես Ձեզ նախազգուշացրել եմ, որ Սամվելի տղաները պատրաստ են անհեթեթության»։ Եվ ի՞նչ. դատարանն ու մեղադրողները այս կապակցությամբ էլ խուլուհամր ձեւացան։ Ընդմիջումից հետո ամբաստանյալների վերջին խոսքերն են սպասվում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ