Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանաբնակներս ընտելացել ենք արդեն, որ շաբաթը մի քանի օր պետք է հերթեր գոյանան ԱՄՆ դեսպանատան առջ

Փետրվար 15,2001 00:00

Ինչու են նվազում քվոտաները Հայաստանաբնակներս ընտելացել ենք արդեն, որ շաբաթը մի քանի օր պետք է հերթեր գոյանան ԱՄՆ դեսպանատան առջեւ եւ դա, կարծես, բնական է ընկալվում: Սակայն ոչ մեծ հեռավորության վրա ոչ պակաս եռուզեռ է հատկապես աշնանը, որտեղ ոչ թե պարզապես ԱՄՆ գնալ ցանկացողներն են հավաքվում, այլ ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում ուսանել կամեցողները:Դա ACCELS կազմակերպությունն է, որի հապավումը թարգմանաբար նշանակում է՝ Համագործակցության եւ անգլերեն լեզվի ուսուցման ամերիկյան խորհուրդների կազմակերպություն: Որ կազմակերպության իրականացրած ծրագրերի նկատմամբ մեզանում հետաքրքրությունը շատ մեծ է, վկայում է թեկուզ այն փաստը, որ տարեցտարի մեծանում է դիմորդների թիվը: Եթե անցյալ տարի ԱՄՆ-ում հետհամալսարանական կրթություն ստանալու համար դիմել է 574 հայաստանցի, ապա այս տարի արդեն այդ թիվը հասել է 642-ի: Դիմորդների շրջանակում նույնիսկ կատակում են, թե դա համահայկական ծրագրի է վերածվել: Ինչեւիցե, ինչպես տեղեկացանք կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն պարոն Ռեյ Ռիդերից, ամեն տարի ԱՄՆ բյուջեից Հայաստանին հատկացվող օգնության շրջանակում մի մասն էլ առանձնացվում է կրթական ծրագրերի համար, որպեսզի հետաքրքրվողները մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո, համաձայն իրենց ստացած վիզայի եւ ծրագրի բովանդակության, վերադառնան Հայաստան, տեղում գործադրելու համակարգերին վերաբերող սեփական գիտելիքները՝ լինի կառավարման, տեղական ինքնակառավարման, թե որեւէ այլ բնագավառում: Իսկ հետհամալսարանական կրթական ծրագրեր Հայաստանում սկսվել են իրականացվել դեռեւս 1992 թվականից՝ IREX-ի խողովակներով: Մինչեւ 1997-ը ԱՄՆ է ուղարկվել 48 հոգի: Ռեյ Ռիդերի մատուցմամբ, այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Թոմսոնի առաջարկով, թե Հայաստանը հետհամալսարանական հավելյալ տեղերի կարիք ունի, 1998-ից ամեն տարի ԱՄՆ է մեկնել տարեկան մի քանի տասնյակ մարդ: Բայց տարեցտարի այդ թիվը նվազել է: Եթե 1998 թվականին նշյալ ծրագրով /Էդմունդ Մասկի/ ուսումնառությունը ԱՄՆ-ում շարունակել է 69, 1999-ին՝ 57, ապա նախորդ տարի ԱՄՆ է մեկնել ընդամենը 42 մարդ: Այս տարի, ըստ էության, այդ թիվը կնվազի եւս երկուսով: Ինչո՞ւ: ACCELS, ինչպես նաեւ այլ ուսումնական ծրագրերի հայաստանյան համակարգող Սուսաննա Շիրինյանն ասում է, թե տվյալ դեպքում դեր է խաղում նաեւ ԱՄՆ ուսանելու մեկնած որոշ մարդկանց չվերադառնալու հանգամանքը, որոնք, անլեգալ պայմաններում մնալով այնտեղ, իրենց գիտելիքներին հարիր որեւէ աշխատանք չեն կարող անել: Իսկ չվերադարձածներ եղել են եւ դա վրացիների ու ադրբեջանցիների տարեցտարի ավելացվող քվոտաների խորապատկերի վրա: Այնինչ Ռուսաստանն ու Ղազախստանը սեփական ֆինանսավորմամբ են ուսանողներ ուղարկում ԱՄՆ-ի համալսարաններում սովորելու: – Այս պահին ծրագրերը փակելու մասին խոսակցություններն, իհարկե, ճիշտ չեն, բայց այսպես շարունակվելու դեպքում, նման հեռանկարը անխուսափելի չէ,- ասում է Ռեյ Ռիդերը,- եթե նրանք ուսումնառություն են անցնում Հայաստանին օգնելու համար եւ հետո հետ չեն վերադառնում, ապա ինչպես են օգնելու այս երկրին: Իսկ մենք այս խնդրին բախվում ենք գրեթե ամեն տարի, թեպետ յուրաքանչյուրի սովորելու համար ԱՄՆ-ի բյուջեից հատկացվում է 50 հազար դոլար: Սակայն մյուս կողմից էլ ACCELS-ի պատասխանատուները համաձայն չեն այն տեսակետին, թե այս ծրագրերը նպաստում են արտագաղթին: – Անշուշտ, կան արտագաղթելու նպատակադրում ունեցող դիմորդներ, բայց նրանք, սովորաբար, թույլ գիտելիքներ ունեցողներն են եւ չեն անցնում հաջորդ փուլ,- ասում է Սուսաննա Շիրինյանը,- եւ բացի այդ, ԱՄՆ-ում ուսանելն էլ դաժան փորձություն է, ու հարկավոր է դիմանալ ծանրաբեռնվածությանը: Այս ամբողջ ընթացքում ընդամենը 2 հոգի է, որ վատ ուսանելու պատճառով հետ է վերադարձվել, իսկ մյուսները բարեհաջող ավարտել են ուսումնառությունը: Բացի այդ, ACCELS-ը խրախուսում է վերադարձածներին, նրանց համար տարբեր գրանտների շրջանակներում աշխատելու հնարավորություն ստեղծելով: Տիկին Շիրինյանը վկայեց, թե բոլոր փուլերում էլ ուսանողների ընտրությունը կատարվում է ԱՄՆ-ում եւ ընտրության «հայկական սկզբունքի» կենսունակության մասին խոսակցությունները որեւէ լուրջ հիմք չունեն: Ամփոփելուց առաջ ասենք նաեւ, որ բացի հետհամալսարանական ծրագրերից, ACCELS-ը ԱՄՆ-ում ուսանելու այլ հնարավորություններ էլ է տալիս՝ դասընթացներ կան նաեւ դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների, դոկտորական հետազոտությունների, անգլերենի ուսուցիչների վերապատրաստման համար, որոնց արդյունավետ զարգացումը, ինչպես նկատելի է, ոչ միայն պետական, այլեւ հասարակական պատասխանատու վերաբերմունք է ենթադրում: Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել