Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ

Փետրվար 15,2001 00:00

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ՝ ՎԵՐԵՎԻՑ ՆԵՐՔԵՎ «ՀՀ առողջապահության ամբողջ համակարգը հիմնականում պահպանվում է հարկային մուտքերի հաշվին։ Որքա՞ն ժամանակ մեր հարկատուն անարդյունավետ օգտագործվող տարածքների համար պետք է հարկեր վճարի»,- ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանն այս փաստարկը բերեց երեկ ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման մասին խորհրդարանական լսումներին։ Օպտիմալացումը ենթադրում է բուժհիմնարկների միաձուլում, միավորում, ինտեգրացում, շենքերի եւ շինությունների ազատում, ավելորդ տարածքների օտարում, եղած հզորությունների արդյունավետ օգտագործում։ Անարդյունավետ օգտագործվող տարածքները ջեռուցման, պահպանության ծախսեր են ուզում, իսկ դրանք գնում են կամ պետբյուջեից (որի ձեւավորմանն այսպես թե այնպես բոլորս ենք մասնակցում), կամ բուժհիմնարկի աշխատած գումարներից։ Թեեւ նույնիսկ այս դեպքում որոշ բուժհիմնարկների ղեկավարներ գերադասում են ավելորդ տարածքները պահել՝ երեւի հուսալով ինչ-որ մի ժամանակ կոմունիստների վերադարձը։ Մենթալիտետի ոլորտից է նաեւ այն, որ «ցանկացած տկարության պահի դիմում ենք ավելի ծախսատար ծառայության՝ հիվանդանոցներ»։ Հանրապետության հիվանդանոցային մահճակալների պահանջարկը 23,169 է՝ ներկայիս 30 հազարի գոյության պայմաններում։ Օպտիմալացումն անուղղակիորեն կնպաստի բուժօգնության առաջնային օղակի՝ պոլիկլինիկային ծառայության զարգացմանը։ Նկատենք, որ օպտիմալացումը վերաբերելու է ոչ միայն տարածքներին, այլեւ կադրերին։ Այստեղ է սովորաբար բարձրանում ընդդիմախոսների աղմուկը։ Այն մտավախությունները, թե բուժհիմնարկների միավորման հետեւանքով բուժաշխատողներ են գործազուրկ դառնալու, կասկածելի են դառնում, երբ տեղեկանում ենք, որ հանրապետությունը դեռեւս 700 բժշկի կարիք ունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ բուժաշխատող կադրերով գերհագեցած է Երեւանը։ Հանրապետության բժիշկների 65%-ը կենտրոնացած է հենց մայրաքաղաքում։ Ընդ որում, տարբերություններ կան նաեւ ըստ մարզերի. որքան Երեւանից հեռու՝ այնքան քիչ բժիշկ։ Այս առնչությամբ կառավարությունն արդեն իսկ որոշում է ընդունել հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում աշխատող նորավարտ բժիշկներին ազատել ժամկետային զինծառայությունից։ Բացի այդ, կադրերի օպտիմալ վերաբաշխումից կօգտվի ընտանեկան բժշկի ինստիտուտը, որի ներդրումը «պոտենցիալ գործազուրկների» համար գործունեության դաշտ կբացի։ Առավել հետաքրքիր իրավիճակում է բուժհիմնարկների ադմինիստրատիվ կազմի հարցը։ Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի ադմինիստրատիվ մասը 71 հոգի է (լվացքատան լվացող բանվոր, կարող բանվոր, վարիչ, հաշվապահ, գանձապահ, գլխավոր հաշվապահ, գլխավոր գանձապահ եւ այլն), կրտսեր բուժաշխատողները՝ 140, միջին բուժաշխատողները՝ 106, բժիշկները՝ 69-ն են։ Ուռճացված ադմինիստրատիվ կազմը սնվում է բնակչության առողջության պահպանությանը նպատակաուղղված գումարներից։ Օպտիմալացման ծրագիրը, ըստ ժամանակացույցի, պետք է ներկայացվի մինչեւ այս տարվա հուլիսը։ Իսկ ինքնին ծրագիրը տարիներ է ենթադրում։ Սակայն մոդելն արդեն իսկ գործում է։ Օրինակ, Արմավիրում ուսումնասիրություններից հետո դիմել են առողջապահության նախարարություն՝ ծննդատունը հիվանդանոցի հետ միավորելու առաջարկով։ Ծրագրի իրականացման արդյունքում 5000 քմ տարածք է ազատվել, որի պահպանությունը ահռելի ծախսեր էր պահանջում։ Կոպիտ հաշվարկներով, եթե նույնիսկ հանրապետության բնակչությունը ինչ-որ հրաշքով հասնի 5 մլն-ի, այս «միավորված» հզորությունը լիուլի բավական կլինի։ Լսումների ժամանակ առողջապահության նախարարին ուղղված հարցերից արժե առանձնացնել, ինչպես ինքը ներկայացավ՝ «ազատ, անկախ էքսպերտինը», որը ցանկանում էր իմանալ, թե բյուջեի վրա չծանրանալու պատճառաբանությամբ ինչո՞ւ կրճատումներ չեն նախատեսվում հենց առողջապահության նախարարությունում։ Պարզվում է, որ դրա անհրաժեշտությունն էլ կա, կարիքն էլ, առավել եւս՝ «կտրուկ կրճատման»։ Տեսնենք, թե օպտիմալացման որ փուլում կընդգրկվի նախարարությունը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել