Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային

Փետրվար 15,2001 00:00

«ԻՆՉՔԱՆ ԿԱՏԱՐԵՔ, ԱՅԴՔԱՆ ԷԼ ԿՍՏԱՆԱՔ» Տարածքային կառավարման նախարարը հաշիվ տվեց Անդրանիկ Մարգարյանի վարչապետական նորամուծություններից մեկն էլ նախարարությունների հաշվետվությունները լսելն է։ Բոլոր նախարարությունները հաշվետվություն են ներկայացրել «նեղ-ընտանեկան միջավայրում»՝ նախարարների եւ մարզպետների ներկայությամբ։ Տարածքային կառավարման նախարարության հաշվետվությունը, ի տարբերություն մյուսների, տեղի ունեցավ բաց-հրապարակային, այսինքն՝ լրատվամիջոցների ներկայությամբ։ Ակնհայտորեն Արարատի նախկին մարզպետ Հովիկ Աբրահամյանին հրապարակավ գովերգելու անհրաժեշտություն կար։ Պարոն Աբրահամյանն իր հերթին ջանք չէր խնայել կարգին հաշվետվություն ներկայացնելու, բայց երկու ամսվա նախարարի արածն ի՞նչ պիտի լինի։ Ճիշտ նկատեց արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, երբ ասաց, որ հաշվետվությունից զգացվում է, որ մարզերի եւ համայնքների խնդիրները ներկայացնում է մի մարդ, որը ներքեւից է բարձրացել՝ համայնքապետ-քաղաքապետ-մարզպետ-նախարար։ Ընդհանրապես հաշվետվության ունկնդրման, քննարկումների եւ գնահատական տալու պրոցեսը հին խորհրդային կարգուկանոն էր հիշեցնում։ Մարզպետներն անթաքույց հայտնում էին, որ առաջվա նախարարի ժամանակ, եթե որեւէ օպերատիվ հարց լուծելու համար օրեր էին հարկավոր, այս նախարարի օրոք հարցերը հինգ րոպեում են լուծվում։ Հովիկ Աբրահամյանը, որպես իրեն հարգող եւ դրամի «ղադրն» իմացող նախարար, սկսեց բյուջետային գումարներից։ Ասաց, որ համայնքային բյուջեն կատարվել է 35 տոկոսով, նշանակում է համայնքապետերը վատ են աշխատում։ Եվ, ըստ Հովիկ Աբրահամյանի, իզուր են ոմանք պնդում, թե համայնքապետերի ջարդ է գնում, միայն 2000 թվականին անվստահություն է հայտնվել ընդամենը 19 համայնքապետի։ Ավելի ուշ, քննարկումների ժամանակ, Շիրակի մարզպետ Ֆ. Փիրումյանն ասաց, որ իր մարզում 115 համայնք կա, որոնցից 5 համայնքապետի անվստահություն է հայտնվել։ Պատճառը կրկին բյուջեն չկատարելն է։ Համայնքապետերից մեկը հողի հարկը հավաքել է «0» ամբողջ տոկոսով, այսինքն՝ համայնքապետն ինքն էլ գումար չի մուծել պետական գանձարան։ Անկարող համայնքապետից ազատվելու եւ նորերի ընտրելու հեռանկարը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այնքան էլ չի ոգեւորում։ Ընտրությունը եւս փող արժի։ Վարչապետն այլ ռացիոնալ առաջարկ արեց՝ նկատողություն թող տրվի, որեւէ այլ կերպ թող պատժվեն. «չհոգնեցի՞ք այդ ընտրություններից»։ Մարզպետները, մասնակցելով քննարկմանը, իրենց խնդիրներից խոսեցին։ Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանն առաջարկեց, որ կառավարության անդամները գոնե երեք ամիսը մեկ այցելեն իրենց մարզ։ Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանն էլ իր հերթին առաջարկեց հանձնաժողով ստեղծել, որը կգնա եւ մարզում կտեսնի օգտագործվող հողերի չափն ու վիճակը։ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն էլ հիշեց, որ «հարգարժան սպարապետն ասում էր՝ ինչքան որ բյուջեն կկատարեք, այնքան էլ կստանաք»։ Ինչը եւ պատրաստվում է անել Անդրանիկ Մարգարյանը՝ ընթացիկ ոչ մի պարտք, բյուջեն կլցվի՞ համայնքային փողերով՝ համայնքի հաշվին ֆինանսավորվողներն աշխատավարձ կստանան, չի՞ լցվի՝ մեղքը ձեր վիզը։ Ակամա մերձբալթյան մի ֆիլմ հիշեցի. կինն ամուսնուն համոզում է, որ իրեն մուշտակ գնի, համոզելիս ամուսնուն դիմում է «անուշիկ» բառով։ Ամուսնու համբերության բաժակը լցվում է. «Անուշիկս, անուշիկս, ի՞նչ անի անուշիկդ, անուշիկդ փող չունի»։ Հիմա ի՞նչ անեն խեղճ համայնքապետերը՝ գյուղացին փող չունի ո՛չ հողի, ո՛չ ջրի, ո՛չ էլ ուրիշ հարկերի համար։ Ուրեմն՝ ինչպե՞ս բյուջեն լցվի։ Բայց նախարար Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետը միանման պնդում էին՝ կտաք, կտանք. «այն համայնքապետը, որը 40 տոկոսով է բյուջեն լցնում, 40 տոկոսանոց համայնքապետ է»։ Արմավիրի մարզպետ Ա. Հերոյանը դժգոհեց, որ լրավճարները (դոտացիաները) համայնքներին հավասարաչափ չեն տրվում. «Այսինքն՝ խոսալու վրա ա, լավ տղա լինելու վրա ա, կամ ուրիշ մի բան»։ Նախարարները եւս որոշ առաջարկներ արեցին։ Հասկանալի է, որ ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության նախարարները ներկա չէին, եւ ոչ մի առաջարկ չունեին մարզպետներին, փոխարենը սոցապ, առողջապահության, կրթության, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարներից յուրաքանչյուրն ասելիք ուներ։ Կրթության նախարարն առաջարկեց դպրոցներին դիզվառելիք տալու հարցը վերանայել եւ վերջապես զբաղվել ջեռուցման հարցերը կարգավորելով։ Սոցապ նախարարն առաջարկեց ընտանեկան նպաստների ցուցակների թարմացմանը մասնակցել։ Գագիկ Մարտիրոսյանն էլ ջրային թեմաներ շոշափեց, ասելով, որ անցած տարում 38 տոկոսով հավաքվել է ոռոգման ջրի եւ 11 տոկոսով՝ խմելու ջրի վարձը։ Գյուղնախարար Զ. Գեւորգյանը հին-հին օրերի հուշով առաջարկեց տարածքային կառավարման նախարարության աշխատանքը գնահատել բավարար, իսկ Դավիթ Զադոյանը, գնահատական դնելը, թերեւս, ժամանակակից չհամարելով, ասաց, «գնահատականը չի կարեւոր, համոզված եմ, ճիշտ ուղի է բռնած, աշխատանքները ստացվելու են եւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել