ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՆ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանն «Առավոտին» իր գնահատականը հայտնեց «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունից առաջ մամուլում իրենց հետին թվով բացահայտումները հայտնող գործիչների մասին. «Այդ գործիչներից շատերն այժմ ասում են, թե իրենք դեռ ա՜յն ժամանակ գիտեին, որ նախաքննությունը ճիշտ ճանապարհով չի գնում, բայց չէին հայտարարում, որ չասեն, թե շահարկումները խանգարեցին գործի բացահայտմանը։ Ինձ թվում է, եթե դեռ այն ժամանակ գիտեին՝ պիտի աղմկեին այնպես, ինչպես աղմկում էին ընդամենը 2-3-ը։ Երբ առաջին անգամ տեղեկացել եմ, որ նախաքննության փուլում տեղի են ունենում օրենքի խախտումներ՝ փորձել եմ այդ մասին տեղեկացնել հասարակությանը, իզուր հույս ունենալով, որ այդ մարդիկ ինձ հետ միասին ձայն կբարձրացնեն։ Այժմ այդ գործիչները նմանվում են մարդկանց, որոնք կռվից հետո բռունցքներ են ճոճում: «Մենք գիտեինք» ասելը՝ հասարակական կյանքում որեւէ էական դեր չի խաղում եւ ընդհակառակն՝ դա նրանց դարձնում է մասնակից։ Ինչպես այն ժամանակ նրանք իրենց լռությամբ նպաստում էին նախաքննության սխալ ընթացքին (եթե այն սխալ է եղել), այսօր էլ իրենց գոռգոռոցով ու հարայ-հրոցով նպաստում են դեռեւս չսկսված դատավարության կասկածելի ընթացքին»։ Ա. Ի.