Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանի այս հայտարարությունը երեկ անցկացված

Փետրվար 15,2001 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ Քանի դեռ իշխանության ղեկին է Քոչարյանը ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանի այս հայտարարությունը երեկ անցկացված կլոր սեղանի ընթացքում հնչած հատուկենտ որոշակի ասելիք պարունակող պնդումներից մեկն էր։ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին դատողություններ ու գնահատականներ արտահայտողներին՝ ընդհանրապես, երեկվա կլոր սեղանի մասնակիցներին՝ մասնավորապես միավորում է մի հատկանիշ՝ նրանք խոսում են այդ մասին առանց գործի նյութերին փոքրիշատե ծանոթ լինելու, միայն սեփական վերլուծությունների եւ նախասիրությունների հիման վրա։ Այս գործը կարծես մի անոթ է դարձել, որի մեջ ով ինչ ցանկանում է՝ լցնում է։ Ներկա իշխանությունների խոսափողներն այն փորձում են կապել նախկինների հետ, նախկինները կապում են ներկաների հետ։ Երեկ ԱԱՊՎ-ի նախկին պետ Էդվարդ Սիմոնյանցը «Հոկտեմբերի 27»-ը դիտարկում էր աշխարհաքաղաքական ծիրին մեջ։ Կոմունիստ Նորիկ Պետրոսյանն ակունքը տեսնում էր այն, որ «Վազգեն Սարգսյանը գնում էր դեպի Ռուսաստան» եւ «ուղղակի վռնդեց ՆԱՏՕ-ի քարտուղարին»։ ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանը համարում էր, թե քանի որ «Միասնություն» դաշինքի ղեկավարները Հայաստանն ուզում էին դարձնել արդյունաբերական հզոր երկիր՝ լեռնամետալուրգիայի զարգացման ծրագրեր ունեին, այդ եղանակով հարված հասցվեց մեր տնտեսական վերելքի հնարավորությանը։ Իսկ «Հայոց տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանն էլ գտնում էր, որ 1999-ի մայիսին իշխանափոխություն էր իրականացվել, Ռոբերտ Քոչարյանը հայտնվել էր դիտորդի դերում եւ հոկտեմբերի 27-ին պետական հեղաշրջման փորձի միջոցով «իշխանության վերադարձավ այն կորցրած Ռոբերտ Քոչարյանը»։ Հայտնի չէ, թե վերոշարադրյալ վարկածներից որ մեկն է առաջնային կլոր սեղանի մասնակիցների համար, գուցե բոլորը միասին էլ ընդունելի՞ են։ Տպավորությունն այն էր, թե հայտնվել էիր մի տեղ, որտեղ անխտիր բոլորը գիտեն՝ ովքեր են «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները, դրդիչները եւ աջակիցները, բայց գրեթե ոչ մեկը բարձրաձայն չի ասում նրանց անունները։ Միայն Խորեն Սարգսյանը վերնագրում շարադրված միտքն ասաց, Պետրոս Մակեյանն ակնարկեց, որ կասկածում է Քոչարյանին, մեկ էլ Կարեն Ջանիբեկյանն ասաց. «Ինձ համար, ժողովրդի համար ակնհայտ է՝ ով է դա արել, ում ձեռքերով է արվել… Բոլորս էլ գիտենք, ենթադրում ենք, թե ով է սպանել»։ Կարեն Ջանիբեկյանին առանձին հարցրինք՝ իր ենթադրությամբ կազմակերպիչները ներքի՞ն, թե՞ արտաքին ուժեր են. «Չէ, ներքին, ի՜նչ արտաքին։ Միայն ներքին։ Այսպես է՝ օլիգարխներն են մասնակից, ուժային նախարարները եւ նախագահով սկսված բոլո՛րը։ Նրանք են սպանել»։ Սակայն, կլոր սեղանի ընթացքում, նման հասցեագրված մեղադրանքներ չհնչեցին։ Մասնակիցների ուժը պատում էր միայն իշխանական սանդղակում համեմատաբար ցածր դիրքեր զբաղեցնողներին անվանարկելու համար։ Ասենք, բանաստեղծուհի Անահիտ Քնարյանը նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի հասցեին ինչ ասես չասաց՝ էլ որ նա «ոտները քշտած Նաիրի Հունանյանի ամաններն է լվանում», էլ «մտահոգվում է՝ սուրճ խմե՞լ է, թե՞ չի խմել այդ ոճրագործը» եւ վերջապես. «Ես համոզված եմ, որ Պարույր Հայրիկյանը մեծ սիրով կկրակեր ե՛ւ Կարեն Դեմիրճյանի, ե՛ւ Վազգեն Սարգսյանի վրա»։ Սակայն ամփոփենք, թե ի վերջո ինչ որոշվեց այս ամբողջ խոսք ու զրույցից հետո։ Հայտարարություն ընդունվեց, որտեղ «լուրջ մտահոգություն արտահայտելով անցկացված քննության թերիության», «վճռականորեն դատապարտելով զոհերի վարկաբեկման եւ հանցագործների հերոսացման գործընթացների ծավալումը», «ոչ մի հիմք չունենալով հույսը դնել դատական համակարգի ինքնուրույնության եւ անաչառության վրա», հայտարարում էին. «Հանցագործությունը պիտի բացահայտվի։ Բոլոր մեղավորներն, առանց բացառության, պիտի պատժվեն»։ Նաեւ պայմանավորվեցին այս գործով լսումներ անցկացնելու, «Հոկտեմբերի 27»-ի հասարակական վերահսկողության կոմիտե ստեղծելու մասին։ Եվ, վերջապես, դատավարության անաչառ լուսաբանման նպատակով որոշեցին ստեղծել լրատվական ծառայություն։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել