Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀՈՂԸ

Փետրվար 14,2001 00:00

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀՈՂԸ Մինչ աշխարհի գործարարները գործ սկսելու համար խոշոր գումարներ են ներդնում, մի հայ, առանց որեւէ լումա ծախսելու, մեծ շահույթ է ստանում։ Վերջերս ԱՄՆ-ից վերադարձած մի դասախոս (չցանկացավ ներկայանալ, որպեսզի գյուտարարը չմեղադրի իրեն՝ գործին «խփելու» համար) պատմեց, որ այնտեղ իր բարեկամի հյուրասենյակի պատին հողով լի ցելոֆանե փաթեթ էր փակցված, վրան գրված՝ «Հայրենիքի հողը»։ Վերջինս հետաքրքրվել էր իր բարեկամից, թե որտեղից է այս փաթեթը, որն էլ պատասխանել էր, թե տարին երկու անգամ Հայաստանից մի երիտասարդ է գալիս, որի ճամպրուկները լեփ-լեցուն են նման ցելոֆանե փաթեթներով։ Մեծ փաթեթի արժեքը 5 ԱՄՆ դոլար է։ Սփյուռքահայ երիտասարդը նշել էր, որ իր բոլոր ծանոթները գնել են այդ փաթեթներից եւ այդպես փորձում են մեղմել հայրենիքի կարոտը։ Իսկ գյուտարարը մաքսատան հետ ոչ մի խնդիր չի ունեցել, քանի որ ներկրածն ընդամենը հող է։ Քրիստոնեության 1700-ամյակի թեմայով բիզնեսի այս ձեւը բավականին շահութաբեր է։ Կարելի է արտահանել ոչ միայն հայրենիքի հողը, այլ, ասենք, քարը, ջուրը, աղը… Իսկ Հայաստանի տարբեր քաղաքներից վերցված հողով պատրաստված փաթեթները՝ վաճառել տարբեր գներով։ Ասենք՝ Ղարաբաղինը՝ 4 ԱՄՆ դոլար, Երեւանինը՝ 5, Գյումրիինը՝ 3, իսկ ամենաթանկն էլ երեւի Էջմիածնինը՝ 7։ Ընդ որում, արտահանել է պետք այնպիսի քաղաքներ, որտեղ հայրենիքին կարոտած հայերը շատ են, եւ դրանք անմնացորդ կվաճառվեն։ Եվ քանի որ այս տարի քրիստոնեության ընդունման հոբելյանական տոնի հետ կապված Հայաստան են գալու շատ սփյուռքահայեր (ինչպես ասում են), ապա գործը անհամեմատ կթեթեւանա։ Այդ բիզնեսով կարող է զբաղվել ցանկացած հայ մարդ՝ օգտագործելով թեկուզ իր տան մոտ եղած հողը, քարը… Չէ, կարեւորը Հայրենիքի հողն է։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել