Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք պոլսահայերին

Փետրվար 14,2001 00:00

Հանգիստ թողեք պոլսահայերին Իր գաղափարները բոլոր կիսող-չկիսողներին ողջունելով՝ սփյուռքահայ պրոֆեսոր Պողոս Լեւոն Զեքյանը, որպես ծնունդով պոլսեցի, գտնում է, որ Ստամբուլում ապրող հայ համայնքի համար ամենալավ բանը կլինի այսօր հանգիստ թողնել նրան։ Համայնքն ինքը պետք է ընտրի եւ որոշի՝ ինչ անել այս վիճահարույց հարցի կապակցությամբ։ Պ. Զեքյանը կարծում է, որ համայնքին չպետք է հետագա նամակներով մեղադրել հարցի նկատմամբ պակաս շահագրգռված լինելու մեջ։ Եվ ահա թե ինչու։ 1. Եթե որեւէ երկրի էթնիկ փոքրամասնությունը անհրաժեշտություն է զգում հայտարարություն անելու (ինչպես դա եղավ հունվարի 30-ին), դա ինքնին նշանակում է, որ այդ երկրում դեմոկրատական պրոցեսներ են ընթանում։ Սակայն դրանք դեռեւս կատարելագործման տեղ ունեն, քանի որ այդ փոքրամասնությունը ինչ-որ ճնշման է ենթարկվել, ինչն էլ ստիպել է նրան հայտարարություններ անել։ 2. Հայտարարությունը ստորագրած անձինք խիստ իրազեկ են մեր լեզվի, մշակույթի, պատմության եւ հատկապես Մեծ եղեռնի հարցերին։ Նրանք հաստատապես շատ ավելի տեղյակ են, քան Արեւմտյան սփյուռքի ցանկացած ներկայացուցիչ։ 3. Հայտարարության արտահայտությունները (ինչպես նաեւ Պատրիարքի հայտարարությունը) խիստ մտածված են, դիվանագիտորեն ընտրված։ 4. Ստամբուլում (պատմական Պոլիս) հայկական ժամանակակից արվեստի Ոսկե՝ 19-րդ դարի հսկայական ժառանգություն է կուտակված։ Այս առումով Ալեքսանդրիան, Թբիլիսին եւ առավել եւս այդ ժամանակ գավառական փոքրիկ քաղաք Երեւանը չեն կարող համեմատվել Պոլսի հետ։ Ո՞վ կցանկանա, որ Ստամբուլի 60-70 հազարանոց հայությունը լքի իր քաղաքը։ 5. Թուրքիայի կառավարությունն ու լրատվամիջոցները շատ բուռն արձագանքեցին Ցեղասպանության խնդիրներին, սակայն դա պատճառ չէ՝ մոռանալու վերջին 10 տարում Թուրքիայում կատարված փոփոխությունները։ 15 տարի առաջ դժվար էր պատկերացնել, թե Հայերի ցեղասպանության խոշորագույն մասնագետ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը կարող է գնալ Թուրքիա եւ ազատ ասել այն, ինչ մտածում է։ Վստահ եմ, որ Ցեղասպանության շուրջ էլ Թուրքիայում շատ բան կփոխվի։ Դա միայն ժամանակի խնդիր է։ ԱՄՆ-ին 100 տարուց ավելի էր պետք ռասայական խտրականությունը վերացնելու համար։ Իմ թուրք ընկերներից մեկը 1978-ին ասաց, որ Ցեղասպանության շուրջ տաբուն դեռ երկար կմնա, սակայն հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերող շատ տաբուներ արդեն վերացել են 100 տարուց շատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել