Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է

Փետրվար 14,2001 00:00

ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է Իր վերջին ասուլիսում Սեդրակ Սեդրակյանը, դիմելով հատկապես «Առավոտի» թղթակցին՝ առաջարկեց. «Գնացեք սեփականաշնորհման նախարարություն եւ պարզեք. այդ ո՞նց եղավ, որ 12 մլն գնահատված գործարանը վաճառվեց 1 մլն 200 հազարով։ Գործարաններ կան, որ վաճառվել են 3 հազարով, 50 հազարով, 100 հազարով. արդյոք դրանք աշխատելո՞ւ են»։ Քանի որ ներկայումս սեփականաշնորհման նախարարություն չկա, այդ հարցերն ուղղեցինք պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանին. «Ըստ երեւույթին, խոսքը «Տրանզիստոր» գործարանի մասին է, որն ինչ-որ գումար (նա նշեց, թե խոսքը, համենայն դեպս, 12 մլն դոլարի մասին չի եղել.- Ա. Ի.) էր գնահատվել եւ վաճառվել, այո՛, 1 մլն 250 հազար դոլարով։ Բա՛յց։ Խնդիրն այն է, որ դրան զուգահեռ ներդրումների ծրագիր է առաջադրվել։ Միլիոնավոր դոլարների ներդրումներ են արվելու»։ Ակնհայտ էր, որ Սեդրակ Սեդրակյանն այս առաջարկն արել էր «Լույսն» ընդամենը 650 հազար դոլարով գնելու փաստին հակակշռելու համար։ Միքայել Մելքումյանը նաեւ այդ խնդրին անդրադարձավ եւ «Տրանզիստորի» հետ համեմատելը համարեց սխալ. «Պետք է զուգահեռներ անցկացնել «Լույսի» գնահատված արժեքի եւ ներդրումների ծավալների հետ։ Բացի այդ՝ իրար հետ անհամեմատելի են այս երկու ճանապարհները։ «Լույսը» մասնավորեցման ընթացակարգով չի անցել՝ գնացել է սնանկացման, հետո լուծարման ճանապարհով»։ Ինչ վերաբերում է 3-100 հազար դոլարով սեփականաշնորհված գործարանների մասին փաստարկին, պետական գույքի կառավարման փոխնախարարն ասաց. «Ոչ, այդպիսի բան չկա։ Գործարանները երբեք չեն կարող վաճառվել իրենց հաշվեկշռային արժեքի 25%-ից ցածր գնով»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել