Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էրեբունի քաղաքի ավերակներն այսօր գտնվում են ժամանակակից Երեւանի Նոր Արեշ եւ Վարդաշեն թաղամասերի միջե

Փետրվար 14,2001 00:00

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է Էրեբունի քաղաքի ավերակներն այսօր գտնվում են ժամանակակից Երեւանի Նոր Արեշ եւ Վարդաշեն թաղամասերի միջեւ վեր խոյացող այն բլրի շրջակայքում, որի բարձրության վրա պահպանվել է քաղաքի միջնաբերդը։ Պատմական աղբյուրների հավաստմամբ, այն եղել է ճարտարապետական համակառույց՝ իր փոխարքայական պալատով, տաճարներով, պահեստներով, ընդարձակ բակով, զորանոցներով, պաշտպանական պարիսպներով։ Անցյալ դարի կեսերին գիտնականները գտան Երեւանի օրրանը՝ նրա ծննդյան վկայականը, եւ այն հանձնեցին պատմությանը։ Նիկողայոս Մառը, Հովսեփ Օրբելին, Կոստանդին Հովհաննիսյանը եւ Մարգարիտ Իսրայելյանը կենդանացրին մեր քաղաքի պատմությունը, պատմական հուշարձանների վրայից սրբեցին ժամանակի փոշին եւ, վերծանելով սեպագրերը՝ ի լուր ամենքի ազդարարեցին, որ աշխարհի վրա Հռոմից բացի կա հնագույն մի այլ քաղաք, անունը՝ Երեւան։ Պատմական դաժան փորձությունների միջով անցած Էրեբունի-Երեւան ամրոցն այսօր կրկին ավերվում է. ավերվում է ժամանակի կործանիչ ազդեցությունից՝ մեր անտարբերությունից, շրջապատի մարդկանց անհոգի վերաբերմունքից, պետական հովանավորության բացակայությունից։ Նշյալ խնդիրների մասին հանգամանալից ծանոթանալու համար դիմեցինք թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մալխասյանին։ Թեկուզ պրն Մալխասյանի խոսքերով՝ «Առավոտ» օրաթերթը «բավականին կծու թերթ» է եւ, իր կարծիքով, ցանկացած հարցի վերապահումներով է մոտենում՝ հիշելով տարիներ առաջ Էրեբունի թանգարանի մասին տպագրված հրապարակումները։ Պրն Մալխասյանը՝ իմանալով, որ հրապարակումը «Առավոտի» համար է պատրաստվում, կարելի է ասել՝ զգուշավոր դարձավ։ Նրա հավաստմամբ, միջնաբերդի պահպանության հարցը բավականին բարդ եւ տարողունակ է, մի քանի տարիների ընթացքում հնարավոր չէ այդ խնդիրների լուծումը հասցնել ավարտին, որովհետեւ միջնաբերդը զբաղեցնում է ահռելի տարածք, եւ այս ամենը տասնյակ տարիների աշխատանք է պահանջում։ Իսկ այսօր կառավարությունը չունի այդչափ միջոցներ։ Միայն նորոգվում է այն տարածքը, որը իսկապես հրատապության շրջանակում է։ Թանգարանը՝ իր մասնաճյուղերով հանդերձ, սպասում է «Լինսի» հիմնադրամի օգնությանը, քանի որ պետք է ֆինանսավորվի 150 հազար, իսկ Շենգավիթի թանգարանը՝ 50 հազար դոլարի չափով։ Պրն Մալխասյանը խոսեց նաեւ Կարմիր բլուր եւ Շենգավիթ մասնաճյուղերի հիմնախնդիրների մասին, որոնք նույնչափ մտահոգիչ են, որքան իրենց կենտրոնը՝ Էրեբունին։ Ասաց, որ Կարմիր բլուրի շուրջ անընդմեջ պտտվում են խոսակցություններ, թե տարածքը վերածվել է գերեզմանատան. «Կարմիր բլուրի նախկին տնօրենին 1998-1999 թվականներին չարագործությունների համար հեռացրին աշխատանքից, 1999-2000թթ. ժամանակավոր նշանակվեց փոխարինող, բայց նա չէր զիջում իր նախորդին: Վերջնականապես գործը գտնվում է գլխավոր դատախազի վարույթում։ Քանի անգամ ինձ կանչեցին այնտեղ, եւ ես ցուցմունքներ եմ տվել, նույնիսկ խնդրել եմ, եւ իրավապահները եկել են, տեղանքը զննել սեփական աչքերով եւ համոզվել։ Վերջերս գերեզման փորելու ժամանակ գտել են բրոնզե դարի լավագույն նմուշներ, բայց տնօրենն անընդհատ պնդում է, որ տարածքը գերեզմանատան չի վերածվել եւ գործ էլ չունի։ Ինչեւէ, սա թողնում ենք դատախազության հայեցողությանը։ Բնակիչները իրենք են բողոք-առաջարկով հանդես գալիս, ուրախությամբ պետք է նշեմ, որ նրանք վերջին անգամ հանցանքի վայրում բռնվեցին։ Շենգավիթի հիմնախնդիրն էլ հետեւյալն է, որ վերջերս թաղապետարանի օգնությամբ կատարվել են պեղումներ եւ հայտնաբերվել պատմական հոյակապ հուշարձաններ, բայց չկա անհրաժեշտ հովանավորություն, որպեսզի պահպանվի։ Այսքանը թեւածող հիմնախնդիրների մասին եւ վերջում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ կազմակերպվող տոնակատարությունների մասին, որ տնօրենը դեռ հանգիստ է, սպասում է պետական այրերի միջամտությանը, հուսանք, որ այն էլ կգտնի իր հիմնավոր վերջաբանը։ Կարմիր բլուրի տնօրենը պնդում է, որ իրենք գործ չունեն եւ դոկումենտալ թաղում չեն կատարում։ Բայց հավատացած եղեք, եթե այդ նույնը մենք անենք, բնակիչները միանգամից կբռնկվեն, եւ թույլ չեն տա անգամ մեկ արկղ խնձոր թաղել միջնաբերդի տարածքում, որովհետեւ նրանք անընդմեջ կրկնում են, որ տարածքը պատկանում է իրենց։ Շենգավիթի հիմնախնդիրն էլ այն է, որ կան լավագույն պատմական նմուշներ, որոնք թաղապետարանի օգնությամբ կատարված պեղումների արդյունքներն են, բայց այժմ չեն կարողանում այն պահպանել, չկան միջոցներ»։ ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել