Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարյուրամյակ եւ նոր հազարամյակ ոտք դնելու առիթով հանրապետության

Փետրվար 14,2001 00:00

Կալանավորների աչքն արդեն ջուր դառավ Նոր հարյուրամյակ եւ նոր հազարամյակ ոտք դնելու առիթով հանրապետության կալանավորներն ու նրանց մերձավորները իրենց իսկ հարազատ պետությունից համաներում էին սպասում։ Այդ սպասումը մարդկային էր եւ հեշտացնում էր կալանքը, բարձրացնում պետության վարկը։ Իհարկե, բոլոր կալանավորները չէին ակնկալում, որ համաներման շնորհիվ փշալարերից այս կողմ կհայտնվեն, բայց գիտակցում էին, որ ոմանք կհայտնվեն իրենց ընտանիքներում, ոմանց պատժաժամկետն էլ կկարճանար եւ ընտանիք վերադառնալու հույսը կմեծանար։ Սակայն, ինչպես երեւում է, իշխանություններին, հատկապես նախագահի աշխատակազմին, այնքան էլ չի հետաքրքրում 6500 կալանավորների, նրանց մի քանի տասնյակ հազար մերձավորների համակրանքն ու հավատը, այլապես ինչո՞ւ պիտի նախագահի կողմից կասեցվեր այնպիսի խնդրի կարգավորումը, որին սպասում էին հազարավոր մարդիկ՝ ընտանիքներ, երեխաներ ու ծնողներ։ Դեռ ավելին, համաներման սկսված գործընթացի կասեցումը ՀՀ նախագահի կողմից չափազանց բացասաբար է անդրադառնում իր իսկ իմիջի վրա, իսկ կալանավորների շրջանում, իրենց բառերով ասած՝ ամրանում է այն տպավորությունը, որ «սրանք էլի մեզ կուտ տվին, բարձրախոսներով խոսելով խնդրի կարգավորման մասին, Եվրախորհրդի աչքին թոզ փչեցին, խաբեցին ե՛ւ մեզ, ե՛ւ նրանց»։ Ասում են, թե համաներման ենթակա հոդվածների մասին տեղեկատվության արտահոսք է եղել եւ որոշ իշխանավորներ փորձել են օգտվել դրանից։ Այս պատճառով էլ ՀՀ նախագահի կողմից կասեցվել է համաներման գործընթացը։ Ծիծաղելի պատճառ։ Կալանավորները լավ գիտեն, թե ո՞ր հոդվածների նկատմամբ կարող է համաներում լինել եւ այն մարդիկ, ովքեր սկսել էին հավատով ներշնչվել այս պետության մարդասիրական քաղաքականության հանդեպ, ինչո՞ւ պիտի հուսախաբ լինեն եւ պատժվեն ինչ-որ չինովնիկի բացբերանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով։ Կալանավորները ոչ միայն մամուլից լավ գիտեն, թե քանի պատգամավոր է ստորագրել նախագահին ուղղված համաներում հայտարարելու դիմումի տակ, այլեւ գիտեն, որ Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ՝ նույնիսկ Վեհափառ Հայրապետն է համաներում հայտարարելու վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ նախագահին, գիտեն նաեւ, որ սկզբնական շրջանում ՀՀ նախագահը դրականորեն է տրամադրված եղել եւ… այսքան բանից հետո՝ «Նաջարյանը փոշմանել ա»։ Դեռ 2000 թ. հունիս-հուլիս ամիսներին կալանավորները սպասում էին, որ «Քրեական օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարվելիք բարեփոխումների արդյունքում ոչ մեծ հանցագործություններ կատարած մոտ 800 դատապարտյալներ կվերադառնան իրենց տները։ Սակայն կալանավորների ու նրանց մերձավորների աչքը ջուր դառավ, իսկ բարեփոխումներն էլ չկան ու չկան։ Իսկ ամենատարօրինակն ու զարմանալին այն է, որ Քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակը ամբողջ աշխարհի աչքի առաջ կազմակերպող պետությունը իր նեղյալ զավակների հանդեպ չի ուզում ցուցաբերել քրիստոնեական վերաբերմունք։ Հ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել